Հասարակություն

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը 680 միլիոն դրամ է վճարել 6-7 տուժողի

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը 680 միլիոն դրամ է վճարել 6-7 տուժողի

Շուրջ 21 տարի առաջ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագիրն առաջ քաշած իշխանությունը որոշեց Երեւանի փոքր կենտրոնը կառուցապատել, որի արդյունքում 3 հազարից ավելի քաղաքացիներ պետք է տեղահանվեին իրենց տներից, իրենց սեփականությունը հանձնեին կառուցապատողներին, որոնք պետք է փոխհատուցումներ վճարեին կամ բնակարաններով ապահովեին Կենտրոնի բնակիչներին: Բայց կազմակերպական փնթիության, հետեւանքները չհաշվարկելու արդյունքում այդ գործընթացն արյունով ու արցունքով ուղեկցվեց` մարդկանց սկսեցին ստիպողաբար վտարել տներից, դատավորների վրա ճնշումներ գործադրվեցին, ու նրանք սկսեցին հօգուտ կառուցապատողների որոշումներ կայացնել, եւ մեծ դժգոհություններ կուտակվեցին ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, որի կառավարման շրջանում իրականացվում էր այդ ծրագիրը: Պետությունը «Հանրային գերակա շահ ճանաչելու մասին» օրենք ընդունեց, եւ, ըստ այդ օրենքի, սկսեցին բնակիչներին վտարել իրենց տարածքներից, փոքր փոխհատուցումներ վճարել, եւ նրանց մի մասը հասավ ընդհուպ մինչեւ Եվրադատարան` չհամաձայնելով կառուցապատողների առաջարկած գումարներով իրենց տներն ու բիզնես-օբյեկտները նրանց հանձնելու պահանջին: 

Կենտրոնի կառուցապատողներից մեկը սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանն էր` Սերժ Սարգսյանի եղբոր` Լեւոն Սարգսյանի մոտ ընկերը, որի «Ավո ՖՄՀ» կազմակերպությունը տիրապետում էր Նալբանդյան-Աբովյան-Արամի փողոցներով պարփակված մի հսկա տարածքի: Այս տարածքում` Արամի 30 հասցեում, 1900 թվականին կառուցված մի գեղեցիկ շենք կար, որը նույնպես քանդվեց, որ Ավետիս Կարագուլյանը դրա տեղում մի անճոռնի շենք կառուցի: Ի դեպ, Ավետիս Կարագուլյանն անցած տարի մասնակցում էր Աննա Հակոբյանի հետ «հաջողակ բիզնեսմենների» ընթրիքին եւ, բնականաբար, վարչապետի կնոջը հաճոյանալով ու մուծվելով՝ փորձում էր կարգավորել իր գործերը:

«Հրապարակ»-ը տեղեկացավ, որ սեփականաշնորհման հետ կապված՝ դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող գործարար Ավետիս Կարագուլյանն այժմ հիվանդանոցում է՝ կոմայի մեջ, ծանր վիճակում։ Նա 75 տարեկան է, սրտի հետ կապված խնդիրներ ունի: Թերեւս դատական պրոցեսներն էլ ազդել են առողջական վիճակի վրա: Մեզ պատմեցին, որ նա բավականին մեծ գումար` 1 միլիոն 700 հազար դոլար է վերջերս վճարել մի խումբ տուժողների, որոնք շարունակում էին պայքարել եւ փոխհատուցումներ պահանջել: Տուժողների թվում էին «Լիլիթ» խանութի սեփականատերը, Վերսանդիկ Հակոբյանի եղբայրը` Հրայր Հակոբյանը, որը նույնպես այստեղ տարածք ուներ, եւ ուրիշներ։ Ա․ Կարագուլյանի պաշտպան Գրիգոր Չապանյանն էլ հաստատեց մեր տեղեկությունը՝ իր պաշտպանյալի հիվանդանոց ընկնելու վերաբերյալ, սակայն հրաժարվեց նրա առողջականի մասին տեղեկություն հայտնել․ «Ես այդ մասով որեւէ տվյալ չեմ կարող հայտնել, բժշկական գաղտնիք է»։

Կարագուլյանի հետ կապված՝ ե՛ւ քրեական, ե՛ւ քաղաքացիական գործեր կան դատարանում, քաղգործով որպես տուժող անցնում է նաեւ Աբովյան փողոցում գտնվող «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը` նույն փողոցում տեղակայված հայտնի խանութը։ «Օլիմպի» շահերը ներկայացնող Տիգրան Հայրապետյանը մեզ ասաց, որ հարուցված քրեական գործից հետո Կարագուլյանը վճարել է 680 միլիոն դրամ՝ 6-7 տուժողի գումար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image