Նախօրեի բազմահազարանոց հանրահավաքից հետո հետաքրքիր էր կարդալ տարատեսակ փորձագետների եւ վերլուծաբանների արձագանքները՝ ուղղված հանուն հայրենիքի ծավալվող շարժման դեմ։ Ի սկզբանե արձանագրենք, որ մեծ մասը, ըստ էության մեկ կենտրոնից թելադրված տեքստեր էին, ոչնչով աչքի չընկնող․ նույն լեզվամտածողությունը, գրեթե նույնական բառապաշարը եւ տոնայնությունը։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառման մեջ, օրինակ, որոշակի սպառնալիք կար (որպես ապացույց՝ իշխանության ներսում գտնվողների ընդհանուր տրամադրությունների եւ մտայնությունների) Գարեգին 2-րդի, Միքայել արքեպիսկոպոսի ու Բագրատ արքեպիսկոպոսի վերաբերյալ։ «Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել...»,- գրում է Սաֆարյանը։ Մեկ ուրիշ իշխանական քաղաքագետ՝ Հարություն Մկրտչյան, գրել էր, որ եկեղեցին «վարկաբեկելու» համար հատ-հատ պատասխան եք տալու։ Տա Աստված, որ սխալվեմ, բայց կարծես թե Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում էլ որոշակի «սպառնալից նոտաներ» հնչեցին, այսպես ասած, «եկեղեցական թեմատիկայով» խոսելիս։
Ուստի մի քանի արձանագրում, որոնք պետք է որ հետաքրքրեն իշխանություններին, եւ վստահ ենք, որ կհետաքրքրեն նաեւ իշխանական «քաղաքագետներին»։ Ամենայն հայոց կաթողիկոսը կամ բարձրաստիճան եկեղեցականը՝ եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս, շարքային հոգեւորական չեն, որոնց փիլոնազրկումը կամ կարգալուծությունը որոշվի, այսպես ասած, «ներքին կարգապահական» կանոնակարգերին հետեւող եկեղեցական մարմինների մակարդակով, օրինակ՝ Մայր Աթոռում գործող կարգապահական հանձնախմբի մակարդակով։
«Հրապարակը» որքան կարողացավ ճշտել Մայր Աթոռի իր աղբյուրներից, Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, եւ կարող է գահընկեց անել միայն Ազգային եկեղեցական ժողովը։ Եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների պարագայում էլ միայն Եպիսկոպոսական ժողովը կարող է որոշում կայացնել, այն էլ՝ այս պարագայում անհրաժեշտ է եպիսկոպոսների համաձայնությունը։ Գոնե այժմյան դրությունն է այդպիսին։ Հետեւաբար, Հայաստանի ոչ մի իշխանություն՝ լինի Նիկոլի, Սերժի, Ռոբերտի, Լեւոնի թե Պողոսի ու Պետրոսի գալիք իշխանությունը, մեծ հաշվով, այս իմաստով առաքելական եկեղեցու վրա ներազդման որեւէ լծակ ու հնարավորություն չունի։ Ավելին, առաքելական եկեղեցու բարձրաստիճան կազմի վրա որեւէ ռեպրեսիվ ներազդման միջոցն էլ կարող է Հայաստանի ցանկացած իշխանության դնել շատ տհաճ իրավիճակներում։ Արձանագրենք նաեւ, որ, անկախ այն հանգամանքից, դա լավ է, թե վատ, առաքելական եկեղեցին իր գոյության ավելի քան 1700 տարիների ընթացքում մշակել է եկեղեցակրոնական իշխանության այնպիսի ինքնաբավ մեխանիզմ, որով միայն եկեղեցին կարող է որոշել իր հարցերը։ Հատկապես որ եթե հարցն այս կոնտեքստով է դրված, ապա այն ողջ առաքելական եկեղեցուն է վերաբերում, որը ներկայացված է աշխարհի 70-ից ավելի երկրներում իր երկու կաթողիկոսություններով եւ երկու պատրիարքություններով։
Հետաքրքիր նյութերը, որոնք ջնջվում են ֆեյսբուքի կողմից, կարող եք կարդալ այս հղումով՝ https://hraparak.am/