Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում նախկինների՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի գործերի քննությունը տեղում դոփում է։ Բանն այն է, որ դատավորները չեն կարողանում որոշումներ կայացնել, հատկապես՝ Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՍԴ-ն սահմանեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի մասին» օրենքի կիրառման սահմանները եւ մի շարք հանգամանքներ շեշտեց: Օրինակ, որ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի՝ իր պաշտոնը ստանձնելու պահից հետո, այսինքն՝ դատախազության արատավոր պրակտիկան, երբ ետ էին գնում 90-ականներ` մինչեւ նախկին պաշտոնյայի մանկության տարիները, անդրադառնալով անգամ ամուսնական նվերներին, հայրական ժառանգությանը, այլեւս չի ուսումնասիրվելու եւ չի բռնագրավվելու։ Իսկ դա նշանակում է, որ հարյուրավոր վարույթներ պետք է վերանայվեն, գույքի բռնագանձման չափերը՝ նույնպես, ինչը նշանակում է, որ 4 տարի դատախազությունն ահռելի ու անպտուղ աշխատանք է կատարել` բուն հանցագործությունների դեմ պայքարն աչքաթող անելով եւ իշխանության պատվերը կատարելով։ Նշենք, որ նախկինների ապօրինի գույքի քննություններն իրականացրել է արդարադատության այժմյան նախարար Սրբուհի Գալյանի ղեկավարած բաժինը․ Գալյանը գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալն էր։
Փաստաբան Հարություն Հարությունյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ՍԴ որոշումից հետո ինչ է փոխվել այս գործերով, նշեց․ «Իմ մասնակցած գործերով ոչինչ չի փոխվել, դատախազությունը ժամանակ է ուզում։ Պետք է հաշվարկներ անեն, սակայն չի հասցնում, ռեսուրսները չեն հերիքում։ Գործեր կան, որ պահանջվող գույքերը պետք է պակասեցվեն, ինձ թվում է՝ շատ գործերի մասին է խոսքը։ Դատարանը տալիս է այդ ժամանակը»։ Փաստաբանը նաեւ նշեց՝ ՍԴ որոշումից 2 մաս պետք է առանձնացնել՝ քրեական գործի առկայության հիմքով իրականացված ուսումնասիրություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված․ «Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների հիման վրա ենթադրյալ ապօրինի գույքը պետք է ապօրինի դիտարկվի պաշտոնը ստանձնելու պահից, եթե քրեականով է, ապա գնում են մինչեւ առաջին պաշտոնավարումը, երբ եղել է հայտարարատու»։
- Այդ դեպքում մարդկանց` ողջամիտ ժամկետում գործը քննելու իրավունքը չի՞ խախտվում, նրանց դրամական միջոցներն ու գույքերը տարիներով արգելանքի տակ են։
- Այո, գլոբալ այդ խնդիրը կա, մենք գտնում ենք, որ այն մասից, որից ակնհայտորեն պետք է հրաժարվեն, տեղում պետք է բացվեն գույքերն ու դրամական միջոցները, սակայն, մեծ հաշվով, դատարանը չի հանում։
- Այսինքն՝ այս գործերով ինտենսիվ նիստեր չեն լինում։
- Հիմնականում հետաձգվում են, որը նոր են բերել, լինում են, իսկ հները հետաձգվում են։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ կապված քննության ընթացքում եւ անգամ որոշումից հետո դատախազությունը շարունակում էր նման գործեր քննել եւ բողոքներ ուղարկել դատարան` պահանջելով ապօրինի որակել նախկին պաշտոնյաների գույքն ու փողերը: Բայց մենք նկատեցինք, որ դատախազության ախորժակը բավականին սահմանափակվել է` առաջվա պես հարյուրավոր միլիոններ, անծայրածիր գույք չեն պահանջում: Պատգամավոր Արթուր Սարգսյանի գործով ընդամենը 2 միլիոն դրամ են պահանջել, 6 գույք մարզում, իսկ երեկ Ավետ Ադոնցի մասին հաղորդագրություն տարածեցին, որով 1 անշարժ գույք են պահանջել, 3 իրավաբանական անձում մասնակցություն եւ 90 միլիոն դրամ:
Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին տվյալներ՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում քննվող գործերի վերաբերյալ․ «Ներկայում Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 150 հայցադիմում, արգելանք է դրված շուրջ 1500 անշարժ եւ 290 շարժական գույքի, իրավաբանական 400 անձանցում մասնակցության իրավունքի, 540 միլիարդ դրամի վրա, իսկ ընդհանուր հայցագինը շուրջ 600 միլիարդ դրամ է: Կնքված հաշտության համաձայնությունները 9-ն են, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ 1-ը: Հաշտության համաձայնություններով Հայաստանի Հանրապետությանն են փոխանցվել 7 անշարժ գույք, 2 շարժական գույք, Վերականգնված միջոցների միասնական հաշվին են փոխանցվել 865 միլիոն 200 hազար ՀՀ դրամ եւ 50 հազար 720 եվրո: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երեւան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի եւ Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, բռնագանձման ենթակա 50 հազար 720 եվրոյին համարժեք դրամն ու 878 հազար դրամն արդեն փոխանցված են»։