«Հրապարակի» հարցերին պատասխանում է Հայկական կառուցողական կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:
- Ընտրությունների արդյունքները կասկածի տակ են դրված` 7 քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան` այն վիճարկելու նպատակով, սակայն ՔՊ կուսակցությունում արդեն պաշտոնակռիվ է սկսվել: Երեկ ՔՊ-ն Ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրեց, շրջանառվում են նաև ԱԺ փոխնախագահների, ֆրակցիայի ղեկավարի համար պայքարող թեկնածուների անունները: Ցավոք, պետք է արձանագրել, որ խորհրդարանն այս տարիներին առաջընթաց արձանագրելու փոխարեն բացառապես գահավիժում է, և ԱԺ ամբիոնը, որը երկրի թիվ մեկ ամբիոնն է, դարձել է բառիս բուն իմաստով անմակարդակ, անկիրթ, անդաստիարակ երևույթների հարթակ: Ի՞նչ գնահատական կտաք այս պրոցեսներին:
- Պաշտոնակռիվը այս փուլում անիմաստ եմ համարում, քանի որ Սահմանադրական դատարանը դեռևս չի հրապարակել որոշումը: Ես կարծում եմ, որ պաշտոնների մասին հիմա խոսելը վաղ է: Ես գտնում եմ, որ երբ լինի ՍԴ որոշումը, առնվազն այդ ժամանակ պետք է կադրային փոփոխությունների մասին մտածեն: Ընտրական գործընթացները դեռևս ավարտված չեն: Ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ աննախադեպ է Հայաստանի համար, որ յոթ կուսակցություն դիմել է ՍԴ` ընտրությունների արդյունքները վիճարկելու: Նման բան երբեք չէր եղել: Այսինքն` մասնակիցների համարյա կեսը չի ընդունում ընտրությունների արդյունքները:
- Բայց Նիկոլ Փաշինյանը հեգնում է, ասելով` եթե ընտրությունները կեղծվել են, ինչո՞ւ փողոցները բազմամարդ չեն, ինչո՞ւ ընդդիմությունը չի պայքարում, իսկ ընդդիմության առաջնորդները տանը նստած քյաբաբ են ուտում:
- Նիկոլ Փաշինյանը հավանաբար նկատի ունի, որ ընդդիմության ռազմավարությունը չի նախատեսում հանրահավաքներ, նա այս հայտարարությամբ ընդամենը հերթական անգամ քննադատում է ընդդիմությանը, ուզում է ասել, որ ընդդիմադիր ուժերը հետևողական չեն իրենց ընտրողների նկատմամբ, բայց մենք ամբողջ օրը փոխադարձ քննադատություններ ենք լսում, իշխող ուժը ընդդիմությանն է քննադատում, ընդդիմությունը` իշխող ուժին է քննադատում, բայց ամեն մեկն ունի իր ռազմավարությունը, և ամեն մեկը իր պատկերացումներով է շարժվում դեպի նպատակ:
- Ձեր կարծիքով` հունիսի 7-ի ընտրություններն արդա՞ր ընտրություններ էին:
- Մեր կուսակցությունը բոյկոտել է ընտրությունները, մեր մոտեցումն այն է, որ քրեական հետապնդումները հնարավորություն չեն տվել, որպեսզի երկրում արդար, թափանցիկ ընտրություններ լինեն: Հենց իմ դեմ հարուցված գործը դրա վառ ապացույցն է, որը 2016 թվականից առաջին ատյանի դատարանում է: Աննախադեպ թվով քրեական վարույթներ, կալանավորումներ, վախի մթնոլորտ, և այլն: Անսովոր ցուցանիշ է սա մեզ համար, և փաստում է ընտրությունների խնդրահարույց արդյունքների մասին: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին, ապա նա առնվազն մի քանի անգամ պնդել է, որ պրոռուսական ուժերի ձայների 70 տոկոսը ընտրակաշառքով է ձեռք բերվել, իսկ դա արդեն իսկ փաստում է, որ ընտրությունները ազատ չեն եղել, և ընտրությունների արդյունքները պետք է ճանաչել անվավեր: Եթե պետության ղեկավարը ասում է, որ ընտրակաշառք է բաժանվել, ապա նա փաստում է, որ քվեարկության արդյունքները լեգիտիմ չեն: Մենք ունենք մի այնպիսի տարօրինակ իրավիճակ, որ և ընդդիմությունը, և իշխանությունը, ու անգամ իշխանության գործընկեր կուսակցությունը` «Հանուն Հանրապետության» այս ընտրությունների արդյունքները համարում են ոչ լեգիտիմ, ուստի այս ընտրությունների արդյունքները պետք է չեղարկել, և գնալ նոր ընտրությունների: Թեպետ նրանց պահանջները մեծ հաշվով տարբեր են, բայց եթե դիտարկում ենք չեզոք դիրքից, ապա ստացվում է, որ նրանց բոլորի ասածն այն է, որ ընտրություններն ազատ պայմաններում չեն կայացել:
- Նշեցիք, որ 2016 թվականից Ձեր դեմ հարուցված գործը տասը տարի շարունակ առաջին ատյանի դատարանում է: Ինչո՞ւ:
- Իմ դեմ քրեական գործ է հարուցվել 2016 թվականին` Սարի թաղի դեպքերով, առ այսօր քրեական հետապնդումը շարունակվում է: Պրոցեսը ձգձգվում է, իսկ ինձ մեղադրում են Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: Չորրորդ դատավորն են արդեն փոխում, անթիվ դատախազներ էլ այս գործը զրոյից են սկսել: Գլխավոր դատախազը համարում է, որ Սերժ Սարգսյանի օրոք հարուցված այս շինծու հիմքերով գործը պետք է շարունակել: