Այն փաստը, որ Գիտությունների ազգային ակադեմիայի գլխավոր մուտքի դռները չբացվեցին Բագրատ սրբազանի ու «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակիցների առջեւ, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց, մասնավորապես այն, որ հրահանգ է իջեցվել՝ թույլ չտալ, որ սրբազանի գլխավորած երթը մտնի ակադեմիա: Որպես փաստարկ, ԳԱԱ անվտանգության աշխատակիցն ասել էր, որ սա հատուկ պահպանվող տարածք է, եւ եթե ղեկավարությունը թույլ տա, ներս կթողնեն, ինչին Բագրատ սրբազանը որոշել էր չառարկել եւ շարժվել էր ԳԱԱ Պատմության ինստիտուտ, որտեղ նրան ծափողջույններով էին դիմավորել եւ ընդունել։
ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այդ ժամանակ ակադեմիայում չի եղել, այլ համալսարանում՝ իր ասպիրանտի նախապաշտպանությանը։ «Բայց իրենք եկել են, սկզբում գնացել են Պատմության ինստիտուտ, որից հետո այցելել են ակադեմիայի նախագահություն, սրբազանը քանի հոգու հետ որ ցանկացել է, մտել է նախագահության շենք, իրեն դիմավորել է ակադեմիայի փոխնախագահը՝ ակադեմիկոս քարտուղարների հետ, ծանոթացել են, խոսել են, հրավիրել են ներս՝ մեր կլոր դահլիճ։ Ուղղակի սրբազանը՝ ժամանակ չունենալու պատճառով, շտապում էր, ասել է, որ իրեն սպասում են, դրա համար շրջել են նախագահության շենքում, ծանոթացել մեր ցուցահանդեսներին, խոսել են ակադեմիայի խնդիրների, գիտության նոր փոփոխությունների մասին, դրա մեջ ակադեմիայի դերակատարման մասին։ Սրբազանը, ինչպես ինձ փոխանցեցին, բարձր է գնահատել ակադեմիայի դերը մեր պատմության մեջ, եւ դրանով ամեն ինչ ավարտվել է»,- ասում է Աշոտ Սաղյանն ու մեր հարցին ի պատասխան, թե ինչու են ակադեմիայի դռները փակ եղել, ԳԱԱ նախագահն ընդգծում է, որ ակադեմիան այն կազմակերպությունների ցանկում է, որոնք պետական ծառայությունների կողմից են հսկվում, եւ գործում է անցագրային ռեժիմ, ըստ այդմ՝ ներս մտնելու համար անցագիր է պահանջվել։
«Որեւէ արգելք կամ որեւէ հրահանգ նախագահության կողմից չի եղել, որ դռները փակեն, ընդհակառակը՝ ես, իմանալով, որ իրենք պետք է առավոտն այցելի, զանգել եմ փոխնախագահին, ասել եմ, որ բոլոր դռները պետք է լինեն բաց։ Ոչ մի արգելք չի եղել ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ու ապագայում, ուղղակի ակադեմիան համալսարանների նման չէ, որ դռները միշտ բաց լինեն, այստեղ մենք չենք հսկողը, բայց որեւէ հրահանգ որեւէ մեկի կողմից չի եղել՝ դռները փակելու։ Ու զարմանում եմ, թե ինչու են տարածել, որ ակադեմիան դռները չի բացել, իրականությունն այլ է, եւ մենք այն կառույցը չենք, որ դռներ փակենք»,- ընդգծում է ԳԱԱ նախագահն ու շտապում հավելել, որ սրբազանն իր այցելության ժամանակ ոչ մի քաղաքական հարց չի քննարկել, ուղղակի ծանոթացել է ակադեմիայի գործունեությանը, նշել, որ ինքն էլ է ժամանակին գիտությամբ զբաղվել, համագործակցել ակադեմիայից շատ մարդկանց հետ, նաեւ բարձր գնահատել ակադեմիայի դերը, բայց որեւէ քաղաքական քննարկում, ինչպես իրեն են տեղեկացրել, չի եղել։
Նախօրեին Բագրատ սրբազանը Հանրապետության հրապարակում մի քանի կետով ներկայացրել էր համազգային շարժման հետագա քայլերը՝ նշելով, որ պետք է կասեցվի մի շարք վիճահարույց եւ անհեթեթ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն ամբողջությամբ։ Այս առիթով Ա. Սաղյանը նկատեց․ «Այդ հարցին մենք բազմիցս անդրադարձել ենք, ակադեմիական քաղաքը լավ ծրագիր է, ուղղակի մենք դեմ ենք այն սկզբունքին ու մեխանիզմին, որով ուզում են գիտահետազոտական ինստիտուտները միացնել բոլոր բուհերին, մենք դրան ենք դեմ եւ սրա հետ կապված՝ մեր դիրքորոշումն արտահայտել ենք»։
Ինչ վերաբերում է շարժմանը, որ սկիզբ առավ Տավուշից եւ այս օրերին ավելի մեծ թափ է հավաքում Երեւանում, ապա Ա. Սաղյանը խուսափեց որեւէ գնահատական տալ շարժմանը եւ ասել՝ արդյոք աջակցո՞ւմ է դրան, թե՞ ոչ։ «Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ ես դրա մասնագետը չեմ, ես չգիտեմ՝ ինչ է տեղի ունենում, մենք գիտական հիմնարկ ենք եւ փորձում ենք տարբեր հարցերի գիտական վերլուծությունը տալ...»։ ԳԱԱ նախագահը խուսափեց անդրադառնալ նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի՝ շարժման պահանջին, այստեղ էլ նկատելով, որ դա քաղաքական հարց է, իսկ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում։
Նկատենք, որ նախօրեին մեզ հետ զրույցում ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ավելի համարձակ էր գտնվել իր գնահատականներում՝ նշելով, որ դրական է գնահատում շարժումը, քանի որ փոփոխությունների պահանջն է բերել հանգեցրել այդ շարժմանը։ Ինչ վերաբերում է նրան՝ կիսո՞ւմ է շարժման՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, թե ոչ, նկատել էր․ «Եթե հիշում եք, ժամանակին՝ իմ նախագահ եղած ժամանակ, մենք արել ենք մեր հայտարարությունը՝ կառավարության հրաժարականի մասին, եթե մենք դա պահանջել ենք ժամանակին, նշանակում է դա պետք է շարունակվի…»։