Դեռ բոլորովին վերջերս էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։ Այն ժամանակ ԶԼՄ-ներում տարածվեց հաղորդագրություն, որ վերջին անգամ ազգային անվտանգության հայեցակարգն ընդունվել է 2007թ․, այն հնացած ու ժամանակավրեպ է, քանի որ աշխարհում եւ մեր տարածաշրջանում այդ ընթացքում շատ «ջրեր են հոսել»։ Եվ հիմա Ազգային անվտանգության խորհրդում մտածում են նոր հայեցակարգ մշակելու մասին։
Այսօր էլ կրկին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է մի շարք փորձագետների հետ, որոնց թվում են եղել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, քաղաքագետներ Սարո Սարոյանը, Ստեփան Սաֆարյանը, Ռիչարդ Կիրակոսյանը, այլք։
Արմեն Գրիգորյանը, ըստ հաղորդագրության, հանդիպման ժամանակ ներկայացրել է առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, այն շրջանակող արժեքների, շահերի, նպատակների ու տեսլականի մասին։
Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշում է, որ հանդիպման ժամանակ քննարկել են նախապատրաստական, մեթոդաբանության եւ այլ հարցեր։
«Բոլորն առաջին հերթին ներկայացնում էին իրենց պատկերացումները, թե դա ինչ փաստաթուղթ է, ինչ կշիռ ու կառուցվածք պետք է ունենա։ Դեռեւս չկան բովանդակային, ռիսկերի գնահատման վերաբերյալ քննարկումներ։ Շատ ողջունելի է Անվտանգության խորհրդի գործելաոճը, երբ կարեւորում է քաղաքացիական հասարակության, փորձագիտական հանրության մասնակցությունը։
Ընդամենը տեսակետներ ենք փոխանակում, թե ինչպես ենք պատկերացնում ազգային անվտանգության հայեցակարգը։ Հանրապետությունում այս ոլորտին առնչվող խորհրդատվությունների շարք է կազմակերպվել եւ փորձում ենք հասկանալ, թե ինչ պատկերացումներ ունեն փորձագետները»,- նշեց Ստեփան Սաֆարյանը։