Քաղաքականություն

«Հրապարակ»․ Սերժ Սարգսյանի մտերիմի կարգավիճակից մինչեւ Փաշինյանի «սիրելիի» կարգավիճակ

«Հրապարակ»․ Սերժ Սարգսյանի մտերիմի կարգավիճակից մինչեւ Փաշինյանի «սիրելիի» կարգավիճակ

«Հրապարակ»-ը գրել էր, որ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը շատ գոհ է ՀՀԿ-ական հայտնի օլիգարխ Աշոտ Արսենյանի՝ «Ջերմուկի» սեփականատիրոջ որդու՝ Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանի պահվածքից։ Դա պայմանավորված է նրանով, որ հենց Վայոց Ձորում էր, որ առաջին անգամ ՀԱԵ թեմի առաջնորդ մասնակցեց պատարագին՝ ի դեմս Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանի: Իսկ Վայոց Ձորի թեմի առաջնորդին պատարագին բերելու հարցում, ասում են, որոշակի դեր է խաղացել նորանշանակ մարզպետը։

2018-ին գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանն անմիջապես սկսեց նախկին օլիգարխների եւ պաշտոնյաների գործունեությունն ուսումնասիրել՝ նախկիններին պատժելու օրակարգի շրջանակներում, եւ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ գործարարներից մեկը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը, որ տարիներ շարունակ ՀՀ երրորդ նախագահին ուղեկցում էր Բադեն-Բադեն եւ այլ ուղեւորությունների ժամանակ, առաջիններից մեկը հայտնվեց թիրախում։ Իրավական գործընթացներ սկսվեցին Արսենյանների նկատմամբ։ 2019 թվականի հունիսին Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ հարուցվեց, Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ: Արսենյանի երկու որդիներն էլ, պարզվեց, ազատվել են զինծառայությունից: Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել էր եւ զինծառայությունից ազատվել էր ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը, առողջական հիմքով: Նույն թվականի վերջին Վ․ Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա ներգրավմամբ հարուցված քրեական գործը` կարճվել:

Այլ ուշագրավ դեպքեր էլ կան․ դեռ 2018 թվականի հունիսին, երբ Փաշինյանը նորաթուխ վարչապետ էր, Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ գործարար, ՌԴ քաղաքացի Մուրադ Մուրադյանը հայտարարել էր, որ 90-ականներին իր նկատմամբ Աշոտ Արսենյանը մահափորձ է արել, եւ խնդրել էր բացահայտել, իր խոսքով, իր նկատմամբ իրականացված մահափորձի պատճառները։ Գործարարին լսելուց հետո Փաշինյանն ասել էր․ «Ես լսեցի այդ պատմությունը, ոչ մի խոչընդոտ չկա, որ այդ պատմությունը մանրամասն քննվի։ Ես հիմա չեմ կարող որեւէ գնահատական տալ, դա հաստատ կստուգվի։ Իմ այս հայտարարությունը հրապարակային հայտարարություն է, որին հետեւում են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մենք նաեւ ուղիղ եթերում ենք, ես հույս ունեմ, որ իրավապահ մարմինները լսում են եւ նույնիսկ մինչեւ իմ՝ Հայաստան վերադառնալը այս ամեն ինչը կստուգեն։ Այդ պատմությունը, որ պատմում եք, թե 6-րդ վարչություն կանչեցին՝ ծեծեցին, կստուգվի»: Դրան արձագանքել էր նաեւ Աշոտ Արսենյանը՝ հայտարարելով, թե փորձ է արվում վարկաբեկել իր անունն ու գործարար համբավը:

Փաշինյանի հայտարարությունն արդյոք լսե՞լ էին իրավապահները՝ այս պահին կդժվարանանք ասել, քանի որ մի քանի ժամ համացանցը փորփրելուց, տարբեր աղբյուրներից հետաքրքրվելուց հետո ոչ մի տեղեկություն չհայտնաբերեցինք՝ ընթացք տրվե՞լ է Մուրադյանի հայտարարություններին, թե՝ ոչ։ Մենք գրավոր հարցմամբ կդիմենք Գլխավոր դատախազություն՝ այս հայտարարության ճակատագրի մասին տեղեկանալու համար։

Բայց, ահա, 2019-ից պատկերը սկսել է փոխվել։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Արսենյանը սկսել է տարբեր «նվիրատվություններ» անել: Դրանցից մեկը 2019-ին էր՝ «Ջերմուկ գրուպը» Երեւանի քաղաքապետարանին ձյուն մաքրելու մեքենաներ էր նվիրել, եւ հենց այդ ժամանակ էլ պարզվեց, որ Արսենյանն Արշակունյաց պողոտայում բարձրահարկ բազմաբնակարան համալիր կառուցելու մեծ թույլտվություն է ստացել, ինչը եւս վկայում էր, որ նախկին ՀՀԿ-ական օլիգարխը ՔՊ-ական օլիգարխի է վերածվել։ Դրանից հետո ոչ միայն Վահագն Արսենյանի գործը կարճվեց, այլեւ իշխանությունը նրան նշանակեց Ջերմուկի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Ջերմուկ համայնքի 2021 թվականի ընտրություններում նա՝ որպես ՔՊ-ի ներկայացուցիչ, հաղթեց։ Հետագայում հայտնի դարձավ, որ Արսենյանն այլ «նվերներ» էլ է մատուցել իշխանության բարձրաստիճան բազմաթիվ ներկայացուցիչների՝ մասնավորապես Սուրեն Պապիկյանին, շատ պատգամավորների Արշակունյաց պողոտայում գտնվող համալիրից բավականին նվազ գներով բնակարաններ վաճառելով։ Այս ընթացքում ուրիշ տեսարանների էլ ենք ականատես եղել, օրինակ՝ 2024-ին Աննա Հակոբյանին Վահագն Արսենյանը ծաղկեփնջով դիմավորում էր Ջերմուկում եւ աջակցում նրա կրթարշավին։ Հիմա էլ, փաստորեն, աջակցում է Եկեղեցու դեմ արշավին, չնայած Արսենյանները Մայր Աթոռի մի շարք հոգեւորականների հետ շատ ջերմ հարաբերություններ ունեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image