Ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանի, նրա կառավարության անդամների եւ ԱԺ-ում աթոռ զբաղեցնող ուսապարկերից համարյա ցանկացածի մասին՝ աննշան բացառություններով, կարելի է գործածել այն ածականները, որ հոդվածի վերնագրում են։ Տգիտությունը, թուլամտությունը, անտեղյակությունը, անպատասխանատվությունը, անհամարժեքությունը որակներ են, որ ՀՀ ներկա իշխանությունների պարագային չեն զարմացնում։ Սակայն արի ու տես, որ որքան էլ սպասելի եւ բնական, Փաշինյանի որոշ կադրեր տգիտության այնպիսի օրինակներ են ցույց տալիս, որից ապշահար ես լինում։
Տվյալ դեպքում ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնը զբաղեցնող մի թյուրիմացություն՝ Զարեհ Սինանյան անուն-ազգանվամբ, որին՝ անհասկանալի է, թե առհասարակ որտեղից են գտել, որ արժանիքի համար են արտոնել՝ սփյուռքի հարցերով զբաղվել, եւ ով գիտե՝ ՀՀ բյուջեից էլ տարեկան որքան գումար է մսխվում այդ մակաբույծի, նրա աշխատակազմի, գործուղումների, կեցության եւ մնացյալի վրա, մի քանի օր առաջ հրապարակավ ահա թե ինչ է ասել. «Պատկերացրեք՝ որքան դժվար է ՀՀ-ի համար` մի երկրի, որ նոր սկսում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, որեւէ ձեւով ներազդել այս իրավիճակի վրա»:
Մեջբերումն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կայքում 05 մարտ, 2025 թ. հրապարակված «Երուսաղեմի իշխանությունները ցանկանում են բռնագանձել Հայոց պատրիարքարանի գույքը. տեղից պնդում են՝ անհիմն է» հոդվածից է։ Գնահատելի էր միայն այն, որ Երուսաղեմի հայոց ունեցվածքի շուրջ վեճերին էր անդրադարձ արվել։ Այլապես տեղեկությունները համարյա համատարած հնացած էին, հաճախ` ուղղակի սխալ։ Վրադիր էլ հոդվածում երկար խոսեցրել մեջբերել էին Արման Թաթոյանին, ում վնասարարությունը Երուսաղեմի հայոց պատրիարքությանը եւ ունեցվածքին` ի դեմս համայնքի կողմից Պատրիարքարանի դեմ ներկայացված դատական հայցի, ոչնչով չի զիջում, գուցե անգամ գերազանցում է Danny Rօthmann-ի ու George Warwar-ի վնասարարությանը, ովքեր կանգնած են տխրահռչակ Xana Gardens LTD-ի եւ «Կովերու պարտէզի» գործարքի ետեւում։
Բարեբախտաբար, առայժմ, ո՛չ Xana Gardens-ին է հաջողվում հայոց շահերին վնասել, ո՛չ էլ Հայոց պատրիարքարանի, շահերի եւ ունեցվածքի դեմ դավեր նյութող եւ սաղիմահայ համայնքին էլ այդ դավերի մեջ ներքաշած Թաթոյան, Ղազարյան, Քերկոնյան վա՜յ-փաստաբանական խմբին։ Սակայն այդ անձանց ու նրանց գործունեության մասին՝ մեկ այլ անգամ։
Այս պահին անդրադառնանք միայն Զարեհ Սինանյանի անձին եւ նրա հրապարակային հայտարարությանը, որի կարծիքով՝ «ՀՀ-ն նոր սկսում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»։ Նախ, հանուն արդարության նշեմ, որ ի տարբերություն սփյուռքի հանձնակատարի պաշտոնը զբաղեցնող տգետ եւ բարոյազուրկ արարածի, որի միակ մտահոգությունը չքմեղանալն ու որեւէ խնդրով չզբաղվելն է, ՀՀ ԱԳՆ-ն դեռ 2023-ի դեկտեմբերին, երբ Երուսաղեմի «Հայկական պարտեզի» գործարքի կապակցությամբ հրապարակավ խոսեց, նաեւ դրանից առաջ եւ հետո, բարոյական պարտավորվածություն եւ ուղիներ է տեսել՝ Երուսաղեմում առկա հայկական խնդիրներով զբաղվելու։ Գոհացուցիչ, թե ոչ այնքան՝ այլ հարց է։
Բայց անդրադառնանք լոկ Սինանյանի ասածին, թե Հայաստանը «նոր սկսում է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»։ Սփյուռքի հարցերով զբաղվող սույն տգետը, փաստորեն, չգիտի, որ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992-ին։ 1998-2008 թթ․ Իսրայելում ՀՀ դեսպանը եղել է Էդվարդ Նալբանդյանը (նստավայրը՝ Փարիզ)։ Պրն Նալբանդյանի ՝ ՀՀ ԱԳ նախարար նշանակվելուց հետո Իսրայելում ՀՀ դեսպանի պաշտոնը համատեղությամբ ստանձնել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը՝ 2008-2018թթ․։ 2018-ին Երեւանը ռեզիդենտ դեսպան է նշանակել Իսրայելում, նստավայրը՝ Թել-Ավիվ։ Առաջին ռեզիդենտ դեսպանը եղել է Արմեն Սմբատյանը (2018-2022), 2022-ից մինչ օրս պաշտոնավարում է Արման Հակոբյանը։ Իսկ Զարեհ Սինանյանը հայտարարում է, թե Հայաստանը «նոր է դիվանագիտական հարաբերություններ հաստատում Իսրայելի հետ»: Այդ տգետը նույնիսկ չի գիտակցում, որ Երուսաղեմում հայկական խնդիրները կրոնական սրբավայրերի պաշտպանությանն առնչվող միջազգային իրավունքի խնդիրներ են, ոչ թե երկկողմ հարաբերությունների։ Եթե Սինանյանի նման թյուրիմացության փոխարեն մի գրագետ, գիտակից եւ պատասխանատու անձ նշանակված լիներ այդ պաշտոնում, հիմա վաղուց բոլոր խնդիրները բարձրացրել էր Իսրայելի իշխանությունների առջեւ եւ միջազգային իրավունքի շրջանակում լուծել։
Մինչդեռ առայժմ Զարեհ Սինանյանն է ՀՀ սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնում, որը ստում է անգամ միջպետական հարաբերությունների ու փաստերի հարցում, միայն թե ոչինչ չանի։ Եվ նույնիսկ իր աշխատակազմին զգուշացնելուց հետո էլ չի բարեհաճում տարածած սուտ տեղեկություններն ուղղել։ Մնում է հարցը, թե այս տգետ, անտեղյակ, ստախոս, անբարո եւ անպատասխանատու մակաբույծին ինչո՞ւ են պահում սփյուռքի հանձնակատարի պաշտոնում, երբ վաղուց ժամանակն է հեռացնել: