Տեսակետ կա, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտի ներսում սկսված քաղաքացիական պատերազմը պայմանավորված է Հայաստանի գործերում Ռուսաստանի ազդեցության հնարավոր աճի սպասումով: Տրամաբանությունը հետեւյալն է` ռուսները կարգավորում են իրենց հարցերն Ուկրաինայում եւ ունենալով ազատ ժամանակ ու ռեսուրսներ՝ սկսում են զբաղվել Հարավային Կովկասով, այդ թվում` Հայաստանով, որտեղ իշխանությունը հիմա պրոարեւմտյան-թուրքահպատակ է, աջակցում են Հայաստանում իրենց նախընտրած քաղաքական ուժին` հեռացնել գործող իշխանությանը եւ վերցնել իշխանությունը: Հիմա պայքար է գնում Ռուսաստանի նախընտրելի ուժը դառնալու համար` ով է իսկական ընդդիմադիրը, ով է իրական ռուսամետը, ով` ռուսամետի դիմակի տակ թաքնված արեւմտամետը, ով է իրական դաշնակիցը, ով` դավաճանը: Պետք է այնպես անել, որ ռուսներն այստեղ վերադառնալուց առաջ նախապես կողմնորոշված լինեն, որ հերթական անգամ չսխալվեն: Դրա համար են Ռոբերտ Քոչարյանի թիմի ներկայացուցիչները փորձում համոզել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Սերժ Սարգսյանի իշխանության օրգանական շարունակությունն է` նույնքան հակառուս եւ նույնքան պրոթուրքական: Նույնը Սերժ Սարգսյանի թիմն է անում:
Փորձում են մյուս ուժի ֆոնին երեւալ պրոռուսական եւ հայրենասիրական: Բայց դժվար թե ստացվի:
Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը երբեք չի եղել պրոռուսական եւ չէր էլ կարող լինել: 1990 թվականից հետո, երբ Հայաստանում տապալվեց Կոմունիստական կուսակցության իշխանությունը, եւ Հայաստանը հայտարարեց իր անկախության մասին, չի եղել պրոռուսական իշխանություն, Հայաստանի իշխանության բոլոր ղեկավարները Ռուսաստանի հետ կառուցել են տարբեր որակի եւ մակարդակի հարաբերություններ՝ ելնելով տվյալ ժամանակահատվածի առանձնահատկություններից, իրենց անձնական նախապատվություններից, բայց իշխանության հենարանը, եթե կուզեք` աղբյուրը, եղել է Արեւմուտքը: Սահմանադրությամբ գրված է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Ինչպես կարելի է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը համարել պրոռուսական, եթե նա 2 անգամ է մասնակցել նախագահական ընտրություններին եւ երկու անգամ էլ հաղթել է բացահայտ պրոռուսական թեկնածուներին: 1998 թվականի նախագահական ընտրություններում Քոչարյանի մրցակիցը Կարեն Դեմիրճյանն էր՝ Խորհրդային Հայաստանը 14 տարի (1974-1988 թթ․) ղեկավարած եւ հանրային մեծ սեր ու վստահություն վայելող առաջնորդ: Կարեն Դեմիրճյանի առաջադրումը նախագահի պաշտոնում կապում էին այն ժամանակվա Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Եվգենի Պրիմակովի հետ: Երբ 1998 թ. փետրվարի 3-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, եւ հայտարարվեց արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին, ենթադրվում էր, որ պայքարն ընթանալու նրա եւ 1996-ի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի միջեւ, Կարեն Դեմիրճյանի անունն ընդհանրապես չէր շրջանառվում: Նա չկար ակտիվ քաղաքականության մեջ, եւ նրա հայտնությունն անակնկալ էր բոլորի համար: Երբ նա առաջադրվեց, սկսեցին խոսել, որ նրան առաջադրվելու հարցում համոզել է հենց Պրիմակովը:
Չէր կարող Ռոբերտ Քոչարյանը լինել ռուսամետ կամ ռուսական թեկնածու, իսկ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նրան օգնելու փոխարեն կխանգարեր` նրա դեմ առաջադրելով հանրային նման մեծ աջակցություն ունեցող թեկնածու: Քոչարյանը Կարեն Դեմիրճյանին «հաղթեց» երկրորդ փուլում, թեեւ դա ոչ մի ձեւով հնարավոր չէր հաղթանակ անվանել: Ռոբերտ Քոչարյանի ռուսամետության մեկ այլ ապացույց է նաեւ այն, որ երբ 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, եւ Քոչարյանի իշխանությունը երերում էր, Սարգսյանի եւ Դեմիրճյանի կողմնակիցները նրան եւ Սերժ Սարգսյանին ուղղակի եւ անուղղակի մեղադրում էին այդ ոճրագործության հետ կապ ունենալու եւ դրա հիմնական շահառուն լինելու մեջ: Իսկ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը 2000 թվականին 200 միլիոն դոլարից ավելի օգնություն տրամադրեց Հայաստանին, փաստացի՝ Քոչարյանին, որն այդ գումարն օգտագործեց իր իշխանությունն ամրապնդելու, իր քաղաքական հակառակորդների լռությունը գնելու համար: Դրանից առաջ եւ նույնիսկ հետո Հայաստանը երբեւէ նման օգնություն չի ստացել, նույնիսկ իր կտակում Քըրքորյանը Հայաստանին ոչինչ չի թողել: Առանց ԱՄՆ իշխանությունների համաձայնության կամ գուցե հանձարարության Քըրքորյանը դժվար թե նման գումար տար Քոչարյանին: Ինչո՞ւ պետք է ԱՄՆ իշխանությունները նույնիսկ հիմա չափազանց մեծ, իսկ այն ժամանակվա համար ահռելի 200 միլիոն դոլար հատկացնեին ռուսամետ Քոչարյանին` սեփական իշխանությունն ամրապնդելու եւ նախագահի աթոռը պահելու համար:
Երկրորդ անգամ Քոչարյանը նախագահական ընտրություններին մասնակցեց 2003-ին, եւ այդ ժամանակ նրա հիմնական մրցակիցը Կարեն Դեմիրճյանի որդին էր` հորից ժառանգություն ստացած Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Դեմիրճյանի հետեւում եւս կանգնած էր Ռուսաստանը: Այն ժամանակ նրա կուսակցության անդամներից մեկն ինձ պատմեց, որ ռուսական որոշ կառույցներ մեծ ջանքեր գործադրեցին, որ Դեմիրճյանը եւ ընդդիմադիր մյուս թեկնածու Արտաշես Գեղամյանը հանդես գան որպես դաշնակիցներ, բայց դաշինքը չկայացավ: Քոչարյանն այդ անգամ էլ երկրորդ փուլում «հաղթեց» Ստեփան Դեմիրճյանին: Ռուսաստանը չկարողացավ օգնել ո՛չ Կարեն Դեմիրճյանին եւ ո՛չ էլ Ստեփան Դեմիրճյանին, եւ չէին էլ կարող օգնել, որովհետեւ Հայաստանում իշխանության տերն իրենք չէին, հետեւաբար՝ իրավասություն չունեին եւ ցայսօր էլ չունեն՝ որոշելու, թե ով է լինելու Հայաստանի ղեկավարը:
2004 թ. ապրիլին, երբ Քոչարյանի իշխանությունը Բաղրամյան պողոտայում շուրջօրյա բողոքի ցույցեր կազմակերպող ցուցարարներին բռնությամբ ցրում էր, բերման ենթարկում, ընդդիմության առաջնորդները դիմել էին ԱՄՆ եւ արեւմտյան դեսպաններին՝ հարցնելով, թե ինչու են աչք փակում իշխանության վայրագությունների նկատմամբ։ Նրանց պատասխանել էին, որ նման հարցերով ճիշտ կանեն՝ դիմեն իրենց հովանավոր Ռուսաստանի դեսպանատուն: Այդ դեպքերից հետո Դեմիրճյանին աջակցող Արամ Սարգսյանը դարձավ արեւմտամետ, իսկ Ստեփան Դեմիրճյանը հեռացավ ակտիվ քաղաքականությունից՝ հասկանալով, որ իմաստ չունի հավատալ ռուսների տված խոստումներին:
Երբ խոսում ենք Ռոբերտ Քոչարյանի իշխանության մասին, պետք չէ նրանից առանձնացնել Սերժ Սարգսյանին, 1998-2008 թվականներին Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամենամեծ բաժնետերն էր, ըստ էության, Սարգսյանը համանախագահի կարգավիճակ ուներ, սկզբում պաշտպանության սուպերնախարարն էր, հետո՝ իշխող Հանրապետական կուսակցության նախագահը եւ վարչապետը: Սարգսյանը Քոչարյանի իրականացրած իշխանագողության հիմնական շահառուներից էր եւ Քոչարյանի իշխանության օրգանական շարունակությունը` Քոչարյանը 2008-ին նրան փոխանցեց իշխանությունը եւ ոչ թե իրեն վարչապետ նշանակած Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ իշխանության մյուս հավակնորդն էր:
Հնարավոր է, որ աշխարհաքաղաքական ինչ-որ փոփոխությունների արդյունքում Հայաստանը նորից վերադառնա Ռուսաստանի ազդեցության գոտի, եւ միայն այդ ժամանակ հնարավորություն կունենա ազդել Հայաստանի իշխանության ձեւավորման հարցերի վրա, բայց արդյոք այդ ժամանակ Հայաստանից պետք է Ռուսաստանին ասե՞ն, թե ով է իրենց իրական դաշնակիցը, իսկ ով` թշնամին, թե՞ ռուսներն իրենք ինքնուրույն որոշում կկայացնեն: Եվ, ընդհանրապես, արդյոք արժի՞, որ հանուն ռուսների կամ որեւէ մեկի մենք իրար հետ թշնամանանք կամ իրար դեմ պատերազմենք, դրանով հնարավորություն ստեղծելով արտաքին միջամտությունների համար: Թե՛ երկրորդ եւ թե՛ երրորդ նախագահի թիմակիցները հայտարարում են, որ իրենց պատերազմից օգտվողը բացառապես Նիկոլ Փաշինյանն է, ընդդիմության ներսում խորացող թշնամությունը նպաստում է նրա իշխանության ամրապնդմանը, բայց, չնայած դրան, ավելի են թեժացնում հակամարտությունը, խորացնում թշնամությունը: