Երբ մեկ տարի առաջ այս օրերին դեռեւս ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլարշավ էր կատարում դեպի Երեւան, որպեսզի ավելի ուշ, համախմբելով ժողովրդին, պահանջի ԱԺ-ի կողմից ընտրված Սերժ Սարգսյանի հրաժարականը, երեւի քչերն էին հավատում, թե ինչ կարող է տեղի ունենալ հաշված օրեր անց։
Թավշյա հեղափոխությունից հետո հանրությունն, իհարկե, ոգեւորված էր, մեծ էին սպասելիքները նոր իշխանություններից՝ արդարության հաստատման, տնտեսության զարգացման, հեղափոխական լուծումներ որոնելու եւ գտնելու հարցերում։ Այս ընթացքում ականատես եղանք բազմաթիվ բողոքի ակցիաների, դիմադրության, քննադատության, պահանջների։ Երկու տասնամյակից ավելի նախկին իշխանությունների կամայականությունները լուռ ու մունջ հանդուրժած տարբեր կոլեկտիվներ, անհատներ հասցրեցին իրենց բոլոր պահանջները ներկայացնել անփորձ ու երիտասարդ իշխանություններին։
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը երկրում անած ամիսներին կատարված էական փոփխությունը համարում է այն, որ ստեղծվել է փոփոխությունների հնարավորություն։
«Երկիրը գտնվում էր անդունդում, հիմա ստեղծվել են փոփոխությունների հնարավորություններ։ Արդյո՞ք այն փոփոխությունները, որոնք անվանում ենք հեղափոխություն, արդեն սկսվել են։ Կարծում եմ, որ՝ ոչ։ Հեղափոխությունը արժահամակարգի փոփոխությունն է։ Եթե մենք իսպառ վերացնենք կաշառակերությունը, ընտրությունների կեղծումը, անօրինականությունները, ապա դա չի նշանակում հեղափոխություն։ Դա նշանակում է՝ գոյություն ունեցող կյանքի շրջանակում փոխել ինչ-որ բաներ, դրանք դարձնել ընդունելի։ Եթե մեր կյանքի բարձրագույն նպատակները մնում են նույնը, ինչ եղել է նախկինում, մարդիկ պետք է հարստություն կուտակեն, որ հաճույք ստանան, ապա գիշերային ակումբը մնում է մեր եկեղեցին, փողը՝ Աստվածը։ Այս իմաստով կա փոփոխությունների սպասում, բայց դեռ չկա փոփոխությունների ընթացք»,- կարծում է Աշոտ Մանուչարյանը։
Սրճարանների ապամոնտաժման, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի փոփոխությունների ժամանակ առաջացած հանրային որոշակի դիմադրությունն արդյո՞ք հին եւ նոր պատկերացումների բախումը չէ։
Աշոտ Մանուչարյանը նշում է․ «Եթե Դուք չեք դրել ավելի բարձր կարգի խնդիրներ, ապա ցանկացած փոփոխության մարդիկ դիմադրելու են։ Իսկ դիմադրելու են, որովհետեւ չեն հասկանում փոփոխության իմաստը»։
Մեր դիտարկմանը, որ նման փոփոխություններն ուղղված են օրենքը կիրառելուն, Աշոտ Մանուչարյանն արձագանքեց․ «Օրենքով շարժվել են այն մարդիկ, որոնք Ամուլսարը, որպես հանք, տրամադրել են, որպեսզի մեր երկիրը ոչնչանա։ Եվ մեր երկրի ոչնչացմանն ուղղված բոլոր քայլերը վերջին տասնամյակներում կատարվել են՝ ըստ օրենքի։ Այն օրենքները, որոնք վերջին երեսուն տարվա ընթացքում ստեղծվել են մեր երկրում, ոչ մի կապ չունեն մեր ժողովրդի հետ, քանի որ երկիրն օկուպացված է։ Այնպես որ՝ այսօր օրենքով գործելը ոչինչ չի նշանակում, բացի նրանից, որ ես ուզում եմ պահպանել այն եղածը, որը կար»։