Քաղաքականություն

Լավրովը՝ «Հայկական ռադիոյի» մասին

Լավրովը՝ «Հայկական ռադիոյի» մասին

Փաշինյանի գրառումը կարդալուց հետո մեծ ցանկություն ունեցա հանդիպելու «Հայկական ռադիոյի» քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագրի հետ: Ինձ ասացին՝ այդպիսի պաշտոն մեզ մոտ չկա, իսկ եթե ուզում ես քննարկել Փաշինյանի գրառումը, ապա դիմիր Փաշինյանին, որովհետեւ «Հայկական ռադիոն» ամեն հիմար բան չի մեկնաբանում: Այո, ասում եմ, բայց Փաշինյանը սեւով սպիտակի վրա գրել է, որ «Հայկական ռադիոն» է հիմարություններ դուրս տվել «Զանգեզուրի միջանցքի» մասին, ասել է դա, իբր, միջանցք չէ, ուղի է, որ դա, իբր, «Զանգեզուրի» չէ, այլ «Թրամփի» է, որ դա, իբր, մեր սահմանների անխախտելիության շրջանակներում է, որ դա ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով ուղի է: «Հայկական ռադիոն», սակայն, համառեց՝ մենք Փաշինյանին այդպիսի բաներ չենք ասել, դա իր բստրածն է, իրենից պարզեք:

Գնացի դաչաներ՝ այնտեղ չէր: Եկա կառավարություն՝ ներս չթողեցին: Դարձյալ մտա իր ֆեյսբուքյան էջը, որ տեսնեմ՝ ուրիշ բաներ չի՞ գրել այս թեմայով՝ անտերություն էր: Էհ, չհասկացա… Իմ ընթերցողն ինչքա՞ն պետք է սպասի, որ լսի Փաշինյանի բացատրությունները «Զանգեզուրի միջանցքը» տալու մասին: Մի խոսքով՝ որոշեցի անձամբ պարզաբանել, հիմա եւ այստեղ:

Նախ կարդանք Փաշինյանի գրառումն ամբողջությամբ. «Հայկական ռադիոյին հարցնում են․ «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) կառավարությունը, ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի, «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին»։ Հայկական ռադիոն պատասխանում է․ «Ճիշտ է, բայց ի կատարումն ոչ թե «Մեծ Թուրան», այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ոչ թե «Զանգեզուրի», այլ՝ «Թրամփի», ոչ թե արտատարածքային, այլ՝ տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության  շրջանակներում, ոչ թե միջանցք, այլ՝ ուղի, ոչ թե միակողմանի, այլ՝ փոխադարձ առավելություններով»»։

Ես սկզբում մտածեցի, որ վարչապետն էլ է վերջապես մարդ եւ կարող է սրտի ուզածի չափ զվարճանալ Ֆեյսբուքում: Բայց հետո, երբ հանրագումարի բերեցի Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների խոսույթներն այդ «միջանցքի» մասին, անմիջապես զգաստացա, որ վիճակը լուրջ է, եւ սա ամենեւին էլ Փաշինյանի կողմից հրճվանքի արտահայտություն չէ: Եվ, իսկապես, ինչո՞ւ պետք է մարդկանց մոտ այսպիսի հարց ծնվեր.  «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) կառավարությունը, ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի՝ «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին»։ Իմիջիայլոց, այս հարցն ինձ էլ հանգիստ չի տալիս: Ադրբեջանին, հասկանալի է, պետք էր այդ միջանցքը՝ Նախիջեւանին, ապա Թուրքիային կապվելու եւ «Մեծ Թուրանի» նախագիծն առաջ մղելու համար: Իսկ մե՞ր ինչին էր պետք դա: ԽՍՀՄ-ը չէ՞ր կարող Մեղրիի այդ հատվածը մտցնել Ադրբեջանի կազմի մեջ ու հարցը լուծել: Կարող էր, բայց չի արել: Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չէի՞ն կարող Նիկոլի պես մի բան բստրել ու ավելի լավ պայմաններով տալ այդ չարաբաստիկ «միջանցքը»: Կարող էին, բայց չեն արել: Հիմա դու, Նիկոլ, տվել ես, դիմացը ոչինչ չես ստացել ու Ֆեյսբուքում չգիտեմ ինչ ճամարտակություններ ես անում՝ արդարացնելու քո հերթական… Ախր, սա զիջում էլ չէ, այլ քո հերթական պարտությունը, կապիտուլյացիան, հայրենադավությունը, թրքասիրությունն է:

Թե բա՝ Հայկական ռադիոյին են հարցրել… Իսկ գուցե «Հայկական ռադիոն» է՞լ ես դու: Ես ի՞նչ իմանամ: Դու հարցը տալիս, դու պատասխանում ես, ամեն ինչ գլխիվայր ներկայացնում, մոլորեցնում քո ունկնդիրներին: Ի՞նչ է նշանակում, օրինակ, այս ձեռնածությունը. «… ի կատարումն ոչ թե «Մեծ Թուրան», այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի»: Գլուխդ ես մտցրել՝ խաղաղության խաչմերուկ, հա խաղաղության խաչմերուկ: Ո՞ւր է… Այդպիսի նախագիծ անգամ գոյություն չունի, եթե այդ ուղղությամբ քո մտագարությունները չհաշվենք: Ամբողջ թիմդ նույն բանն է թութակում: Մի հարցնող լինի էդ դեբիլիկներին՝ դուք խաղաղության խաչմերուկի նախագիծը տեսե՞լ եք: Բա որ այդպիսի բան չկա, բա որ չեք տեսել, ինչո՞ւ եք, առաջ ընկած, «անխոչընդոտ եւ միակողմանի օգուտներով» միջանցք տրամադրում Ադրբեջանին:

Գրում է՝ ոչ թե «Զանգեզուրի», այլ՝ «Թրամփի», ոչ թե «միջանցք» այլ՝ «ուղի»: Տարբերությունը ո՞րն է, կներեք, եթե դա անցնում է մեր երկրով, բայց մերը չէ, եւ մենք չենք օգտվելու: Մյուս կողմից էլ՝ դու ինչքան ուզում ես, Թրամփի անունը տուր, Ալիեւն ու Էրդողանը՝ միջանցքի անմիջական շահառուները, այն մեծարելու են որպես «Զանգեզուրի միջանցք», եւ «Հայկական ռադիոն» դրա դեմ ոչինչ անել չի կարող: Հ1-ը եւ Պետրոս Ղազարյանն էլ չեն կարող ոչինչ անել:
Մարդը Սահմանադրության գլխից թռել, երկրի սահմանն աղավաղել է, հիմա եկել ասում է՝ «սահմանների անխախտելիություն»: Դու այս ո՞ւմ ես հիմարի տեղ դնում, Նիկոլ, ի՞նձ, թե՞ ժողջանիդ: Եվ անամոթաբար այս հիմարությունն էլ վերագրում ես «Հայկական ռադիոյին»: Նորից եմ ասում՝ մենք վերահսկողություն չունենք մեր սուվերեն տարածքով անցնող այդ կոմունիկացիայի վրա: Վերջ, հարցը փակված է, սա սուվերենության կորուստ է, սահմանի խախտում, եթե կուզես՝ ՄԱԿ անդամ պետության՝ օրը ցերեկով բռնաբարություն: Ես կասեի՝ խմբակային բռնաբարություն՝ քո մասնակցությամբ, Նիկոլ:

Եվ ամենաուժեղ բոցը․ «…ոչ թե միակողմանի, այլ՝ փոխադարձ առավելություններով»: Հիմա, խնդրում եմ, երեք քարտեզ դրեք ձեր առջեւ․ մեկը՝ մինչնիկոլյան, իսկ երկուսը՝ նիկոլյան Հայաստանի: Ի՞նչ ենք տեսնում նիկոլյան Հայաստանի քարտեզներում: Այո, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ (ենթադրում եմ՝ Ադրբեջանի հետ) առավելություններով զիջումներ: Նիկոլի տրամաբանությամբ՝ մենք Արցախը չենք զիջել, այլ հանուն «փոխադարձ առավելությունների ենք տվել Ադրբեջանին, Կիրանցն էլ ենք նույն տրամաբանությամբ տվել, Ջերմուկի բարձունքներն էլ, Գորիս-Կապան ճանապարհն էլ, Սեւ լիճն էլ… Հիմա նաեւ «Զանգեզուրի միջանցքը», իսկ վաղն էլ, երեւի, «Արեւմտյան Ադրբեջանն» ամբողջությամբ: Բա ի՞նչ էիք կարծում, «փոխադարձ առավելությունները» թանկ հաճույք են, որոնց համար վճարում է միայն Հայաստանը… Միակողմանի:

ՀԳ. Այստեղ է, որ չես կարողանում չհիշել նման դեպքերի համար ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի ֆրազը. «Дебилы, бля…»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image