Արդեն 15 օր է՝ իշխանությունը չի կարողանում կողմնորոշվել արդարադատության նախարարի թեկնածուի հարցում` չեն կարողանում նոր արդարադատության նախարար նշանակել: Մի մասն ինքը չի ուզում Փաշինյանի կառավարությունում, նրա անմիջական ղեկավարությամբ աշխատել, մյուսները շատ են ուզում, բայց իրենց չեն նշանակում: Միայն հայտնի չէ՝ ինչ սկզբունքով են ընտրվում նախարարները եւ, ընդհանրապես, պետական բարձր պաշտոնյաները, ինչ են հաշվի առնում այս կամ այն մարդուն նշանակելիս` պրոֆեսիոնալ կարողություննե՞րը, ՔՊ-ական լինե՞լը, թե՞ Փաշինյանին հավատարմությունն ու հնազանդությունը: Երեւի ամենակարեւոր նախապայմանը բացարձակ հնազանդությունն է Փաշինյանին, հավատարմությանը նա չի հավատում եւ գիտի, որ այդպիսիք ուղղակի գոյություն չունեն: Արդյունքում պաշտոն ստացած մարդիկ համարում են, որ իրենց խնդիրը ոչ թե հանրային ծառայություն մատուցելն է, պետության եւ հանրության խնդիրները լուծելը, այլ այդ իշխանության տված հնարավորություններն իրենց ծառայեցնելը:
Պաշտոնի են հայտնվում մարդիկ, ովքեր երբեւէ որեւէ հանրային ծառայություն չեն մատուցել, որեւէ ներդրում չունեն հանրային կյանքում: Պաշտոնյաների, պատգամավորների ճնշող մեծամասնությունը համարում է, որ իրենք իշխանության են հայտնվել իրադարձությունների իրենց համար բարենպաստ ընթացքի, տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, ճիշտ մարդկանց հետ մտերմանալու, նրանց իրենց ծառայություններն առաջարկելու եւ մատուցելու հաշվին, հետեւաբար՝ պաշտոնը ստանալուց հետո էլ շարունակում են նույն վարքը դրսեւորել, որ կարողանան պահել պաշտոնը, իսկ եթե հնարավոր լինի՝ ավելի վերեւ բարձրանալ. ի՜նչ պետություն, ի՜նչ հանրային ծառայություն:
Տարբերությունը հասկանալու համար մի համեմատություն անցկացնենք Ռուսաստանի հետ: Ռուսաստանը, մեզ նման, պատերազմի մեջ գտնվող երկիր է, արդեն 3 տարի է՝ պատերազմում է Ուկրաինայի եւ, մեծ հաշվով, հավաքական Արեւմուտքի դեմ: Այդ պատերազմին մասնակցում են միլիոնավոր զինվորականներ, որոնց մի մասը կադրայիններ են, պայմանագրայիններ, պահեստազորից զորակոչվածներ եւ կամավորներ: Պատերազմ գնացածների մի մասը զոհվում է, մյուսները վիրավորվում, դառնում են հաշմանդամ, ոչ պիտանի ծառայության համար, մի մասն էլ ուղղակի տարիքի կամ այլ հանգամանքների բերումով դադարեցնում է ծառայությունը: Ռուս մարդկանց մեծ մասը չունի մոտիվացիա՝ պատերազմ գնալու եւ իր կյանքը վտանգի ենթարկելու, մանավանդ որ շատերի համար այդ պատերազմը նվաճողական է՝ ոչ թե Ռուսաստանի վրա են հարձակվել, իրենք պաշտպանվում են, այլ Ռուսաստանն է հարձակվել Ուկրաինայի վրա. չնայած իշխանությունն ասում է, որ սա կանխարգելիչ պատերազմ է՝ Ուկրաինան եւ Արեւմուտքը պատրաստվում էին հարձակման, մենք առաջինը հարվածեցինք, որ թույլ չտանք հարձակում մեզ վրա, կամ ասում են, որ մենք պատերազմում ենք Դոնբասը եւ Ուկրաինայում ապրող մեր ռուս հայրենակիցներին նացիստական իշխանությունից ազատագրելու համար, բայց դա այնքան էլ համոզիչ չէ, գոնե՝ շատերի համար: Բայց առանց մոտիվացված հասարակության անհնար է հաղթել պատերազմում, եւ Ռուսաստանը գտել է ձեւը:
Ռուսաստանի իշխանություններն արդեն պատերազմ գնացածներին եւ պոտենցիալ գնացողներին ցույց են տալիս, որ երկիրը նրանցն է, ովքեր պատրաստ են զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքը, ովքեր պատրաստ են իրենց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով սկսել են իրականացնել մի ծրագիր, որը կոչվում է «Հերոսների ժամանակը»: Այս ծրագրով բանակում ծառայած եւ պահեստազոր անցած զինվորականները կարող են անցնել նախագահի աշխատակազմին կից ստեղծված՝ կառավարման հմտություններ ուսուցանող արագացված դասընթացներ եւ նշանակվել պետական բարձր պաշտոնների: Արդեն կան առաջին նշանակվածները․ վերջերս Պուտինի հրամանով Ուրալի ֆեդերալ շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ նշանակվեց Դոնբասի պատերազմի վետերան՝ պահեստազորի գնդապետ Արտյոմ Ժոգան: Ռուսական մամուլը գրեց, որ ոչ միայն նա է պատերազմի վետերան, այլեւ նրա տղան էր` Վլադիմիր Ժոգան, որը 2022-ին զոհվել է Դոնբասի համար մղվող մարտերում՝ լինելով հայտնի «Սպարտա» գումարտակի հրամանատարի տեղակալը:
Ռուսաստանի իշխանությունները կադրային քաղաքականությամբ հասարակությանն ազդակ են հղում, որ հանրային ծառայության բարձրագույն տեսակը զինվորական ծառայությունն է, եւ պետության ղեկավարմանն իրավունք ունեն մասնակցել նրանք, ովքեր պատրաստ են ինքնազոհաբերման: Հիմա նայեք, թե ովքեր են Հայաստանում պետական իշխանության բարձրագույն պաշտոններում. մարդիկ, ովքեր ոչ միայն ոչ մի ծառայություն չունեն հայրենիքի եւ հասարակության նկատմամբ, այլեւ իրենց իշխանությունն օգտագործելով՝ իրենց երեխաներին են ազատում բանակային ծառայությունից։ Մամուլը բազմաթիվ նման օրինակներ է ներկայացրել, որոնք մնացել են անարձագանք: Կարո՞ղ եք տալ որեւէ նախարարի կամ մարզպետի անուն, որը մասնակցել է մարտական գործողություններին, կամ որի տղան կռվել կամ զոհվել է պատերազմի դաշտում: Հակառակը՝ մարզպետ ու նախարար են նշանակվում բանկերի ու վարկային կազմակերպությունների աշխատակիցներ, մարդիկ, որոնց համար փողից բացի այս կյանքում ուրիշ որեւէ արժեք ու թանկ բան չկա: Իսկ Փաշինյանն էլ հրապարակայնորեն վարկաբեկում է բանակը՝ ասելով, թե բանակը չէ անվտանգության երաշխիքը:
Ի տարբերություն Ռուսաստանում գործող «Հերոսների ժամանակը» ծրագրի, Հայաստանում արդեն տեւական ժամանակ գործում է «Վախկոտ դավաճանների ժամանակը» ծրագիրը: