Հասարակություն

Եթե ապացույցները գլխարկներն ու շապիկներն են եւ անհայտ ծագման, մոնտաժված ձայնագրությունները, օրենքը ծալել՝ մի կողմ են դրել

Եթե ապացույցները գլխարկներն ու շապիկներն են եւ անհայտ ծագման, մոնտաժված ձայնագրությունները, օրենքը ծալել՝ մի կողմ են դրել

ՀՀ Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր և 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությանծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք բնակիչների հարկադրել, ինչպես նաև նյութապես շահագրգռել են մասնակցել 2025 թվականի հուլիսի 4-ին Երևան քաղաքում ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին: Հուլիսի 8-ին դատարանի որոշումների հիման վրա շուրջ 2 տասնյակ հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և վերցվել են նախաքննության համար նշանակություն ունեցող տարբեր իրեր ու առարկաներ, այդ թվում՝ գումարի վերաբերյալ նշումներով անվանացուցակներ, գումար: Ձեռք բերված փաստերի հիման վրա որոշում է կայացվել երեք անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)»: 

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ձերբակալված անձանց մասով ՔԿ-ն պատրաստվում է միջնորդություն ներկայացնել դատարան՝ խափանման միջոցի հարցի քննարկմանը: «Այդ անձանցից մեկը իմ պաշտպանյալն էր՝ Սամվել Խուդավերդյանը: Այն, ինչը որ ներկայացնում են անձանց, այո, վերաբերվում է հենց հուլիսի չորսի հանրահավաքին, երթին: Մեղադրանքներն էլ են դրա մասին, որ իբրև թե տվյալ անձինք ինչ-որ մարդկանց հարկադրել են մասնակցել այդ հավաքին, իրենց պատկերացմամբ՝ ընդամենը ենթադրություններ»,- շեշտեց փաստաբանը: Փաստաբանը շատ տվյալներ չէր կարող ասել, միայն շեշտեց, որ հստակ է մի բան՝ բոլոր բերման ենթարկված անձինք ընդամենն ասում են, որ հանրահավաքին մասնակցությունն իրենց կամարտահայտությունն է եղել և ոչ ավելին: «Բայց ամենակարևոր հանգամանքը՝ որևէ անձ, թե իր նկատմամբ գործադրված, թե իր կողմից այլ անձի նկատմամբ գործադրված որևէ հարկադրանքի, որևէ նյութական կամ այլ շահագրգռվածության մասին չի խոսում և ասում է ավելին՝ նման բան չկա, մենք գնացել ենք մեր կամքով»,-ասաց վերջինս: 

Հարցին, թե ինչ ապացույցների է տիրապետում Քննչական կոմիտեն, փաստաբանն ասաց, որ որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացվել: «Նախնական ուղղակի ասեմ, որ եթե ապացույցներն այդ գլխարկներն ու շապիկներն են, որը ես ամոթ էլ եմ համարում նստել ու վերլուծել, այո, կազմակերպված հանրահավաք է եղել ու այստեղ գլխարկն ու շապիկը չի հանցակազմ դառնում, անձի կամարտահայտությունն է, որը բնականաբար չի կարող լինել, որ ինչ-որ անձի հարկադրաբար տարած լինեն հանրահավաքի կամ ուղորդած լինի»,-ասաց Մարտիրոսյանը: 

«Արատավոր պրակտիկա է ձևավորվել այս երկրում, որ չգիտես ինչ կերպ սարքված, չգիտես արհեստական բանականության միջոցով ստեղծված, չգիտես մոնտաժած ու իրար միացրած ձայնագրությունները բացի այն, որ սխալ են մեկնաբանվում, հերիք չի, դեռ ամենակարևոր հանգամանքի մեջ չեն խորանում՝ լավ, այս ձայնագրությունների ծագումնաբանությունը ո՞րն է: Ձայնագրությունները սոցիալական ցանցերում շրջանառվում են, որոնցով նախաձեռնում են ինչ-որ վարույթներ և անձանց մեղադրում են ինչ-որ հանցագործությունների կատարման մեջ: Շատ հետաքրքիր է, երևի պատահական չի, որ վարույթն իրականացնող մարմիններն այդպես էլ քննություն չեն իրականացնում, այս ձայնագրությունները ինչի՞ հիման վրա է, ո՞վ է արել այդ ձայնագրությունը, ո՞րն է աղբյուրը: Ինչի՞ համար ենք ընդունում այդ օրենքները, եթե դրանք պիտի ծալենք, դնենք մի կողմ: Հարցական է, այդ խոսքերը, կտրել -կպցրե՞լ են, այդ անձանց կողմի՞ց են, թե՞ այդ անձանց կողմից չեն, իրականում այդ ա՞նձն է խոսում, թե՞ մեկ ուրիշը։ Իրենց ձևով մեկնաբանեն ու գործին կցեն: Նույն օրինակով ցանկացածիս մասով կարող են մեղադրանք առաջադրել՝ իրավաբանության հետ սա որևէ աղերս չունի: Սա առաջին գործը չի, իմ վարույթում էլի գործ ունեմ, որի վարույթի հիմքում դրվեց ինչ-որ կայքում հրապարակված ինչ որ ձայնագրություն, ո՞վ էր արել այդ ձայնագրությունը, ինչի՞ հիման վրա, ո՞նց էր ստեղծվել․․․ ոնց հասկանում եմ բոլորը արհեստական բանականության վրա են նստած»,-եզրափակեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image