Քաղաքականություն

Եղբայր, ես արդար մարդ եմ, ՇՀԿ-ում լավն էլ կար, վատն էլ

Եղբայր, ես արդար մարդ եմ, ՇՀԿ-ում լավն էլ կար, վատն էլ

Այ, եթե Փաշինյանին հաջողվի կռվացնել Թրամփին ու Ալիեւին, ես կասեմ՝ մալադեց: Այս ուղղությամբ առաջին քայլն արդեն արված է Չինաստանի Թիենծին քաղաքում, որտեղ Փաշինյանը ելույթ է ունեցել ՇՀԿ+ ձեւաչափի հանդիպման ժամանակ: Դուք պետք է տեսնեիք, թե նրա ելույթի ժամանակ Արարատ Միրզոյանն ինչ հայացքով էր նայում ադրբեջանական պատվիրակության կողմը, ինչ հպարտություն կար Արոյի դեմքին: Ինչպիսի՜ ընդվզում… Փաշինյանն ուղղակի «հաշվեց» Ալիեւի ոսկորները. «Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաեւ համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն․․․հետագա աշխատանքի համար: Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաեւ, որ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման»»:

Խոստովանեմ՝ այդ պահին Փաշինյանը ոչ միայն Արարատ Միրզոյանի, այլեւ իմ սրտից էր խոսում: Ինչպիսի՜ ապտակ «մասնավորապես Ադրբեջանի նախագահի» դեմքին… Քեֆս բերեց: Ափսոս, որ Փաշինյանը մի քանի մեջբերում չարեց Ալիեւի «բառապաշարից», եւ ես լավ չհասկացա, թե Ալիեւի բառապաշարի հատկապես որ բառերն են կպել մեր վարչապետի «քեֆին»: Դե գիտեք, երեւի, որ օգոստոսի 8-ից այս կողմ Ալիեւը ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին է անթույլատրելի բառապաշար օգտագործել, այլեւ ՀՀ իշխանությունների եւ ՀՀ ընդդիմության: Երբ Փաշինյանին հանդիպեմ, անպայման կհետաքրքրվեմ այս հարցով, բայց այս պահին կարծում եմ, որ մեր վարչապետն անընդունելի է նկատել հատկապես Ալիեւի կողմից անընդհատ օգտագործվող «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: Այսինքն՝ պատահական չէ, որ Փաշինյանը, Ալիեւի խոսույթը քննադատելուց հետո, անմիջապես նշեց. «Վաշինգտոնի համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման»»: Շարքային մահկանացուների խոսքով սա հնչում է այսպես՝ տե՛ս, հա, Ալիեւ, Թրամփը վկա, այդ ճանապարհը Թրամփի ուղի է կոչվում եւ ոչ թե «Զանգեզուրի միջանցք», ինչպես դու ես ասում:
Բնականաբար, այս լուրը թռավ Վաշինգտոն՝ Օվալաձեւ աշխատասենյակ ու հասավ Թրամփին, որ մինչեւ ՇՀԿ+ ձեւաչափի այս հանդիպումը, ավելի կոնկրետ՝ մինչեւ Նիկոլի այս ելույթը, վայելում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու իր «մեծ եւ անուրանալի ներդրումը»: Առջեւում Խաղաղության նոբելյան մրցանակն է, իսկ Ալիեւն ամեն ինչ անում է, անգամ վատ բառապաշար է օգտագործում, որ խնամքով կառուցված «խաղաղարարի լեգենդը» հօդս ցնդի: Թրամփը, հավանաբար, կորոշի Ալիեւին կարգի հրավիրել եւ, մասնավորապես, օգտագործել այնպիսի բառապաշար, որը կհամընկնի վաշինգտոնյան «համաձայնություններին» եւ իրենց (Ալիեւ-Նիկոլ-Թրամփ) հրճվալից լուսանկարներին:

Մի խոսքով՝ կեցցես, Նիկոլ, դու Թրամփին ու Ալիեւին կռվացնելու առաջին քայլն արդեն արել ես: Մեր բարեկամ Պուտինը, որ նույնպես սկսել է չսիրել Ալիեւին, կասեր՝ Նիկոլ Վավաեւիչ, так держать…

Ես, առհասարակ, միշտ անթաքույց թերահավատությամբ եմ վերաբերվել Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան այցերին: Հիշո՞ւմ եք նրա առաջին այցը Չինաստան… Էն, որ հայտարարում էին՝ շատ հաջող ու արգասաբեր այց էր, անգամ պեկինյան ձեւով պատրաստված բադ կերանք… Հետո պարզվեց, որ այդ այցը Հայաստանի կառավարիչներին ոչինչ չտվեց, եթե չհաշվենք բյուջեից մի կլորիկ գումարի անհետացումը: Ես միշտ այսպես եմ արտահայտվել Փաշինյանի անիմաստ այցերի մասին՝ նրա գնացած Բրյուսելն ի՞նչ պիտի լինի, նրա գնացած Մոսկվան ի՞նչ պիտի լինի, նրա գնացած Սինգապուրն ի՞նչ պիտի լինի, նրա գնացած Վաշինգտոնն ի՞նչ պիտի լինի… Եվ, պատկերացրեք, գրեթե երբեք չեմ սխալվել: Այս այցը Չինաստան եւ ՇՀԿ գագաթնաժողովին նրա մասնակցությունը, սակայն, գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Երեւի ոչ մի ղեկավար այնքան վճռական չէր այդ օրերին, որքան Նիկոլը: Այդքան հանդիպումներ… Դե, իսկ Թրամփի մեծ բարեկամ Նիկոլի կողմից Չինաստանին ռազմավարական գործընկերություն պարտադրելն ու Եվրամիություն գնացող Հայաստանի՝ ՇՀԿ անդամ դառնալու դիմումը զգլխեցին ամեն ինչ: Շոկի մեջ էին բոլորը, այդ թվում՝ նաեւ ես: Պուտինն էլ էր շշկռված, Սի Ծինփինն էլ… Պակիստանի առաջնորդն էլ, որին վերջին պահին միայն հաջողվեց կասեցնել արեւմտյան կողմնորոշում որդեգրած Հայաստանի հայտնվելը ՇՀԿ-ում:

Վերջաբանի փոխարեն մի երկու բառ էլ Նիկոլ-Էրդողան «բանակցություններից» ասենք, դիցուք՝ Էրդողանի «բառապաշարից»: Տեսեք՝ Նիկոլը մեզ ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն այլեւս արձանագրված փաստ է, վերջ, Հայաստանն ու Ադրբեջանն այլեւս չեն պատերազմելու: Ճի՞շտ եմ ասում, Ալեն: Բայց եկեք տեսնենք, թե մշտնջենական թթված դեմքով Էրդողանն ինչ է ասել Նիկոլին իրենց հանդիպման ժամանակ: Կառավարության (Նիկոլի) պաշտոնական կայքի «խելացիները» նախապես գրել էին, որ Էրդողանը ողջունել է խաղաղության հասնելու ճանապարհին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջընթացը: Հետո հանկարծ հիշել են, որ՝ չէ, արա, Նիկոլը ոնց որ ասել էր՝ խաղաղությունն արդեն եկել է: Եվ Էրդողանի հետ հանդիպման առանց այն էլ կցկտուր լուրից հեռացրել են այդ հատվածն ու թողել ոչինչ չասող հետեւյալ միտքը. «Վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման եւ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով»: Այնպես որ, հենց Նիկոլին տեսնեմ, նաեւ այս հարցն եմ բարձրացնելու՝ Նիկոլ, հիմա ի՞նչ, խաղաղությունն արդեն եկե՞լ է, թե՞ այդ ուղղությամբ դեռ «առաջընթացներ» եք գրանցում անտրամաբանական բառապաշար ունեցող Ալիեւի հետ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image