Մարտի սկզբից Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցներն անոնիմ զանգեր են ստացել, հիմնականում՝ վիրավորանքներ, սպառնալիքներ: «Հրապարակի» հետ զրույցում պատմեց Էռլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս, հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Պետրոսյանը:
«Զանգում են, անունով դիմում են, կարծես ճանաչում են անձին: Ներկայանում են կա՛մ թուրք, կա՛մ ադրբեջանցի եւ սկսում են հայհոյել, վատ բառապաշար օգտագործել՝ հիշելով 1915 թվականը, ասում են՝ մենք չենք մոռացել 1915 թվականը, թե ինչ ենք արել, նորից նույնը կրկնելու ենք՝ գալու ենք, բռնաբարելու ենք եւ այլն»,- ասաց գերմանահայ իրավաբանը:
Նման խնդրով արդեն տասնհինգ հայ մարդ է դիմել նրանց գրասենյակ: Հետաքրքիրն այն է, որ դիմող հայերը միմյանց չեն ճանաչում՝ բնակվում են Գերմանիայի տարբեր հատվածներում: «Տպավորություն է ստեղծվում, որ կազմակերպված արշավ է, միայն այս քանի օրը դեռ ոչ մի դիմում չենք ստացել: Իհարկե, չգիտենք, թե իրականում ինչքան են այդպիսի զանգեր տեղի ունեցել, շատերն այդ մասին երեւի թե չեն էլ բարձրաձայնել: Նաեւ այսպիսի դրվագներ ունենք, որ Տելեգրամով պատերազմական հանցագործությունների պատկերներով ստիկերներ են ուղարկել»,- ասաց իրավաբանը: Անանուն զանգեր ստացողներն արդեն ոստիկանություն են դիմել, սակայն խնդիրն այն է, թե ինչպես կընթանա հետաքննությունը, որովհետեւ զանգերն անանուն են, զանգողները թե՛ տղամարդու, թե՛ կնոջ ձայնով են խոսել, եւ հիմա ոստիկանությունը պետք է պարզի նրանց ինքնությունը:
«Խնդիրն անոնիմ զանգերի պարագայում այն է, որ դրանց բացահայտումն առավել բարդանում է այն դեպքում, եթե դրանք իրականացնելու ընթացքում հատուկ հավելվածներ են օգտագործվել»,- նշեց Պետրոսյանը: Պարզ է, որ ոչ բոլորն են դիմել ոստիկանություն, միայն արձանագրված զանգ ստացողների 60 տոկոսն է դիմել իրավապահ մարմիններին, շատերը չեն ուզում որոշակի իրավաբանական պրոցեսների մեջ ներքաշվել: «Երկու հոգի պաշտպանության տակ են վերցված ոստիկանության կողմից, սակայն ավելին այս պահին չեմ կարող ասել»,- նշեց իրավաբանը:
Գուրգեն Պետրոսյանը շեշտեց նաեւ, որ այդ դիմումները ստանալուց հետո խոսել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի իրենց գործընկերների հետ եւ պարզել, որ այնտեղ նման դեպքեր չեն արձանագրվել: «Ապրիլի 15-ից հետո մեզ ոչ ոք դիմում չի ներկայացրել, չգիտենք, թե ինչքանով էր սա պատահականություն, ինչքանով էր սա արշավ: Ես ավելի հակված եմ այն մտքին, որ սա արշավ է, սակայն դեռեւս հիմնավոր փաստեր չունենք, զուտ ենթադրություններ են»,- նկատեց Պետրոսյանը:
Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այն հայերը, որոնք ստացել են զանգեր, զբաղվում են ազգային գործունեությամբ: Մեր զրուցակիցն ասաց, որ կան թե՛ ամենասովորական հայեր, թե՛ հասարակական գործունեություն ծավալողներ, այնպես որ, տուժողների ընտրությունը` հանցագործների կողմից, դեռեւս իրենց անհասկանալի է: «Փորձում ենք նախ ծավալը հասկանալ, հասկանալ, թե ոստիկանության հետաքննությունը մեզ ուր կհասցնի»,- եզրափակեց Գուրգեն Պետրոսյանը: