Երեկ` հունվարի 20-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) անդամները` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, շրջայց են կատարել Երեւանի պետական համալսարանի ֆակուլտետների և ինստիտուտների գիտահետազոտական և ուսումնական նորաբաց կենտրոններում ու լաբորատորիաներում, վերանորոգված և վերազինված լսարաններում ու գիտակրթական այլ ստորաբաժանումներում։
Հոգաբարձուների խորհրդի անդամների շրջայցը մեկնարկել է Ֆիզիկայի ինստիտուտից. նրանք այցելել են Օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոն, որի ստեղծման աշխատանքները կատարվել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և ԵՊՀ ֆինանսավորման շրջանակում։ ԵՊՀ նյութագիտության և նանոտեխնոլոգիաների կենտրոնում նրանք ծանոթացել են կատարվող հետազոտություններին և առկա բազայի հնարավորություններին։ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում ՀԽ անդամները ծանոթացել են գիտակրթական ստորաբաժանումներին, լսարաններին, դահլիճներին և ընթերցասրահներին։ Շրջայցի հաջորդ կանգառը եղել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը` այցելել են «GeoLab. ապագայի միջավայր» կրթական կենտրոն և Գագիկ Կարապետյանի անվան ինտերակտիվ լսարան։ Հաջորդիվ ՀԽ անդամները ծանոթացել են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիաներում կատարված աշխատանքներին, նոր սարքավորումներին, իրականացվող հետազոտություններին ու առաջիկա ծրագրերին։
Այնուհետև խորհրդի անդամներն այցելել են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, որտեղ ԵՊՀ ֆինանսավորմամբ բացվել են գիտաուսումնական երեք նոր լաբորատորիաներ՝ Սնկերի, բույսերի բազմազանության և կենսաակտիվության գնահատման, Հյուսվածքաբանության և զարգացման կենսաբանության, ինչպես նաև Մոլեկուլային գենետիկայի։
Ուշագրավ է, որ շրջայցին ներկա չեն եղել Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը, ինչպես նաև ԲՏ նախարար Մխիթար Հայրապետյանը: