Քաղաքականություն

Ո՞վ է փոխհատուցելու, Ռոմանո՞սը

Ո՞վ է փոխհատուցելու, Ռոմանո՞սը

Երևանի Էրեբունի վարչական շրջանի տոտալ հոսանքազրկմանն անդրադառնալուս պատճառը ոլորտի մասնագետների անհանգստությունն է, որ մեծ ենթակայանները մեկը մյուսի հետևից սկսելու են պայթել: Իսկ նրանց խոսքերը, մենք դա տեսանք օրեր առաջ Էրեբունու օրինակով, սովորական բայղուշություն չեն և այնքան էլ հեռու չեն իրականություն դառնալուց: Ի՞նչ են արել ՀԷՑ-ի մերօրյա կառավարիչները: Սրանք, ուրեմն, իրենց արևին խնայողություն են արել և ուղղակի արգելել են ենթակայաններում վերանորոգման և ձմռան նախապատրաստական պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարել: Մտածել են՝ մի կողմից Նիկոլը կուրախանա դրանից, իսկ մյուս կողմից էլ կարդարացվեն միլիոնավոր դրամների իրենց աշխատավարձերը: Եվ ստացվել է այն, ինչ պետք է ստացվեր նման մոտեցման դեպքում: Ծանրաբեռնվածությանը չդիմանալով՝ պայթել է ենթակայանը… Մեծ հրդեհ, մի ամբողջ թաղամասի հոսանքազրկում, մութ, ցուրտ, վայնասուն, իրարանցում: Մի քանի տասնյակ հազար մարդ միանգամից հիշել է Նիկոլին, նրա նշանակած կառավարչին և սրանց ՔՊ-շնիկ կադրերին, որոնք ՀԷՑ-ում այսօր հարցեր են լուծում:

Այս խնդիրը, սակայն, լոկալ չէ: Այսինքն այնպես չէ, որ սա Նորքի զանգվածի, Ավանի, Մալաթիա-Սեբաստիայի և մյուս վարչական շրջանների բնակիչների խնդիրը չէ: Նույն ուղտը նաև նրանց դռանն է չոքելու, և հերթով պայթելու են նաև մնացած մեծ ենթակայանները, որովհետև խնայողությունները, որ արել են ռոմանտիկ ռոմանոսականները, վերաբերում են բոլոր բարձրավոլտ ենթակառուցվածքներին: Ոչինչ չի արվել ուղղակի, թողել են ինքնահոսի՝ յա կպայթի, յա չի պայթի: Մասնագետները, սակայն, ասում են՝ այդպես չի լինում, կան աշխատանքներ ու ծախսեր, որոնք պարտադիր պետք է արվեն ձմռան սեզոնից առաջ: Ռոմանոսին էլ այս բանը չեն կարողացել հասկացնել ու, խնդրեմ, առաջին ենթակայանը պայթեց, իսկ հերթում մյուսներն են: Կկարողանա՞ն նոր կառավարիչները կարճ ժամանակում լուծել մյուս ենթակայանների խնդիրը՝ չեմ կարող ասել: Դատելով այն արագությունից, որով վերականգնվեց Էրեբունու հոսանքամատակարարումը՝ դժվար թե: Մի բան է լինում՝ սրանք դրսից են էլեկտրիկ հրավիրում, էլ ո՞ւր մնաց, որ կարողանան ենթակայան սպասարկել կամ վերանորոգման աշխատանքներ իրականացնել:

Հարցը, որ կուզենայի տալ մեր իշխանություններին, ամենևին էլ 5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող Ռոմանոսի լավ կամ վատ կառավարիչ լինելու մասին չէ: Այդ մարդը նույնիսկ կառավարիչ էլ չէ… Լավագույն դեպքում՝ Նիկոլի պրիստավ ն է ՀԷՑ-ում և միայն այդքանը: Ինձ միանգամայն այլ հարց է հետաքրքրում այսօր: Հարգելի պետություն, մի՞թե կարելի է այսպես վարվել մի գույքի հետ, որն ուղղակի քոնը չէ, որի սեփականատերը դու չես, որից ժամանակին հրաժարվել ես, որովհետև չես կարողացել գլուխ հանել, ուժ չես ունեցել ոչ կառավարելու, ոչ էլ ներդրումներ անելու: Ես հիմա ինչպե՞ս բնութագրեմ այն պետությունը, որի, այսպես կոչված, ղեկավարը՝ խուտուտ տվածի մեկը, փորձում է իր կապրիզներով կառավարել ամեն ինչ, այդ թվում և ՀԷՑ-ը՝ մեզանում ամենակայացած կառույցը: Իսկական սեփականատիրոջը բանտարկել է, կարելի է ասել՝ կառավարումը խլել իսկական կառավարիչներից ու չերեզ Ռոմանոս ՀԷՑ է կառավարում: Կերա՞ք, պայթե՞ց… Իսկ այդ պայթյունի ֆոնին, պարոնայք ֆեյք կառավարիչներ, դուք տժժում էիք ՔՊ-ի կորպորատիվում ու հոնքներդ անգամ չշարժեցիք, թե էս ի՞նչ եղավ: Հիմա գնացեք նստեք ու հաշվեք, թե ինչքան վնաս տվեցիք ՀԷՑ-ին, Էրեբունու վարչական շրջանի արտադրական և առևտրային ձեռնարկություններին, հասարակ մարդկանց: Ո՞վ է փոխհատուցելու՝ Ռոմանո՞սը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image