Օտարերկրյա բանկերը, որոնք ռուսական շուկա են մուտք գործել դեռ 2000-ականներին, եւ չեն հասցրել «դուրս թռչել» ռուսական շուկայից նախքան Արեւմուտքի հետ հարաբերությունների սրացումը, շատ մեծ դժվարությամբ կկարողանան հեռանալ Ռուսաստանից։ Ռուսական իշխանությունները որոշել են օտարերկրյա բանկերի, ֆինանսական եւ վարկային կազմակերպությունների՝ ռուսական շուկայից հեռանալը կապել արտասահմանում ունեցած ռուսական սառեցված միջոցների ապասառեցման հետ։
Ընդ որում, վերջնական որոշումները կայացվում են ՌԴ նախագահի աշխատակազմում՝ յուրաքանչյուր բանկի համար առանձին-առանձին քննարկումից հետո։ Reuters-ը գրում է, որ շատ դեպքերում ռուսական իշխանություններն այս հարցը նաեւ քաղաքական նկատառումներով փորձում են շահարկել, ցույց տալով, որ «ուզենք թույլ կտանք, ուզենք՝ ոչ, ուզենք կազգայնացնենք, ուզենք՝ ոչ»։