Հասարակություն

Լռության ինտելիգենցիան կամ պետության լուռ թաղումը

Լռության ինտելիգենցիան կամ պետության լուռ թաղումը

Դիմում եմ մեր ինտելիգենցիային՝ եկեք միասին մտորենք: Երբ երկրում հակաիրավական, հակաօրինական որեւէ քայլ է արվում, իրավունք ունի՞ ինտելիգենցիան լռելու։ Իսկ երբ երկիրը հայտնվել է համատարած քաոսի ու անօրինականությունների ճիրաններում, ո՞րն է ինտելիգենցիայի՝ ի վերուստ սահմանված դերը: Իրավունք ունե՞նք լռելու եւ ինտելիգենցիա կոչվելու: Կարճ ու հատու պատասխանն է՝ ոչ։ Որովհետեւ ինտելիգենցիան կոչում չէ, կրթության մակարդակ չէ, ոչ էլ սոցիալական ինչ-որ «երկրորդ» պլանում գործող խումբ։

Ինտելիգենցիան բարոյական պարտավորություն է, անտարակուսելի եւ անառարկելի պարտականություն։ Եթե մարդը վտանգը տեսնում է եւ լռում է՝ նա կարող է լինել կրթված, բայց նա ինտելիգենտ չէ։
Այսօր ինչո՞ւ է «լուռ» մեր ինտելիգենցիան, որո՞նք են այդ խոնարհ լռության պատճառները: Ամենայն հավանականությամբ՝
1. Վախը - ծնվում է ոչ թե կամ ոչ միայն բանտ ընկնելու ահից, այլ նաեւ պաշտոնից, դիրքից, գրանտից, եթերից, խաղաղ ապրելակերպի կորստի վախից, շառից-փորձանքից հեռու լինելու ցանկությունից։
2. Կոնֆորմիզմը - «թողեք՝ ես իմ գործն անեմ»։
3. Կեղծ չեզոքությունը - իբր բարձր բարոյական դիրք են բռնել, իրականում՝ փախուստ, մի ծակուռում կասկածելի անդորրի վայելում։
4. Հոգնածություն - ամեն ինչից։ Իրականում հոգնածությունը չի արդարացնում լռությունը, երբ պետությունն է վտանգված։

Այս ամենը երկու բառով կարելի է բնութագրել՝ բարոյական դավաճանություն: Ո՛չ քաղաքական, ո՛չ կուսակցական, այլ՝ բարոյական։ Որովհետեւ, երբ դու ունես խոսքի ուժ, գիտելիք, հեղինակություն եւ լռում ես ճակատագրական պահին, դա դառնում է դավաճանություն ոչ թե իշխանությանը, այլ՝ ժողովրդին, պետությանն ու պատմությանը։ 

Հայաստանում այսօր ամենաարագ զարգացող ոլորտը տնտեսությունը չէ, գիտությունը չէ, նույնիսկ արտաքին պարտքը չէ (թեեւ այն արդեն 15 միլիարդ դոլար է եւ շարունակում է աճել)։ Ամենաարագ զարգացողը «լռությունն» է։ Լռություն՝ բարձր կրթությամբ, կոչումներով, դիպլոմներով, մրցանակներով ու գրանտներով։ Երկիրը դանդաղ, բայց վստահ քայլերով գնում է դեպի պետականության սառը եզրը, իսկ մենք՝ հանդիսատեսներս, նստած ենք առաջին շարքերում՝ փոփքորնի կամ արեւածաղկի տուփը ձեռքներիս։ Վարչապետը պարտք է վերցնում այնպես, կարծես վաղը պետություն չի լինելու, իսկ վերադարձնելու հարցը թողնում է այսօրվա եւ ապագա սերունդներին։ Գումարները չեն դառնում գործարան, գիտություն, արտադրություն կամ աշխատատեղ․ դրանք դառնում են պարգեւավճար, «մերոնց» բոնուս, «սեփական» գործարարների հարկային ներման թուղթ...

Մինչ այս ամենը տեղի է ունենում, մեր հարեւանները՝ Ալիեւն ու Էրդողանը, գիշատչի հանգստությամբ սպասում են։ Նրանք չեն շտապում։ Նրանք գիտեն՝ երբ պետությունը սկսում է ինքն իրեն եռալ, ինքն իրեն ներսից կրծել-հոշոտել, երբ հարվածում է սեփական Եկեղեցուն, սեփական պատմական հիշողությանը, սեփական սյուներին, այն երկար չի դիմանում։ Եվ հենց այդ պատճառով Հայ առաքելական եկեղեցին դարձավ թիրախ․ որովհետեւ այն վերջինն է, որ հիշեցնում է՝ այս հողում պետականություն է եղել, կա եւ կարող է լինել։

«Կործանիր հիշողությունը, եւ պետությունն ինքն իրեն կլուծարվի»․ սա ոչ թե դավադրության տեսություն է, այլ դասական իմպերիալ (իմպերիալ՝ վերաբերմունք, երբ մի երկիր կամ ազգ իրեն համարում է գերակա մյուսներից) բանաձեւ։ Բայց ամենացավալին թշնամու հայացքը, նրա անթաքույց մտադրությունը չէ։ Ամենավտանգավորը մեր ինտելիգենցիայի լռությունն է։ Մարդիկ, ովքեր պիտի առաջինը զգային վտանգը, քանի որ ինտելիգենցիան միշտ ունեցել է յոթերորդ զգայարան՝ պատմական վտանգի զգացողությունը։ Բայց այսօր նրանք կա՛մ լուռ են, կա՛մ զբաղված են «չեզոքությամբ», կա՛մ թաքնվում են «քաղաքականությամբ չեմ զբաղվում» մանկական արտահայտության հետեւում։
Լռությունը դարձել է նոր գաղափարախոսություն։
Վախը՝ նոր փիլիսոփայություն։
Իսկ հարմարվողականությունը՝ բարոյական նորմ։
Պետությունը հիշեցնում է քամված նարնջի կեղեւ․ հյութը գնացել է, կեղեւը՝ մնացել։ Հարգելի ինտելիգենտներ, բա դուք ո՞ւր եք, ծակուռից ե՞րբ եք դուրս գալու, ե՞րբ եք խոսելու... Երբ երկիրն այրվում է, իսկ դու լռում ես, դու արդեն չես հանդիսանում դիտորդ, դու դառնում ես մոխրի մի մասը։

ՀԳ․ Ինտելիգենցիա՝ լատ. intelligens (intelligentis) - հասկացող, բանական: Մտավորականություն՝ մտավոր աշխատանքով զբաղվող, գիտության՝ տեխնիկայի եւ մշակույթի բնագավառներից մեկի անհրաժեշտ գիտելիքներ եւ կրթություն ունեցող մարդկանց ամբողջություն:

Գագիկ Անտոնյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image