Քաղաքականություն

Ինչ է կատարվում հայ-ադրբեջանական կարգավորման ճակատում

Ինչ է կատարվում հայ-ադրբեջանական կարգավորման ճակատում

Մինչ եվրոպացի եւ ամերիկացի դիվանագետները սկսել են ավելի հաճախակի այցելել Երեւան եւ Բաքու, Մոսկվան բավականին անհանգիստ հայտարարություններ է անում, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է, եթե տարածաշրջանից դուրս գտնվող երկրները չմիջամտեն։ Այս ֆոնին վերստին խոսակցություն է գնում, որ առաջիկայում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։

Թե՛ Երեւանը եւ թե՛ Բաքուն գոնե հանրային խոսքի մակարդակում պատրաստակամություն են հայտնում՝ կարգավորելու հարաբերությունները եւ ստորագրելու խաղաղության պայմանագիր։ Սակայն, անկախ հանրային հասանելի տիրույթում հնչող հայտարարություններից եւ ապագա խաղաղության պայմանագրի առնչությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ առաջարկների փոխանակության մասին տեղեկություններից, կարծես դեռեւս լուրջ տեղաշարժեր չկան։ Թեեւ չենք բացառում, որ դրանք, հաշվի առնելով խնդրի նուրբ էությունը, կան, սակայն, ինչպես ասում են, «յոթը կողպեքի տակ» գաղտնի են պահվում՝ «չար աչքից ու չար նավսից հեռու», մինչեւ որ հասունանա հանրայնացնելու պահը։ Չնայած ժամանակին Նիկոլ Փաշինյանը երդվում էր՝ չի կարող այնպես լինել, որ մի օր արթնանաք եւ տեսնեք, որ նման կարեւոր հարցում ես որոշում եմ կայացրել՝ առանց ձեզ տեղեկացնելու։

Ինքնին հասկանալի է, որ ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ Ռուսաստանը շահագրգռված են, որ Հարավային Կովկասում իրավիճակը լինի կայուն եւ հանդարտ։ Դրա համար էլ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Վաշինգտոնը, ե՛ւ Բրյուսելը փորձում են «հարթեցնել» ժամանակ առ ժամանակ Բաքվի եւ Երեւանի միջեւ հայտնված «սուր կողմերը» եւ աշխատում են, որ բարձր մակարդակի բանակցություններին որոշակի տեմպ հաղորդվի։ Արեւմուտքն այս առումով կարծես կարողանում է առայժմ նախաձեռնողականությունն իր ձեռքում պահել։ Հիշատակենք Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկի վերջին այցելությունը Երեւան եւ Բաքու, ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան հարցերով բանակցությունների հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյի այցելությունը Երեւան, ով առաջիկայում նաեւ Բաքու է մեկնելու։ Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի, Հարավային Կովկասի խաղաղության հարցում գործում է համաձայնեցված։ Նրանց համար առաջնայինը Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի՝ Վաշինգտոնում կամ Բրյուսելում ստորագրումն է։ Ընդ որում՝ կարեւոր է, որ հանկարծ այդ պայմանագիրը Մոսկվայում չստորագրվի։

Արեւմուտքի համար Ռուսաստանին Հարավային Կովկասից հայ-ադրբեջանական կարգավորման խաղաքարտով դուրս մղելու հարցն այն աստիճան է կենսական, որ ընդհուպ Մեծ յոթնյակն է արտահայտվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման մասին, հասկանալի է՝ Արեւմուտքին վերապահելով խաղաղարարի դափնիները։ Ներկայում շրջանառվում է այն տեղեկությունը, թե Փաշինյանն ու Ալիեւը հանդիպելու են նոյեմբերին, թեեւ այդ հանդիպման առնչությամբ որեւէ կոնկրետություն դեռ չկա։ Ռուսաստանը, բնականաբար, այս ամենը տեսնում է, եւ արդեն Մոսկվայի համար է կենսական կարեւորություն՝ թույլ չտալ եվրաամերիկյան դիվանագիտության հաղթանակը կովկասյան տարածաշրջանում։ Մոսկվան շարունակում է աշխատել Երեւանի եւ Բաքվի հետ՝ համաձայնեցնելու խաղաղության պայմանագրի պարամետրերը։ Մոսկվայից առաջին էշելոնի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարվում է, թե Մոսկվան ջանքեր է գործադրում, որ Երեւանն ու Բաքուն ստորագրեն համապարփակ խաղաղության պայմանագիր, իրականացնեն սահմանագծում եւ բացեն տրանսպորտային հաղորդակցության ուղիները։

Բացի այդ, ըստ նույն հայտարարությունների, Մոսկվան ստեղծում է տնտեսական պայմաններ՝ կարգավորման համար։ Այս իրավիճակում ո՞ր հարթակներն են ընտրում կողմերը՝ Երեւանն ու Բաքուն։ Դատելով առկա միտումներից՝ Բաքուն ավելի հակված է ընտրելու ռուսական հարթակը, Երեւանը՝ արեւմտյան։ Այստեղ աչքի են զարնում Հայաստանի իշխող քաղաքական մեծամասնության մոտ առկա ընդգծված հակառուսական դիրքորոշումն ու հռետորաբանությունը, հանգամանք, որը չի կարող վրիպել նաեւ Մոսկվայի հայացքից։ Սրան զուգահեռ, Հայաստանի հարաբերությունների զգալի սերտացումը Ֆրանսիայի հետ առաջացնում է որոշակի հակազդեցություն Մոսկվայում եւ հիստերիկ ջղաձգումներ՝ Բաքվում։ Այս ընդհանուր իրադրության պայմաններում, հանուն Հարավային Կովկասի մրցակցային սուր պայքարը՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, շարունակվում է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image