Հաշվել իմացող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի հասկանում է, որ 150-ը 100-ից մեծ է, ու եթե սկսի 150 դրամ վճարել քաղաքային տրանսպորտով մեկ երթեւեկության համար, ստիպված է լինելու որոշ ծախսեր կրճատել, օրինակ՝ 2 հաց պակաս գնել, թոռնիկին կոնֆետ չառնել, լույսը քիչ վառել, շաբաթը ոչ թե 2, այլ 1 անգամ լողանալ, ձուն թերխաշ ուտել, որ գազ խնայի: Էն էլ կա, որ 100-ի փոխարեն 150 դրամ վճարելու դեպքում ոչ ոք իրեն չի պարգեւատրելու, շնորհակալություն չի ասելու: Նույն այդ պետությունը, որը, ըստ Նիկոլի, եկել, փարվել է մեզ, խնդրում- աղաչում է, որ մի քիչ շատ հարկուտուրք տանք, բերանը չի բացելու, ասի՝ ապրես, Պողոս ջան, կեցցես, որ 150 դրամ ես վճարել տրանսպորտի համար: Տպավորություն է ստեղծվում, որ Պողոսը պարտավոր է 150 վճարել 100-ի փոխարեն: Եվ Պողոսը, որ հաշվել գիտի, տրամաբանական հարց է տալիս՝ ինչո՞ւ:
Քաղաքապետարանից արդեն քանի ամիս է՝ նույն պատճառն են բերում՝ բարեփոխել ենք, նոր ավտոբուսներ ենք առել: Շատ բարի: Իսկ ո՞ւմ փողով եք առել այդ ավտոբուսները, ձեր անձնակա՞ն: Ոչ: Այսինքն՝ Պողոսի փողերով եք առել, էն Պողոսի, որ տասնամյակներ շարունակ 100 դրամ է վճարել տրանսպորտից օգտվելու համար: Հիմա դուք գնացել, Պողոսի փողերով Պողոսի համար ավտոբուս եք առել եւ ուզում եք Պողոսի վրա թանկ գնո՞վ ծախել: Գոնե մի հատ հարցնեիք՝ Պողոս, քեզ ՄԱՆ ավտոբուս պե՞տք ա, «Ժոնգթոնգ», «Յութոնգ», նոր տրոլեյբուս, որ առանց կոտոշների էլ է գնում, էդ ժամանակ Պողոսը կասեր՝ այո, պետք է, բայց 100 դրամ եմ տալու, կներես` ավելին տալ չեմ կարող: Դուք էլ, բնականաբար, կհաշվարկեիք՝ արժե՞, թե՞ չարժե բարեփոխել Պողոսի տրանսպորտը: Մի ցավոտ հարց էլ ես տամ՝ իսկ մետրոյի ի՞նչն եք բարեփոխել, որ ավտոբուսի հետ թանկացրել եք: Կայարա՞ն եք կառուցել, նոր շարժակազմե՞ր եք երթուղի մտցրել, կայարաննե՞րն եք վերանորոգել, օդափոխությո՞ւնն եք կարգավորել, սելավների՞ց եք ապահովագրել: Բա ասում եք՝ Պողոս, մետրոյի համար էլ 150 տուր: Պողոսը, ախր, կհարցնի՝ ինչո՞ւ:
Կուզենայի հասկանալ նաեւ, թե ինչպես մեկ գիշերվա մեջ Ավինյանն այնքան փող ճարեց, որ տրանսպորտի սակագինը 300-ից իջեցրեց 150-ի: Պատահաբար կախարդական փայտիկ չունե՞ք, պարոն Ավինյան: 150-ը, ախր, 300-ի ուղիղ կեսն է: Կարո՞ղ եմ ենթադրել, որ իրականում ոչ մի հաշվարկ էլ չեք արել: Մտածել եք՝ դե, մեր Պողոսն է, 300-ը տվեց՝ տվեց, չտվե՞ց՝ 150 կիջեցնենք: Այսինքն՝ շատ ասենք, որ իջնելու տեղ ունենանք: Եվ դուք այդ ուղեղով իշխանությո՞ւն եք: Հիշում եմ․ բոշա կանայք մաստակը 20 կոպեկ էին ասում, վերջը 5-ով տալիս էին: Ձեր արածն էլ է հիմա բոշայություն: Ու եթե Պողոսը 150 չտա, գիտեմ, վերջը խնդրելու եք, որ գոնե 100 տա: Սա լոգիկա է: Այդ 100-ն էլ լիուլի բավարար է, որ դուք ոչ միայն նոր ավտոբուսներ բերեք, այլեւ ինքներդ ձեզ ճոխ աշխատավարձ ու պարգեւավճար բաժանեք, գործուղումների գնաք եւ այլն:
Չեմ բացառում, որ կգտնվեն ՀՀ քաղաքացիներ, որոնք ոչ միայն 150, 300 կվճարեն, այլեւ կուզենան ավելին անել Երեւանի տրանսպորտի համար: Օրինակն ինձ վրա բերեմ՝ նեղացող չլինի: Ես հազվադեպ եմ օգտվում քաղաքային տրանսպորտից, եւ ամեն անգամ, երբ ավտոբուս եմ նստում կամ իջնում մետրո, մտքովս անցնում է, շատ չէ, հազար դրամ տալ: Պարզվում է՝ հնար չկա, ու ես էլ էն գծուծ Նիկոլի պես 100 դրամ պիտի տամ, որ տոմս առնեմ: 100 դրամ էր տվել՝ էն ինչքա՞ն խոսեց, այ մարդ. հարմար է, արագ է, մատչելի է… Վարչապետ մարդ էիր, մի 1000 դրամ չկա՞ր գրպանումդ, որ տայիր ու այդքան չխոսեիր:
Ի՞նչ եմ առաջարկում: Պարոն Ավինյան, որպեսզի «բարեփոխյալ» տրանսպորտի խնդիրների պատճառով Պողոսը ոտքի չկանգնի եւ անկարգություններ չհրահրի մայրաքաղաքում, հրաժարվեք նաեւ 150 դրամից:
Սակագինը թողեք Պողոսի խղճին՝ ինչ կտա՝ կտա: Վստահեցնում եմ՝ 100-ից պակաս ոչ ոք չի տա, իսկ ով էլ ավել տա, վնաս չունի: Մենք ենք՝ մեր քաղաքը: Դրա համար ավտոբուսներում տեղադրեք հին ու բարի ժամանակների դրամարկղեր, որոնց վերեւի մասը թափանցիկ էր: Մարդը բարձրանում էր տրանսպորտ, մետաղադրամը գցում արկղի մեջ, պտտում կլոր բռնակը եւ կտրում դուրս եկած տոմսը: Տարեցները շատ լավ կհիշեն, թե ինչի մասին եմ ասում: Այդ արկղի մեջ կարելի է գցել ինչպես 100, 200, 500 դրամանոց, այնպես էլ 1000, 2000, 5000 արժողությամբ թղթադրամ եւ կտրել ընդամենը մեկ տոմս, եթե մենակ ես: Ինչպես տեսնում եք՝ վարորդին ոչ ոք փող չի տա, կոռուպցիոն ռիսկ չկա, իսկ ձեր տեսախցիկներն ու մյուս քաղաքացիների ուշադիր հայացքներն էլ կհսկեն, որ հանկարծ որեւէ Պողոս անվճար չերթեւեկի: Հիշեք, արկղի վերեւի հատվածը թափանցիկ է, ու շատ լավ երեւում է՝ քաղաքացին վճարե՞ց, թե՞ ոչ: Ուզո՞ւմ եք կիրթ հասարակություն ունենալ, արեք այս բարեփոխումը, ուզո՞ւմ եք ավելի լավ Երեւան ունենալ, գնացեք այս քայլին: