Քաղաքականություն

Դամբուլը

Դամբուլը

Օրերս իշխանական շրջանակներից մի հայտնի մարդ փորձեց ծաղրել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ ի դեմս նրա առաջնորդ Բագրատ սրբազանի: Թե բա՝ դուրս է եկել, մնացել է փողոցում, տերտեր եւ այլն: Ես այդ «հայտնի» մարդու անունը չեմ տա, քանի որ այս հոդվածում նրան անվանելու եմ «դամբուլ», իսկ նա շուտ-շուտ դատարան վազելու սովորություն ունի եւ մի անբացատրելի սեր՝ հատկապես լրագրողներին դատի տալու: Դատվելու հավես չկա: Եվ, ուրեմն, կուզենայի այդ դամբուլին մի քանի հասարակ բաներ բացատրել, որ նա չի հասկացել ո՛չ իր նախընթաց կյանքում, ո՛չ էլ պաշտոնյա դառնալուց հետո:

Սկսեմ այնտեղից, որ, ի տարբերություն ՀՀ իշխանությունների որոշ կարկառուն դեմքերի, Բագրատ սրբազանն Արցախ չի տվել, Շուշի չի հանձնել, Հադրութ չի հանձնել, 5 հազար երիտասարդի մահվան պատճառ չի դարձել: Ավելին՝ Բագրատ սրբազանը չի ուրացել Արցախի Հանրապետությունը, որեւէ ակնարկ չի արել Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը զիջելու մասին: Ականջներդ լայն բացիր, դամբուլ, եւ լսիր՝ Բագրատ սրբազանին դեռ ոչ ոք դավաճան չի ասել, թուրք չի ասել, սրիկա չի ասել, հողատու չի ասել, կապիտուլյանտ չի ասել, բ-ի տղա չի ասել: Այս որակումները ձեզ են ուղղված եղել՝ ձեզ եւ ձեր ղեկավարին: Եվ այստեղ ձեր ու Բագրատ սրբազանի տարբերությունն այնքան մեծ է, որ ձեր ու նրա միջեւ համեմատության եզրեր որոնելն անգամ ծիծաղելի է:
Դամբուլ ջան, մի հատ հիշիր, թե ինչից ծագեց Սրբազան շարժումը եւ ինչից՝ ձեր թավշյա խեղկատակությունը: Դու երբեւէ կկարողանա՞ս ինձ համոզել, որ 2017թ. խորհրդարան անցած, խորհրդարանական ընտրությունների արդյունքները ողջունած եւ 7 մանդատով բավարարված ուժը բոլոր հնարավորություններն ուներ գնալու Գյումրի, Գյումրիից գալու եւ իշխանություն վերցնելու: Արդյոք սա ֆանտաստիկայի ժանրի մտավարժանք չէ՞, որի անունը դրեցիք «հեղափոխություն», էն էլ՝ «հայկական հեղափոխություն»:

Դամբուլ ջան, այդ օրերին ես քեզ չեմ էլ տեսել Նիկոլի հարթակների վրա: Եթե չեմ սխալվում, դու առաջին անգամ երեւացիր, երբ Նիկոլին Էրեբունիում բռնեցին ու մտցրին ծակը: Իսկ ո՞ւր էիր մինչ այդ, դամբուլ: Բայց արի տեսնենք, թե ինչու եւ ինչից ծագեց Սրբազան շարժումը: Այո, այն ծագեց, որովհետեւ դուք գնացիք Կիրանց եւ ժողովրդին ֆռռացրիք, թե գյուղ չեք հանձնելու, որ ձեռքներդ կկտրեք, բայց գյուղ ու տուն չեք հանձնի: Կիրանցից Երեւան չհասած՝ հանձնեցիք: Իսկ մինչ այդ հանձնել էիք Գորիս-Կապան ճանապարհը, Սեւ լիճը, Ջերմուկի դիրքերը: Հիմա էլ Տավո՞ւշ… Ժողովրդի բողոքն ու հիասթափությունը մեծ էր: Դա Գյումրու՝ պլպլան բաներով հիացող ժողովուրդը չէր: Տավուշի մի քանի գյուղեր ոտքի կանգնեցին, ճանապարհներ փակվեցին, եւ, ինչպես Սյունիքում, ձեզ ասացին՝ «սիկտիր»: Ընդդիմադիր քաղաքական ուժերն արձագանքեցին, արձագանքեց նաեւ Հայ առաքելական եկեղեցին, որ իր գոյության ընթացքում երբեք անմասն չի եղել հող հայրենիի համար պայքարին: Եվ այսպես սկսվեց Սրբազան շարժումը, որի գլուխ անցավ հոգեւորականը՝ ժողովրդի եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի միահամուռ կամքով:

Դամբուլ, մի հատ հիշիր նաեւ, թե ինչպես էր Նիկոլն իրեն ճղում վարչապետ հռչակվելու համար, եւ ինչպես Բագրատ սրբազանին հրապարակն ընտրեց ժամանակավոր կառավարության ղեկավար: «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Սրանք Նիկոլի խոսքերն են, դամբուլ: Զգում ես, չէ՞, թե համեստության ինչպիսի տիպար է Նիկոլը: Իսկ հիմա հիշիր, թե քանի հանրահավաք տեղի ունեցավ, մինչեւ Բագրատ սրբազանը համաձայնեց ժողովրդի պահանջով իր հոգեւոր գործունեությունը միառժամանակ «սառեցնել» ու ստանձնել Հայաստանն այս խայտառակ վիճակից դուրս բերելու համար ժամանակավոր կառավարություն կազմելու եւ այդ կառավարությունը գլխավորելու գործը:

Դամբուլ ջան, շարժման օրերին դուք ձեր ղեկավարի հետ թռած էիք: Հայաստանում մնացել էին ժողովուրդը, Սրբազան շարժումը եւ կարմիր բերետավորները: Այդ օրերին ձեզ նույնիսկ համեմատում էին անորսալի Ջոյի հետ: Հիշո՞ւմ ես: Ես էլ եմ հիշում՝ մի կուշտ ծիծաղեցինք «ցռանվերգոներիդ» վրա: Խեղճ Բագրատ սրբազան, ե՞րբ էիր այդքան կարմիրբերետավոր տեսել, որ այդ օրերին տեսար: 2018 թվին Հայաստանում կարմիր բերետավոր չկար: Մի հատ Օսիպյան էր, որին հարգում էին թե՛ ցուցարարները եւ թե՛ անձամբ Նիկոլը: Ի՜նչ բրթել, ի՜նչ քաշքշել, ի՜նչ բերման ենթարկել: Նռնա՞կ… Օսիպյանին ո՞ւր էր նռնակ, որ մի հատ էլ պայթեցներ: Ոչինչ չկար: Դուբինկա չկար, էլեկտրաշոկեր չկային, ցուցարարներին բերման ենթարկելու բեռնատարներ չկային, ԱԱԾ չկար, դատախազություն չկար… Ոչ մի քրեական գործ, իշխանությունը բռնի զավթելու փորձի մեջ ոչ մի մեղադրյալ: Ամեն ինչ ՕՔ էր, ոստիկանության հետ քաղաքացիների անմիջական շփումն էլ էր ՕՔ… Օսիպյանն այդ օրերին տուն էր գնում շրթներկի մեջ կորած… Պարոն Օսիպյան, արձագանքեք, ճիշտ չե՞մ ասում: Բա էն «քսիվները», որ Նիկոլը փոխանցում էր… Այս ամենը ես մի արտահայտությամբ կբնութագրեի՝ ոստիկանությունը, երեւի, իր պարտականություններն էր կատարում: Դամբուլ ջան, դու այսօրվա ոստիկանությանը կհամեմատե՞ս Օսիպյանի ոստիկանության հետ:

Իսկ հիմա՝ այն մասին, դամբուլ ջան, որ Բագրատ սրբազանն իբր մնացել է փողոցում: Դա դու ես ասում: Ես տրամագծորեն հակառակ կարծիքի եմ: Սրբազանը քաղաքական գործիչ չէ, հետեւաբար՝ նա ո՛չ ընդդիմադիր է, որ մնա փողոցում, ո՛չ էլ իշխանավոր, որոնց երբեմն մերժում եւ ուղարկում են փողոց: Այն, որ Բագրատ սրբազանն ասում է` նեռին պետք է հեռացնել, դեռ չի նշանակում, որ նա ընդդիմություն է եւ գտնվում է կամ, ավելի ճոխ ասած` մնացել է փողոցում: Սրբազանն ասում է այն, ինչ պետք է անել, ինչ պետք էր անել մինչ հիմա, որ երկիրն այս օրը չընկներ: Իսկ այն, որ նրա երթերը, հավաքները դրսում են, նշանակում է մեկ բան` նա ավելի մոտ է ժողովրդին, այդ թվում՝ նաեւ այն մարդկանց, որոնց արդեն 6 տարի է, դամբուլ ջան, դուք թլսորում եք, ֆռռացնում, խաբում:

Սրբազանի համար ես հանգիստ եմ, դամբուլ ջան: Նա քաղաքական գործիչ չէ, հետեւաբար՝ նաեւ կապիկ չէ, ինչպես քաղաքական գործիչներից շատերդ: Նա միշտ էլ տեղ կունենա գնալու, որտեղ նրան սիրով են սպասում: Իսկ թե դու ուր ես գնալու, դամբուլ, երբ իշխանազրկվես, չգիտեմ: Դու նույնիսկ փողոցում չես կարող մնալ: Դու քո պաշտոնում արդեն մերժված ես թե՛ ժողովրդի, թե՛ եկեղեցու եւ թե՛ փողոցի կողմից:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image