Քաղաքականություն

Փողին մուննաթ…

Փողին մուննաթ…

Ժողովուրդ ջան, մեղքս ինչ թաքցնեմ… Իմանալով, որ ՔՊ-ի նախընտրական ցուցակ ընկնելը դարձել է փողով, բանկից վարկ վերցրի ու գնացի դուզ ՔՊ-ի գրասենյակ: Ինձ կընդգրկե՞ք, հարցրի, փողն էլ բերել եմ, քյաշ: Սրանք, թե՝ այ բարով եք եկել, պարոն Անդրեասյան, համեցեք, նստեք, կոֆե կխմե՞ք: Սիրով` ասացի ու տնավարի տեղավորվեցի բազկաթոռի մեջ: Ես ինձ ճիշտ այն միլիոնատիրոջ պես էի զգում, որ մտնում է հյուրանոց, ու լաքեյներն սկսում են չորս կողմը ֆռֆռալ՝ պարոն, տվեք Ձեր ճամպրուկը, օյ, այս ի՞նչ թել է կպել Ձեր վերարկուին, թույլ տվեք վերցնել Ձեր գլխարկը… Կոշիկները հանեք, առավոտյան մենք փայլեցրած կբերենք Ձեր համարը… Դե, դա բնական է: Օրը ցերեկով, 1.5 միլիոնը գրպանումս մտել էի ՔՊ-ի գրասենյակ՝ լավ չզգայի՞ ինձ: Բերին, սեղանը լցրին՝ միրգ, քաղցր, չրեղեն, ֆըստըղ, բուրումնավետ սուրճ… Կարճ փեշով մի աղջիկ, թե՝ պարոն Անդրեասյան, Դուք օգտվեք, մինչեւ մենք թղթերը դասավորենք, բայց գումարը կարող եք հիմա տալ: Խնդրեմ, խնդրեմ, կարող եք չհաշվել, ինձ մոտ՝ ինչպես բանկում: Միայն թե անդորրագիր տվեք… «Այո, իհարկե, դրամարկղի կտրոն էլ կտանք»,- ասաց աղջիկն ու գումարը թռցրեց ձեռքիցս:

Սուրճս էի վայելում, մեկ էլ դռան հետեւում աղմուկ լսվեց: Պարզվեց՝ գրեթե միաժամանակ, նույն հարցով գրասենյակ էին մտել Նիկոլը, Ալենը եւ Ռուբեն Ռուբինյանը: Նախասրահում նրանց խնդրել էին սպասել: Ասել էին՝ ներսում 1.5 միլիոնանոց քաղաքացի կա, նրա հետ վերջացնենք՝ ձեզ էլ կընդունենք: Ո՞նց թե, անակնկալի էր եկել Նիկոլը, մերն առանց հերթի չի՞: Ալենն ու Ռուբինյանն էլ սկսել էին աղմկել, թե՝ մենք ԱԺ-ն թողել ենք անտեր, հասել ենք այստեղ, որ հիմա մեզ ասեք «նյե՞տ»: Բայց մենք ի՞նչ կարող ենք անել՝ արդարացել էր նախասրահի աղջիկը, մարդն արդեն քյաշ փողը տվել է, թղթերն են ձեւակերպում, հո չե՞նք կարող կիսատ թողնել: Սրանց վեճի վրա ես ինձ ավելի միլիոնատեր էի զգում… Երկու «Սկյուռիկ» կոնֆետ ներս գցեցի, վրայից էլ հավեսով մի լավ ֆըռթ արի սուրճս: Քիչ անց կարճափեշ աղջիկը թղթերով մոտեցավ.
- Պարոն Անդրեասյան, այստեղ ստորագրեք, խնդրեմ: Համակարգչի վիճակահանությամբ Դուք մեր ցուցակի առաջին համարն եք, շնորհավորում եմ:
- Ե՞ս, ՔՊ-ի առաջին համա՞ր… Աղջիկ ջան, ձեռ ես առնո՞ւմ, բա Նիկո՞լը:
- Նիկոլն ի՞նչ… Փողին մուննաթ, պարոն Անդրեասյան, ով շատ տվեց, նա էլ առաջինը կլինի: Դուք մեր առաջին 1.5 միլիոնանոց հաճախորդն եք, Նիկոլն ու մյուսները 500 հազար են տալու:
- Ինչո՞ւ, փող չունե՞ն…
- Չէ, կարգն է այդպես, ՔՊ-ականները 500 հազար են մուծվելու: Եթե համակարգիչը նրանց 3-րդ հարյուրյակում էլ տեղ տա, էլի լավ է:
- Փաստորեն, հերթը մեծ է…
- Այո, մտածում ենք 300 հոգու ընդգրկել… Խնդրեմ, սա՝ անդորրագիրը, սա էլ՝ դրամարկղի կտրոնը:
- Վե՞րջ:
- Այո… Ի դեպ, առաջիկայում տիկին Աննա Հակոբյանը նախընտրական ընթրիք է կազմակերպելու, չէի՞ք կամենա մասնակցել: Մուտքը 2.5 միլիոն է, ընթրիքի ժամանակ էլ ինչ-կտաք՝ կտաք: Այն էլ ասեմ, որ դա կմեծացնի Ձեր շանսերը՝ ամրապնդվելու ՔՊ-ի ցուցակի առաջին հնգյակում:
- Շատ բարի, աղջիկ ջան, ես կմտածեմ այդ ուղղությամբ: Տիկին Աննային ասեք, որ ընթրիքին իմ մասնակցությունը պայմանավորված կլինի ռեստորանի «կլասով», թող կարգին ռեստորան վերցնի, ես ամեն ռեստորան չեմ գնում…
- Շատ լավ, պարոն Անդրեասյան, ես կփոխանցեմ: Իսկ հիմա՝ ցտեսություն, դրսում սպասող կա, կներեք…
- Այո, իհարկե, ես ձեզ չեմ խանգարի, միայն թե խնդրում եմ՝ նախասենյակում սպասող այն 3 հոգուն մի բանով զբաղեցրեք, մինչեւ ես դուրս գամ… Ո՛չ երեսներն եմ ուզում տեսնել, ո՛չ էլ, առավել եւս, խոսքի բռնվել…
- Այդ դեպքում մեր շտաբի պետի սենյակով դուրս եկեք:
- Արայիկ Հարությունյանի՞… Աղջիկ ջան, դու ինձ էլի ձեռ ես առնո՞ւմ…
- Քավ լիցի, պարոն Անդրեասյան, Արայիկ Հարությունյանը տեղում չէ, օդը մաքուր է, եկեք, ես Ձեզ կուղեկցեմ… 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image