Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին գործարար Սամվել Մայրապետյանի առողջական վիճակով, որին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրելուց հետո չէր թույլատրել մեկնել արտերկիր՝ բուժման, եւ որի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաղորդակցություն էր սկսել մեր կառավարության հետ։
«Նախարարությունը այդ պրոցեսի շրջանակներում համագործակցում է ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցչի հետ, դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության հետ։ Ես վստահ չեմ, որ կարող եմ բժշկական գաղտնիք հայտնել, բայց այն դիրքորոշումը, որ հայտնում են քննչական մարմինները, դառնում է մեր դիրքորոշումը։ Իրավապահ մարմինների հայտնած դիրքորոշման մեջ ներառված է նաեւ մեր դիրքորոշումը»,- ասաց նախարարը։