Այլ

Միջազգային փորձագետների Ամանորյա մաղթանքը հայ ժողովրդին և «Հրապարակ»-ի ընթերցողներին

Միջազգային փորձագետների Ամանորյա մաղթանքը հայ ժողովրդին և «Հրապարակ»-ի ընթերցողներին

Անցնող տարում «Հրապարակ»-ը բազմաթիվ հարցազրույցներ է վարել միջազգային հայտնի փորձագետների հետ՝ մեր տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների շուրջ։ Մեր զրուցակիցներից ոմանք դարձել են մեր թերթի մշտական ու սիրելի գործընկերները։

Տարեմուտին ընդառաջ նրանք բարեմաղթանքի խոսքեր են հղել հայ ժողովրդին և «Հրապարակ»-ի ընթերցողներին։

Անտոն Եվստրատով (ռուս քաղաքագետ, պատմաբան) - «Ուզում եմ շնորհավորել «Հրապարակ»-ի ընթերցողներին և ողջ հայ ժողովրդի Ամանորը։ Ցավոք, անցնող տարին Հայաստանի և Արցախի համար բարենպաստ չէր՝ հայկական հանրապետություններից մեկը թողնելով ավերված ու լքված, իսկ մյուսը՝ թշնամու ներխուժման վտանգի տակ։ Ուստի իմ հիմնական ցանկությունները լինելու են հայոց պետականության ամրապնդումը, հայ ժողովրդի գիտակցության բարձրացումը և նրա ղեկավարների պատասխանատվությունն ու հեռատեսությունը։ Եկեք բոլորս նոր տարում ավելի արդյունավետ և որակյալ աշխատենք՝ յուրաքանչյուրն իր պաշտոնում և իր տեղում, եկեք վերջապես համախմբվենք և ազգային շահերը գերադասենք մասնավորից։ Հանուն ժողովրդի և պետության անձնուրաց, անշահախնդիր և համակարգված աշխատանքը այն քիչ բանն է, որը դեռ կարող է մեզ հնարավորություն տալ փոխելու ոչ ցանկալի իրավիճակը և շրջանցել բացասական սցենարները։ Սա այն պահվածքն է, որի համար Ձմեռ պապը Հաղթանակ է բերում լավ քաղաքացիներին։ Եկեք ամեն ինչ անենք Նոր տարում այդ հաղթանակը կերտելու համար: Շնորհավո՛ր Ամանոր, սիրելի ընկերներ, բարեկամներ և զինակիցներ»  
---------------------------------------------------------------------------

Եվգենի Մագդա (Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ուկրաինա) -

«Սիրելի բարեկամներ!

Որպես վերլուծաբան՝ մաղթում եմ հետաքրքիր իրադարձություններ նոր տարում, որպես մարդ `երջանկություն և առողջություն, որպես Ուկրաինայի քաղաքացի՝ խաղաղություն ձեր հողի վրա»  
------------------------------------------------------------------------------
Ալեքսանդր Բոժկո (ՀՀ-ում Ուկրաինայի նախկին (առաջին) դեսպան) - «Դեկտեմբերին Բրյուսելում՝ երկարամյա դադարից հետո առաջին անգամ տեղի ունեցավ Ուկրաինայի և Հայաստանի արտաքին գործոց նախարարներ Դմիտրի Կուլեբայի և Արարատ Միրզոյանի հանդիպումը: Ուստի կարելի է ասել, որ հայ-ուկրաինական երկկողմանի հարաբերություններում գարնան շունչ է զգացվում: Ակամա հիշում ես աշուղ Ջիվանու հույսով ու հավատով լի երգի խոսքերը՝ «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան...»: Վերջին տարիների ընթացքում, երևի ոչ մի ժողովուրդ  հարևան երկրների կողմից  այնպիսի տառապանքների չի ենթարկվել ու այնպես չի ձտել դեպի լավը, ինչպես ուկրաինացիներն ու հայերը: 

Ուստի կուզենայի հավատալ, որ մեր ժողովուրդներին բաժին ընկած աներևակայելի փորձությունները, կորուստները և տարագրությունները կմնան 2023 թվականում, իսկ նոր տարին կբերի մեզ միայն լավ նորություններ: Սակայն հայտնի է, որ իրականությունը դաժան է, և մարտահրավերները ոչ միայն մեր մարտատենչ հարևանների վարքի, այլև մեր իսկ երկու երկրների բազմաթիվ սխալների պատճառով, իրենք իրենց չեն չքանա: Այդ սխալներից մեկը  ուկրաինա-հայկական երկկողմանի հարաբերությունների սառեցումն էր  2013թվականից ի վեր: Ստացվում է, որ փոխանակ զարգացնելու մեր փոխհարաբերությունները ի շահ և ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության, մենք, կարծես, սկսել էինք դիտավորյալ փչացնել մեր երկկողմանի հարաբերությունները ի շահ «ոխերիմ դաշնակցի»: Հիմա, դատելով այդ հանդիպումից, այս պախարակելի իրադրությանը վերջ է տրված: Ձմռան սկիզբը ջերմություն բերեց մեր հարաբերություններին, ասես խորհրդանշելով  այն, որ լավ գործերի համար չկա վատ եղանակ կամ տարվա ժամանակ: Ուստի հուսանք, որ մեր երկրների արտգործնախարարների՝ մեր երկրների արտաքին քաղաքականության պատասխանատու անձանց հանդիպումը կխթանի գործնական քայլերին՝ ուղղված ուկրաինա-հայկական հարաբերությունների աշխուժացմանը բոլոր ասպարեզներում: Իսկ 2024 թվականը կուրախացնի մեզ այդ ջանքերի տված զգալի արդյունքներով»։  
-----------------------------------------------------------------------------

Լելա Ջեջելավա (Թբիլիսիի պետհամալսարանի դասախոս, հայագետ, քաղաքական վերլուծաբան) - «2023 թվականը բավականին բարդ էր ողջ աշխարհի համար։ Հատկապես ցավալի էր Հայաստանի համար։ Ստեղծված հանգամանքները, սակայն, ստեղծեցին նաև նոր հնարավորություններ ու հեռանկարներ, որոնց իրագործումը բոլորովին այլ պատուհան է բացում Հայաստանի համար։ Ցանկանում եմ, որ հաջորդ՝ 2024 թվականն այնքան հաջող լինի Հայաստանի համար, որ այս հաջողությունները կարողանան դարմանել անցած տարիների ցավերը: Ցանկանում  եմ, որ հայ ժողովուրդը լիովին իրացնի իր մտավոր ներուժը: Ցանկանում  եմ, որ  դարաշրջանի հարացույցի փոփոխության այս կարևոր փուլում Հայաստանը լինի պատմության ճիշտ կողմում: Ես մեծ ցանկություն ունեմ, որ գալիք նոր տարում ամենահին մշակույթն ու պատմությունը կրող երկու հարևան պետությունների՝ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները տեղափոխվեն նոր` ավելի բարձր մակարդակ, քանի որ նոր ստեղծված իրականության մեջ մենք իրար շատ ենք պետք։ Հայ ժողովրդին՝ բարգավաճում և քաջություն, Հայաստանին՝ շարունակական զարգացում և հաղթանակներ։ Վրացին սեղանի շուրջ կենաց բարձրացնելիս վերջում բաժակը շրջում ու ասում է. «Թո՛ղ թշնամիդ պակասի, և բարեկամդ շատանա»:  
----------------------------------------------------------------------------
Գելա Վասաձե (վրաց քաղաքագետ)- «Սիրելի բարեկամներ, ավարտին է մոտենում 2023 թվականը՝ մեծ մարտահրավերների և միևնույն ժամանակ՝ մեծ հեռանկարների տարի։ Ի՞նչ կարող եք մաղթել «Հրապարակ» թերթի ընթերցողներին գալիք 2024-ին։ Իհարկե, առաջին հերթին՝ խաղաղություն։ Շատ կուզենայի, որ Կովկասում այլևս պատերազմներ չլինեին։ Մենք բոլորս շատ բան ենք կորցրել վերջին երեսուն տարիների ընթացքում, և ես կցանկանայի հուսալ, որ տարածաշրջանում բռնության սահմանն արդեն սպառված է։ Խաղաղությունն այն է, ինչի կարիքն ունեն տարածաշրջանի բոլոր երկրները, մենք բոլորս՝ Հարավային Կովկասում ապրող մարդիկ: Տարածաշրջանից, որտեղ արյուն է թափվել տասնամյակներշարունակ, մենք պատմական հնարավորություն ունենք՝ դառնալու խաղաղության և բարգավաճման տարածաշրջան, ուստի օգտվենք այդ հնարավորությունից: Պետք է հասկանալ մի պարզ բան, մենք իրարից չենք կարող հեռանալ, դեռ պետք է իրար կողքի ապրենք, իսկ ավելի լավ է, որ լինի բոլորի համար խաղաղ ու հանգիստ կյանք։

Ցանկանում եմ ձեզ մաղթել բարգավաճում․ անցած տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը տպավորիչ հաջողությունների է հասել։ Շատ կուզենայի, որ այս հաջողությունները գան յուրաքանչյուր հայի տուն և ազդեին յուրաքանչյուր հայ ընտանիքի բարօրության վրա։ Սա շատ կարևոր է, և դրա համար բոլոր պատճառները կան: ՏՏ ոլորտի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտների զարգացումը կարող է ապահովել Հայաստանի տնտեսական բարգավաճումը, ինչը շատ կարևոր է իր հարևանների համար։ Իսկ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների հնարավորությունների սինէրգիան, անշուշտ, կհանգեցնի բարգավաճման աճի նոր հեռանկարների։

Եվ, իհարկե, ես կցանկանայի ձեզ երջանկություն մաղթել ամբողջ սրտով: Մարդը պետք է երջանիկ լինի, իսկ նրան երջանկացնում են այլ մարդիկ, և՛ նրանք, ովքեր իր կողքին են, և՛ նրանք, որոնց նա նույնիսկ չի ճանաչում, բայց ովքեր իրենց աշխատանքով ամեն ինչ անում են երկրի և տարածաշրջանի յուրաքանչյուր բնակչի բարօրության համար: Եկեք ավելի հոգատար լինենք միմյանց նկատմամբ․ դա ամենահուսալի պայմանն է բոլորի երջանկության համար։ Շնորհավո'ր Ամանոր ձեզ, ընկերներ» : 
--------------------------------------------------------------------------
Միխայիլ Միլշտեյն (Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ուսումնասիրությունների Մոշե Դայան կենտրոնի Պաղեստինի ուսումնասիրությունների ֆորումի ղեկավար, Իսրայել) - «Շնորհավորում եմ արժանապատիվ հայ ժողովրդին Նոր տարին և Սուրբ Ծնունդը։ Թող որ մենք բոլորս տեսնենք ավելի լավ օրեր ամբողջ աշխարհում՝ ավելի իմաստուն առաջնորդներով և հասարակություններով, որոնք կնախընտրեն կյանքն ու բարգավաճումը պատերազմներից» :
 

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image