«Հրապարակի» զրուցակիցը «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանն է։
- ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական եւ կոնկրետ Վեհափառի դեմ զազրելի արշավը շարունակվում է, տիրադավ սրբազանների՝ Փաշինյանի հետ հանդիպումը, դրան նախորդած շրջաբերականը, եւս մեկ հոգեւոր հոր՝ Արշակ սրբազանի կալանավորումը... Ինչի՞ հետ գործ ունենք։
- Ափսոս, որ մենք գործ ունենք աշխարհաքաղաքական լուրջ եւ վտանգավոր խաղի հետ, որտեղ ազգային եկեղեցին «զոհ» է, իսկ մի շարք վախկոտ ու մորթապաշտ (ի վերջո, ամեն կրոնական Արշակ սրբազան չէ), ինչպես նաեւ հիվանդ ու փառասեր կղերականներ (ամեն բարձրաստիճան կղերական Խրիմյան Հայրիկ չէ), դերակատարներն են այդ խաղին, ոմանք՝ գիտակցաբար, ոմանք էլ՝ անգիտակցաբար: Սակայն, գիտակցաբար թե անգիտակցաբար, վերջին հաշվով, տվյալ կղերականներն իրար արժեն՝ իրենց դավաճանության մեջ:
- Եվ ի՞նչ սպասել, կհանդգնե՞ն սրանք «գահընկեց անել» Գարեգին Բ-ին՝ իրենց նախասահմանած սատանայական մոտիվներով «Վեհարանն ազատելու» կարգախոսի ներքո։
- Ըստ եկեղեցական կանոնագրի, Ազգային եկեղեցական ժողովի կողմից ընտրված եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ծեսով օծյալ՝ Գրիգոր Լուսավորչի իրավահաջորդ գահակալն արտաքին թե ներքին պատվերների կամ իշխանական, կամ ինչ-որ տգետ կամ մոլորված քաղաքացիների բռնաճնշումներով ու քմայքով «գահընկեց» չի կարող լինել, ինչ կարգախոսի կամ բամբասանքի ներքո էլ լինի այն:
- Սա «հոգեւոր» արշա՞վ է, թե՞ սովորական նախընտրական «բեմադրություն», պատկերավոր ասած՝ Բարաբբային եւ Հիսուսին հակադրելու միջոցով։
- Սա, իմ կարծիքով, «Արեւմուտք` ընդդեմ Ռուսաստան» պայքարի մեկ երեսն է: Այդ պայքարի մեջ դավադրության տեսությունից վեր եւ անդին կա գլոբալիզմ` ընդդեմ ազգայինի պայքար: Մինչ Արեւմուտքի մեջ եկեղեցին՝ բողոքական, թե կաթոլիկ, նեղ-ազգային պատկանելության կառչած հաստատություններ չեն, այլ համայնական են, Արեւելքի ուղղափառ եկեղեցին ազգային-հոգեւոր հիմքեր ունի: Իսկ ազգային-հոգեւոր գիտակցություն եւ պատկանելություն ունեցող ազգերին դժվար է ծնկի բերելը: Հետեւաբար, պետք է առաջինը հարվածել տվյալ եկեղեցուն՝ վերջնականապես ընկճելու տվյալ ազգը, որպեսզի հնարավոր լինի Արեւմուտքի աշխարհաքաղաքական ազդեցության գոտին ընդարձակել տվյալ տարածաշրջանի մեջ:
- Բազմիցս արձանագրել ենք, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ճգնաժամ են ապրում, առաջին հերթին՝ պաշտոնական Երեւանի «մեղքով»։ Այդուհանդերձ, կարծես հայկական գաղթօջախներում նախկինների «մեղքերի» մասին փաշինյանական «խայծը կերել» են, այլապես լուրջ խմորումներ կլինեին։
- Պետք է նախ տարբերել ավանդական սփյուռքը՝ նոր գոյացած սփյուռքներից: Ափսոս, որ ավանդական սփյուռքը, անցած երկար ժամանակի բնական պայմաններով, չունի անցյալի իր ուժականությունը: Նույնը վերաբերում է նրա ավանդական կազմակերպություններին, որոնք նույնը չեն, ինչպես կային հետցեղասպանության կազմակերպման անզուգական օրերին: Ինչ վերաբերում է նոր սփյուռքներին, դրանք գոյացել են (առանց շատ ընդհանրացնելու), այսպես կոչված, նախկինների «մեղքերի» պատճառով: Հետեւաբար, նրանք «զոհ» են նախկինը մերժելու եւ նորին հավատալու փաշինյանական «խայծին», որն իր թունավոր պտուղները տվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ սփյուռքի մեջ: Ցավալին այն է, սակայն, որ տակավին կան մարդիկ, որոնք իրենց անձնական անցյալի ցավի կամ քինախնդրության զոհն են դարձնում հայրենիքը:
- Իբրեւ սփյուռքյան պարբերականի ղեկավար անձ՝ արդյոք չե՞ք համարում, որ արտերկրի հայալեզու մամուլը՝ որպես չորրորդ իշխանություն, եւս թերանում է մայր հայրենիքի հետ հարաբերությունների բարելավման հարցում։
- Թերացումի մասով համաձայն եմ, որի պատճառները շատ են: Առաջինը լեզվի (արեւմտահայերեն-արեւելահայերեն) տարբերությունն է, որը վերաբերում է սփյուռքի դասական մամուլին, եւ որն այդպես էլ դեռ հասանելի կամ հասկանալի չէ հայրենաբնակ հայերին: Այս ազդակից բացի, կա նաեւ այն փաստը, որ սփյուռքյան դասական մամուլը որակապես չափազանց տկարացած է եւ հազիվ է գոյատեւում, ստիպված լինելով նաեւ իր սուղ աշխատուժը եւ էջերը տրամադրել իրենց տեղական համայնքների լուրերին եւ հարցերին, որտեղ այն կատարում է նաեւ հայապահպանումի աշխատանք, մինչդեռ հայրենիքի մեջ կատարվածը եւ ամեն մակարդակի հայհոյախոսությունը խորթ են ու վանող իր մշակույթի համար: Մեկ այլ փաստ է, որ սփյուռքի մեջ հազվագյուտ է անհատական սեփականություն հանդիսացող ազատ մամուլը: Դասական մամուլն ավանդական կազմակերպությունների սեփականությունն է, որոնց տարբեր ժամանակների կեցվածքից է կախված եղել տվյալ թերթի մոտեցումը հայրենիքի կամ նրա իշխանության նկատմամբ: Ինչ վերաբերում է նրանց ընթերցողներին, հայրենիքի հանդեպ քաղաքական անտարբերությունը սկսել է հասնել վտանգավոր աստիճանների՝ վերջին 7-8 տարիներին իրենց ապրած իրարահաջորդ հուսախաբությունների պատճառով, որ կարծես ձեռնտու է Հայաստանի ներկա իշխանություններին (առանց փակագիծը բանալու՝ նաեւ այն վտանգավոր հարցի, որ ինձ ենթադրել է տալիս, թե ավանդական սփյուռքի հայկական թեմաների հանդեպ քաղաքական անտարբերությունն ամենաշատը ձեռնտու է մեր ժողովրդի թշնամուն՝ թուրքին):