Քաղաքականություն

Ով է Հաքան Ֆիդանը, ինչպես է հասել այդ պաշտոնին եւ ինչ է արել որպես արտգործնախարար

Ով է Հաքան Ֆիդանը, ինչպես է հասել այդ պաշտոնին եւ ինչ է արել որպես արտգործնախարար

Սովորաբար որեւէ հայտարարության եւ դրա հեղինակին, եթե խոսքը պետական պաշտոնյայի կամ քաղաքական առաջնորդի պաշտոնական հայտարարության մասին չէ, ես անդրադառնալու սովորություն չունեմ։ Այն աստիճան, որ, որքան հիշում եմ, վերջին անգամ որեւէ մասնավոր անձի հայտարարության անդրադարձել եմ 8-9 տարի առաջ՝ 2016-ի քառօրյա պատերազմից հետո։ Չնայած այն ժամանակ խոսքն այնքան էլ մասնավոր անձի մասին չէր՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մի սոցցանցային գրառման առիթով էի ռեպլիկ գրել։ Այս անգամ մի մասնավոր անձի, հայաստանյան մի թուրքագետի հայտարարությունը մղեց ռեպլիկ գրելու, որ իրականում ամբողջ հոդված դարձավ։ 
Թուրքագետ  Ռուբեն Մելքոնյանը Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք կատարած ձախավեր վոյաժի, Թուրքիայի տանը Ռեջեփ Թայիբ Էրդողանին հանդիպելու արկածախնդրության մասին «Հրապարակին» ասել էր

«Էրդողանից բացի, սեղանի շուրջ հավաքված էին մարդիկ, որոնց անվանում են Թուրքիայի ուղեղներ: Այնտեղ էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, որը հատուկ ծառայության ղեկավար է եղել, այնտեղ էր նաեւ Թուրքիայի հատուկ ծառայությունների այսօրվա ղեկավարը, որը մինչ այդ Էրդողանի խորհրդականն էր, մարդ, որն ունի ահռելի փորձ եւ հմտություններ: Գերփորձառու եւ գերհմուտ մարդիկ էին ներկա: Ցավով, բայց պետք է ընդունել, որ Թուրքիան ունի շատ հաջող եւ փորձառու կադրեր: Նրանք աշխարհի տարբեր հարցերում են ընդգրկված, խաղացողներ են եւ լուծումներ առաջարկողներ: Ունեն ահռելի փորձ, հմտություն ու գիտելիքներ: Հայաստանից ներկա էին մարդիկ, որոնց նայելով` միայն անպաշտպանություն ես զգում: Նրանք չեն կարող անգամ մրցել թուրք գործիչների հետ, ես ուղղակի ուրախ կլինեի այդ սեղանի շուրջ տեսնելու այնպիսի հայ գործիչների, որոնք գոնե կլինեին մրցունակ: Եթե անգամ այս մարդիկ շատ էլ ցանկանան, չեն կարող այդ պատվիրակության հետ մրցել: Ցավը հենց սա է, գուցե շատ ցանկանան, բայց չեն կարող: Ունեն տարբեր քաշային կատեգորիաներ` փորձի առումով: Այդ ամենին նայելով ուղղակի կարելի է ասել, որ մենք տեսնում ենք հայկական դիվանագիտության թշվառությունը»: Եկեք տեսնենք, թե ովքեր են այդ «գերփորձառու եւ գերհմուտ» անձինք, որոնց մասին նշել է Ռուբեն Մելքոնյանը։ 

Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի ներկայիս նախարարն է։ Քրդական ծագմամբ անձնավորություն, որ անհայտության մեջ ապրել է, մինչեւ Թուրքիայում Էրդողանի՝ իշխանության գալը։ 2002-03-ին Էրդողանը գալիս է իշխանության եւ Հաքան Ֆիդանին նշանակում է TIKA-ի ղեկավար։ TIKA-ն Թուրքիայի Միջազգային համագործակցության եւ զարգացման գործակալությունն է, որ զբաղվում է գլխավորապես թյուրքալեզու երկրների, ժողովուրդների կապերի ամրապնդմամբ։ Մի քանի տարի այստեղ ծառայելուց հետո Ֆիդանը մի շրջան էլ վարչապետի աշխատակազմ է տեղափոխվում, երբ Էրդողանը վարչապետ էր, եւ, վերջապես, 2010-ին վրա է հասնում Հաքան Ֆիդանի աստեղային ժամը՝ Էրդողանը նրան նշանակում է MIT-ի ղեկավար։ MIT-ը Թուրքիայի գլխավոր հետախուզական ծառայությունն է։ Ո՞ր արժանիքի, նախընթաց կարիերայի կամ ծառայողական նվաճման համար։ Հազիվ թե՝ որեւէ։ Ուղղակի Ֆիդանը ծառայել է Էրդողանին, վայելել է վստահություն, դրա համար էլ նշանակվել է MIT-ի ղեկավար։ Համարյա այնպես, ինչպես, ասենք, Գեւորգ Կուտոյանն էր Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել ԱԱԾ-ի ղեկավար, կամ  Քրիստինե Գրիգորյանն է Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ Ֆիդանի օրոք MIT-ը համաշխարհային ուշադրության առարկա դարձավ նրանով, որ սկսեց խառնվել Սիրիայի  քաղաքացիական պատերազմին, թյուրքական ծագման ցեղախմբերի զինել, ապստամբ ընդդիմությանը զենք մատակարարել։ MIT-ի սիրիական կամպանիայի մեջ ամենահայտնի ու աղմկալից պատմությունն էլ եղավ այն, որ Cumhuriyet օրաթերթի գլխավոր խմբագիրը եւ  Անկարայի, թե Պոլիսի բյուրոյի ղեկավարը «պետության դեմ հանցանքի» մեջ մեղադրվեցին եւ ազատազրկման դատապարտվեցին՝ MIT-ի կողմից սիրիացի ապստամբներին մատակարարվող զենքի մասին հոդված գրելու համար։

Ֆիդանի եւ MIT-ի սիրիական կամպանիայի մյուս արդյունքն էլ եղավ այն, որ Բաշար Ասադի իշխանության տապալմանն այդպես էլ չկարողացան հասնել, փոխարենը ճնշվեցին ու ոչնչացվեցին Թուրքիայի աջակցությունը վայելած ապստամբները, վերջում դրանցից մի քանի տասնյակ հազարն էլ մահացավ 2023-ի Կիլիկիայի երկրաշարժի ժամանակ։ Սիրիայի տարածքում քրդերի դեմ MIT-ի պայքարն էլ ավարտվեց նրանով, որ ԱՄՆ-ն զինեց քրդական YPG-ին, որը ե´ւ ISIS-ի դեմ նկատելի եւ հաջող պայքարեց, ե՛ւ թուրքերի դեմ է նույնկերպ պայքարում՝ Սիրիայի հյուսիսում։ 
Դրանից այն կողմ, արդեն ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո, Թուրքիան, ծնծղաներ զարնելով, երկու միջազգային արկածախնդրության մեջ մտավ, որոնց վերջաբանն արձանագրվեց Ֆիդանի պաշտոնավարման օրոք։ Առաջինը Թուրքիայի միջնորդությամբ ուկրաինական ցորենի արտահանման գործարքն էր՝ ռուսական հսկողության տակ անցած նավահանգիստներից կամ նեղուցներով։ Ուկրաինան խաղաղության լավագույն ժամանակներում արտահանել է ցորենի համաշխարհային սպառման 2-3%-ը։ Թուրքիայի կողմից այդքան շեփորահարված գործարքի արդյունքում էլ արտահանեցին այդ 2-3%-ի երեւի 20-30%-ը։ Բայց այդ արտահանումն էլ ընդամենը ամիսներ տեւեց, քանի որ ՌԴ նախագահը վերջակետ դրեց գործարքին։ 

Ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում թուրքական արտաքին քաղաքականության երկրորդ արկածախնդրությունն Էրդողանի մեծախոսության պատճառով որդեգրված դիրքորոշումն էր, թե իբր իրենք կարող են խոչընդոտել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը։ Պարզ էր, որ ոչինչ էլ չէին կարող անել եւ չկարողացան։ Ֆինլանդիան էլ, Շվեդիան էլ 1-1,5 տարում անդամակցեցին ՆԱՏՕ-ին, եւ դրա դիմաց Թուրքիան իր պահանջների ցանկից չստացավ ոչինչ, բացի ԱՄՆ-ի՝ F-16 կործանիչներ վաճառելու խոստումից։ Ինչպես հունական Լակոնիայում են սովորություն ունեցել ասել, եթե եւ երբ F-16 կործանիչները ֆիզիկապես կհասնեն Թուրքիա, այն ժամանակ թեմային կանդրադառնանք։ Միայն նշենք, որ Թուրքիային F-16-ներ վաճառելու բանակցությունները մի քանի տարի ընթացել են այն համատեքստում, որ Հունաստանը եւ Բուլղարիան մինչեւ ընթացիկ տասնամյակի ավարտը ԱՄՆ-ից ստանալու են F-35 կործանիչների էսկադրիլիաներ, եւ դրանից  Թուրքիան իրեն պատեպատ էր զարնում։

Բայց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը խոչընդոտելու մեծախոսության, այդ ուղղությամբ փորձերի, դրանց ջախջախվելու եւ Թուրքիայի՝ համեստացած Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու սագայի մեջ ամենից տպավորիչն ու անմոռացը կինոէֆեկտ ունեցող եզրափակիչ կադրերն էին։ Այս տարվա՝ 2024-ի հունվարին, նույն շաբաթվա ընթացում, երեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնագրին, նույն օրը խորհրդարանի լիագումար նիստ հրավիրվեց՝ համաձայնագիրը վավերացվեց։ Հաջորդ օրը համաձայնագիրը հասավ Թուրքիայի նախագահի աշխատակազմ, ստորագրվեց, մնացյալ ընթացակարգերն ավարտվեցին։ Հինգշաբթի օրը, լուսադեմին, Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները, պայմանագրի  բնօրինակը  ֆիզիկապես գրկած, թռչեցին Նյու Յորք, JFK օդանավակայան։ JFK-ում այլ թուրք դիվանագետներ նրանցից ստացել էին համաձայնագիրը, թարմ ուժերով վազեցրել Վաշինգտոն, որպեսզի երբ ուրբաթ առավոտյան Պետդեպում աշխատանքային օրը սկսվի՝ համաձայնագիրը ՆԱՏՕ-ի դեպոզիտարիայում լինի։ 
Իրոք հետաքրքիր է՝ ԱՄՆ-ից ինչ էր ասվել, որ այդպես ինքնակոտոր լինելով, երկու օրում ամեն ներքին ընթացակարգ ավարտելով, мальчик на побегушках վիճակում մայրցամաքների միջեւ վազվզելով, ասված օրը շնչակտուր հասան Վաշինգտոն, համաձայնագիրը հանձնեցին Պետդեպում ՆԱՏՕ-ական փաստաթղթերի դեպոզիտարիա։ Ամեն պարագայում դա ցույց տվեց Թուրքիայի վիճակն ու կշիռը ռեալ աշխարհում։

Գազայի knock-out-ը

Իսկ Թուրքիայի արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Հաքան Ֆիդանի ամենամեծ տապալումը, իհարկե, Գազայի պատերազմն է, որ միջազգային ասպարեզում առանց այն էլ դեր չունեցող Թուրքիային նույնիսկ տարածաշրջանում լուսանցքի մեջ դրեց։ Թուրքիան երեւի տասնամյակից ավելի HAMAS-ի պաշտոնական գրասենյակ էր հյուրընկալել Ստամբուլում, որպեսզի եթե մի օր բախում լինի Իսրայելի եւ HAMAS-ի միջեւ, որպես երկու կողմի հետ էլ շփման խողովակ ունեցող՝ միջնորդ դառնա եւ սկսի խաղեր տալ Մերձավոր Արեւելքով մեկ։ Սակայն այս դեպքում էլ Աստված կարծես չխառնվեց, Թուրքիայի ծրագրելը եղավ մի բան, ԱՄՆ տնօրինությունը՝ այլ։ 2023թ․ հոկտեմբերի 7-ին հետեւած առաջին օրերից ԱՄՆ-ն մերժեց Թուրքիայի որեւէ դերակատարում եւ միջնորդություն։ Բոլոր միջնորդական ջանքերը ծավալվեցին Կատար-Եգիպտոս-ԱՄՆ պարագծում։ Ինչ-որ դեպքերում Հորդանանն է ընդգրկվել այդտեղ, օրինակ՝ ապրիլին, երբ Իրանն առաջին անգամ հրթիռակոծեց Իսրայելը, հետո հայտնի դարձավ, որ հարվածից օրեր առաջ Ամմանից ուղիղ կապ է հաստատված եղել Թեհրանի հետ եւ Վաշինգտոնի միջեւ, եւ ԱՄՆ-ի դերակատարումն է, որ Իսրայելին հասցված հարվածը եղավ առավելապես սիմվոլիկ։ 

Կամ՝ ներկա պահին Իրանի ԱԳ նախարարն է ժամանել երբեմնի արխի-հակառակորդ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք, որպեսզի տարածաշրջանային փոխըմբռնման հասնեն, անհրաժեշտ հավաստիացումներ տրվեն՝ հնարավոր Իրան-Իսրայել բախման դեպքում Ծոցի երկրների չեզոքության եւ անվնաս մնալու առումով։ Մերձավոր Արեւելքը եռում է, միչդեռ Թուրքիան բոլոր գործընթացներից բացակա է՝ հակառակ տասնամյակներ իր լարած ծուղակներին, արեւելա-բազարային հաշվարկներին։ Ու այդքանից հետո Հաքան Ֆիդանը միջազգային լրատվամիջոցներով հեքիաթներ է պատմում Գազայի խնդրում Թուրքիայի ներգրավվածության, նախաձեռնությունների, ուր որ է Ստամբուլում գումարվող միջազգային կոնֆերանսների, Գազայի խնդիրը լուծելու, հրադադար հաստատելու, չգիտես էլ ինչի մասին... Լավ, մի անգամ ստել, երկու անգամ ստել, այն էլ՝ ողջ աշխարհի՞ առջեւ, Al Jazeera-ո՞վ։ Դա է Հաքան Ֆիդանը։ 

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի անուղեղությունից կամ թույլ դիվանագիտությունից Հաքան Ֆիդանն «ուղեղ» չի դառնում։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image