Ուկրաինայի հարցով բանակցություններից տպավորություն է առաջանում, որ բանակցող կողմերը՝ Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ տարբեր երկրներ, փորձում են խաղաղություն պարտադրել Ուկրաինային: Սա շատ նման է համատեղ ջանքերով Գերմանիային խաղաղություն պարտադրելու գործընթացին: Հիշում եք, հավանաբար, թե ինչպես Նորմանդիայում ափ իջան անգլո-ամերիկյան դաշնակից զորքերը եւ, ընդառաջ գալով սովետական բանակին, կապիտուլյացիա պարտադրեցին Գերմանիային: Զելենսկին դեռ դիմադրում է, փորձում է Արեւմուտքին համոզել՝ զենք ու փող տալ՝ պատերազմը շարունակելու համար, բայց Արեւմուտքը (հատկապես ԱՄՆ-ն), ելնելով իր հաշվարկներից, պնդում է այն դադարեցնելու տարբերակի վրա: ԱՄՆ-ն Ուկրաինայից արդեն իսկ ստացել է իր հասանելիքը՝ հազվագյուտ մետաղների հանքերի շահագործման մենաշնորհը, հերթն այժմ եվրոպական երկրներինն է՝ վերականգնելու «պատմական ճշմարտությունը» եւ ձեռք գցելու Ուկրաինայի արեւմտյան տարածքները, ինչպես նաեւ՝ Մոլդովան (Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա): Եթե ուշադրությամբ հետեւենք Թրամփ-Զելենսկի հանդիպումների ժամանակ տեղի ունեցող քննարկումներին, ապա կտեսնենք, թե ինչպես է Թրամփը համոզում Զելենսկուն՝ դադարեցնել կրակը եւ նստել Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ: Զելենսկին, սակայն, ինչպես ասացի, դիմադրում է: Ու եթե այնպես ստացվի, որ այս պատերազմում Ուկրաինան կորցնի նորանոր տարածքներ ու քաղաքներ, օրինակ՝ Խարկովը, Օդեսան եւ այլն, Թրամփը կարող է հանգիստ խղճով հայտարարել, որ ինքը մի քանի անգամ փորձել է դադարեցնել կրակը, բայց Զելենսկին համառել է ու դրա արդյունքում տվել Խարկովն ու Օդեսան: Ծանոթ իրավիճակ է, այնպես չէ՞: Պուտինն ասում էր՝ ես առաջարկեցի դադարեցնել կրակը, Շուշիի մասին ընդհանրապես խոսք չկար, բայց Նիկոլ Վավաեւիչը համառեց, շարունակեց «պատերազմը» եւ տվեց Շուշին:
Նիկոլ Վավաեւիչին դեռ կանդրադառնանք, բայց առայժմ՝ եւս մի քանի խոսք Ուկրաինայի մասին: Ուրեմն Զելենսկին, որ Դոնբասը, Խարկովի մարզի եւ ծովափնյա տարածքների մի հսկայական մաս արդեն իսկ կորցրել է, երեկ իր բանակի հրամանատարության շուրթերով հայտարարություն էր տարածել, թե 3 գյուղ է ազատագրել: Նրա կարծիքով՝ այդ հայտարարությունից ոգեւորված՝ Արեւմուտքը հիմա-հիմա նետվելու է Ռուսաստանի դեմ պատերազմի թատերաբեմ, բացելու է գրպանները, զորք է բերելու Ուկրաինա եւ շարունակելու է «ազատագրական» պատերազմը: Զելենսկու փոքրիկ ուղեղը, փաստորեն, ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, որ Ուկրաինայի գնացքը գնացել է արդեն, ու ժամանակը վաղուց աշխատում է ոչ թե Ուկրաինայի, այլ Ուկրաինան մասնատելու մոլուցքով ոտքի կանգնած հարեւան պետությունների օգտին, որոնք պատրաստ են խաղաղության դիմաց Ուկրաինայի որոշ շրջաններ լավ գնով վաճառել հենց իրենց՝ ուկրաինացիներին: Զելենսկին կարող էր իր հրաժարականով արագացնել խաղաղության հաստատումը եւ պահպանել Ուկրաինայի համեմատաբար ավելի մեծ տարածքներ, բայց, ավաղ, Արեւմուտքի դրդմամբ եւ աջակցությամբ նա մնաց իշխանության եւ երկիրը հասցրեց կործանման եզրին: Ո՞ւր մնացին Ուկրաինան ՆԱՏՕ մտցնելու, ԵՄ անդամ դարձնելու խոստումները: Այսօր մնում է, որ դաշնակից եվրոպական զորքերը մտնեն Լվովի կողմից եւ ռուսների հետ Ուկրաինային կապիտուլյացիա թելադրեն Կիեւում: Հարց է առաջանում՝ Զելենսկին իր մեջ ուժ կգտնի՞, արդյոք, սեփական ձեռքով ստորագրել այդ ակտը, թե՞, այնուամենայնիվ, մեկ օր շուտ հրաժեշտ կտա կյանքին: Բայց, մյուս կողմից էլ՝ հետին թվով ի՞նչ նշանակություն կունենա, թե Ուկրաինայի կողմից ով կստորագրի այն:
Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, որ ինքը, ի տարբերություն Զելենսկու, խաղաղությունը բերել է արդեն: Այո, տվել է Արցախը, ազատագրված տարածքները, ՀՀ որոշ սուվերեն տարածքներ, միջանցքն էլ, ինչպես հարկն է, արտապատվիրակել է ու բերել խաղաղություն: Տեսնենք տարբերությունը հիմա Փաշինյանի եւ Զելենսկու միջեւ: Քաղաքագիտորեն ոչ մի տարբերություն չկա: Երկուսի իդեա ֆիքսն էլ սեփական աթոռն է, երկուսի երազանքն էլ երկրի մնացորդացի վրա սեփական իշխանությունը պահելը: Տարբերությունը, սակայն, այն է, որ Զելենսկին պատրաստ է կռվել մինչեւ վերջին ուկրաինացին (1,2 միլիոն զոհ ունեն արդեն), իսկ Նիկոլը, արտաքին թշնամուն թողած, կռիվը շարունակում է ներսում՝ սեփական պետության եւ ժողովրդի դեմ: Էլ չսպասեց, որ Ալիեւն առաջինը հայտարարի Հայաստանի հետ խաղաղության մասին: Վեր կացավ ու… Թե բա՝ իմ զրո կետից խաղաղություն եմ բերել, պիտի սովորենք այդ կետից խաղաղ ապրել: Ի՞նչ նկատի ունի՝ ես չգիտեմ: Ասում է՝ տակավին ադրբեջանական տարածքներ կան Հայաստանում, սահմանազատումն ու սահմանագծումը դեռ շարունակելու ենք… Ալիեւն այնտեղից ասում է՝ բա սահմանադրությո՞ւնը, բա ադրբեջանցիների վերադա՞րձը «Արեւմտյան Ադրբեջան», սրանք այստեղ դեսպանահավաք են անում, որ տեսնեն՝ ինչպես աշխարհին դիվանագիտորեն բացատրեն ՀՀ խաղաղասիրական քաղաքականությունը: Բայց ո՞վ է քեզ տվել այդ խաղաղությունը, Նիկոլ, ինչո՞ւ է քեզ թվում, որ դու կարողացել ես խաղաղություն հաստատել՝ ինքդ գտնվելով գայլերի շրջափակման մեջ: Քո դիվանագետներից որեւէ մեկը քեզ չասա՞ց, որ դու Հայաստանը դարձրել ես ոչ թե խաղաղության, այլ օտար շահերի բախման խաչմերուկ, եւ նոր պատերազմն այստեղ ոչ թե տարիների, այլ օրերի հարց է միայն: Կանգնել ճամարտակում ես համաշխարհային գործընթացներին ինտեգրվելու եւ մյուս պետություններին համաքայլ ընթանալու անհրաժեշտության մասին: Լավ միտք է, իհարկե, բայց մի հատ Զելենսկուն հարցրու՝ ինչի՞ց է, որ նա ողջունում է քո բերած «խաղաղությունը», բայց ինքը չի ուզում քո իսկ պայմաններով խաղաղություն կնքել Ռուսաստանի հետ ու համաքայլ ընթանալ աշխարհին: Ի դեպ, Զելենսկին էլ կարող էր մեկ օրում Օդեսան հայտարարել ռուսական քաղաք (ինչպես դու Արցախը հայտարարեցիր ադրբեջանական), մեկ օրում մոռանալ Դոնբասի մասին (ինչպես դու՝ ՀՀ օկուպացված տարածքների մասին), մեկ օրում երկիրն արտապատվիրակել ԱՄՆ-ին (ինչպես դու՝ միջանցքը) եւ չորրորդ օրը հայտարարել, որ խաղաղություն է բերել, մե չտեսնված անկախություն ու ինքնիշխանություն: Բայց Զելենսկուն ո՞ւր է էդքան խելք, ո՞ւր է ուկրաինացիներին մանիպուլացնելու այդպիսի շնորհք: Եվ, պատկերացրու, Նիկոլ, որ սա է քո եւ Զելենսկու բուն տարբերությունը: Իսկ պատերազմը, Նիկոլ, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում շարունակվում է: