Հասարակություն

«Հրապարակ». 7 տարում միայն Լֆիկից են 2 շենք վերցրել

«Հրապարակ». 7 տարում միայն Լֆիկից են 2 շենք վերցրել

Երեւանում մանկապարտեզների գերբեռնվածության խնդիրը հազարավոր երեխաների ու նրանց ծնողների համար շարունակում է խնդրահարույց մնալ։ Նախադպրոցական տարիքի բազմաթիվ երեխաներ, ըստ էության, զրկված են կրթության իրավունքից՝ մանկապարտեզների ծանրաբեռնվածության կամ բացակայության պատճառով։ 
Անկախացումից ի վեր, հատկապես 90-ականներին, Երեւանի կենտրոնում փակվել, ապա մասնավորեցվել է մոտ 2 տասնյակ մանկապարտեզ։ Դրա պատճառները ե՛ւ օբյեկտիվ են եղել, ե՛ւ սուբյեկտիվ: Օբյեկտիվ էր այն, որ շատ մանկապարտեզներ չէին ջեռուցվում, ծնողները երեխաներին չէին ուղարկում մանկապարտեզ, եւ դրանց պահանջարկը չկար: Սուբյեկտիվ էր թերեւս այն, որ շենքերի, կառույցների, բնակարանների պակաս կար երկրում, եւ համապատասխան հսկողություն չկար, ուստի շատ անհատ անձինք օգտվում էին այդ քաոսային վիճակից, երբ գործարաններ ու պետական հաստատություններ էին մասնավորեցվում, եւ յուրացնում էին այդ շենքերը: Օրինակ, հայտնի փաստ է, որ Կենտրոնի նախկին թաղապետ, ապա Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մի քանի մանկապարտեզ էր սեփականացրել, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էլ որոշ մանկապարտեզային շենքեր սեփականացրել էր օլիգարխ Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, որոշ մանկապարեզներ էլ դարձել էին հյուրանոցային, մասնավոր տարածքներ եւ այլն:

Բայց այդ ժամանակներից անցել է 30 տարի, կարող էին այս տարիներին տասնյակ մանկապարտեզներ բացել եւ բավարարել պահանջարկը, որ մարդիկ երեխայի ծննդյան օրվանից չհերթագրվեին ու տարիներով չսպասեին իրենց հերթին: Ի վերջո, 7 տարվա ընթացքում կարող էին այդ հարցը լուծել, այլ ոչ թե ողջ օրը խոսել թալանից, թալանը վերադարձնելուց, բայց ոչինչ չանել: 7 տարի է անցել, ինչ նախկիններն այլեւս իշխանության չեն,  նախադպրոցական քանի՞ հիմնարկ է ետ բերել Երեւանի քաղաքապետարանը, քանի՞սն են վերանորոգվել եւ հանձնվել շահագործման եւ քանի՞սը պետք է վերադարձվի Երեւանին։ 

Այս հարցերի պատասխանները ստանալու համար մենք գրավոր հարցմամբ դիմել էինք Երեւանի քաղաքապետարանին, որտեղից մեզ պատասխանել են․ «Տեղեկացնում ենք, որ նախկինում Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող եւ այլ սուբյեկտների կողմից սեփականաշնորհված մանկապարտեզների շենքերը համայնքին վերադարձված լինելու վերաբերյալ տեղեկատվություն Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության եւ անշարժ գույքի կառավարման վարչություններում առկա չէ: Միաժամանակ հայտնում ենք, որ Լենինգրադյան փողոցի հ. 33 հասցեում գտնվող գույքը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 29.10.2008թ. հ. 229-Ա որոշման եւ 30.04.2009թ. կնքված անհատույց օգտագործման հ. 1164 պայմանագրի հիման վրա տրամադրված է եղել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Կադաստրի կոմիտեի կողմից 04.07.2019թ. տրված տեղեկանքի համաձայն՝ «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական ՀԿ-ի անվամբ 30.04.2009թ. հ. 1164 պայմանագրով գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվել է, եւ քննարկվող գույքը՝ համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի հ. 2574025 վկայականը հանդիսանում է համայնքային սեփականություն: Ներկայում քննարկվում է նշյալ շենքի հիմնանորոգման եւ հետագայում որպես համայնքային մանկապարտեզ գործարկման հարցը: Նշենք, որ արդեն մեկնարկել է Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան 33 հասցեում «Վերոնիկա» (պատկանում էր Սամվել Ալեքսանյանին՝ խմբ․) նոր մանկապարտեզի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատվիրման գործընթացը»։

Ի՞նչ է ստացվում, որ անցած 7 տարվա ընթացքում քաղաքային իշխանությունները կարողացել են համայնքին վերադարձնել 2 շենք, որոնք նախկինում շահագործվել են Սամվել Ալեքսանյանի ընտանիքի կողմից, ոչ մի խոսք չկա Գագիկ Բեգլարյանի կողմից յուրացված շենքերի վերաբերյալ, մինչդեռ 2020 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու համար։ Խոսքը մայրաքաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է։
Բացի սրանից, ՔՊ-ական Արայիկ Հարությունյանն է այս տարվա մայիսին գրառում արել ու մանկապարտեզների մի հսկայական ցանկ հրապարակել եւ կրկին մեղադրել նախկիններին՝ 1998-2018 թվականներին բյուջեից գողանալով հարստանալու եւ երեխաների կրթությունը գողանալու մեջ։ Պոպուլիզմի ու անմեղության կանխավարկածի խախտման փայլուն օրինակ: Եթե գողացել են` դատեք, հետ բերեք, եթե չեք դատում եւ չեք կարողանում գողությունն ապացուցել, ուրեմն պոպուլիստական գրառումներ մի արեք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image