Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նոր գրոհ է սկսել։ Այս անգամ նա փոխել է մարտավարությունը՝ որդեգրելով ավելի խորամանկ, բայց նույնքան վտանգավոր ռազմավարություն։ Գրոհի փորձադաշտը լինելու է Հովհաննավանքը՝ վանական համալիր, որի վանահորը վերջերս կարգալույծ է արել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ Եկեղեցու վարկն ու միասնությունը խաթարելու մեղադրանքով։
Փաշինյանի այս քայլը պատահական չէ։ Դեռ 2018-ից ի վեր նա հետևողականորեն փորձել է խարխլել Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությունը՝ երբեմն բացահայտ հարձակումներով, երբեմն էլ պետական լծակների և ուժային կառույցների միջոցով ճնշումներ գործադրելով հոգևորականների նկատմամբ։ Այսօր արդեն կան կալանավորված սրբազաններ ու հոգևոր հայրեր, և գործընթացը շարունակվում է։
Սակայն այս անգամ վարչապետի աթոռը զբաղեցնողը ընտրել է այլ մարտավարություն՝ Եկեղեցու ներսից պառակտելու փորձը։ Հովհաննավանքը նա փորձում է վերածել այլընտրանքային եկեղեցու, որտեղ պատարագելու է կարգալույծ քահանան։ Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի օրը անձամբ կմասնակցի այդ պատարագին՝ փորձելով պետական ռեսուրսն ու քաղաքական ազդեցությունը ծառայեցնել սեփական «եկեղեցաշինական» ծրագրին։
Սակայն այստեղ հարց է ծագում․ եթե ուզում ես այլընտրանքային եկեղեցի, ապա ստեղծիր այն մեր Եկեղեցուց դուրս, ոչ թե ներսից փորձիր խարխլել այն։ Հայաստանում այսօր իսկապես կան բազմաթիվ այլ դավանանքներ, և ոչ ոք նրանց գոյությունը չի արգելում։ Բայց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միայն կրոնական կառույց չէ․ այն մեր ինքնության ողնաշարն է, մեր լեզվի, մշակույթի և պետականության հոգևոր հիմքը։
Եվ հենց այդ պատճառով էլ Եկեղեցու բզկտումը՝ կարգալույծ քահանաների կամ աշխարհիկ տերերի ձեռքով, ոչ թե քաղաքական գործողություն է, այլ հոգևոր դավաճանություն։
Առաքելական հավատքի հետևորդների համար դա մահվան պես ցավ է՝ տեսնել սեփական Եկեղեցին պառակտված, իր իսկ սրբության դեմ դարձած։ Մեր Եկեղեցին փորձադաշտ չէ, այլ սրբություն։ Քաղաքականությունը մտնելով տաճար, Փաշինյանը փորձում է սասանել ժողովրդի հենասյունը՝ հավատը։
Այլընտրանքային եկեղեցի՞ ես ուզում։ Ստեղծիր քո տաճարը՝ մեր Սուրբ Եկեղեցուց դուրս։ Բայց ձեռք մի՛ տուր մեր հոգևոր հիմքին։