1994-98թթ․ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այսօր «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց․ տնտեսական հեղափոխության չափումները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ նախկինում մեր տնտեսությունը մի կաղապարված համակարգ էր, որը չուներ զարգացման որեւէ շանս, հեռանկար։ Այն, ըստ նրա, կառավարվում էր մի կետից, մեկ կամ մի քանի մարդկանց վճիռներով։ Այդ իսկ պատճառով էլ Բագրատ Ասատրյանը կարծում էր, որ մեր երկիրը հատկապես վերջին տասնամյակում ունեցել է կորուստներ։
Բագրատ Ասատրյանը կարծում է, որ այսօր չկա տնտեսական քաղաքականության տեսանելի այն մոդելը, որով երկիրը կարող է առաջ գնալ գալիք տարիներին։ Տնտեսագետը նկատեց, որ ՀՀ-ն սոցիալական բեւեռացման տեսանկյունից տարածաշրջանում առաջինն է։
Գնահատելով Հարկային օրենսգիրքը՝ Բագրատ Ասատրյանը նշեց, որ այն վատը չէ, սակայն պետք է դրվեն այն կոնցեպցիաները, համաձայն որոնց՝ մեր օրենսդրությունը պետք է զարգանա։
«Ասել տնտեսական հեղափոխություն՝ դեռ բավարար չէ, պետք է ձեւավորվեն նախադրյալները»,- ասաց Բագրատ Ասատրյանը՝ նկատելով, որ կոռուպցիան վերացնելու ուղղությամբ քայլեր արված են, սակայն դրանք բավարար չեն Հայաստանի պես տնտեսություն ունեցող երկրի համար։
Տնտեսագետը բավականին հաջողված գնահատեց կառավարության քաղաքական-հրապարակախոսական գործունեության հատվածը, սակայն գործառնական հատվածը նրա հետեւից չի հասնում, նահանջում է։
Բագրատ Ասատրյանը նշեց, որ մեր երկիրն ունի պրոֆիցիտային բյուջե, ավելցուկ, որը չգիտի, թե որտեղ պետք է ծախսի։ Ըստ նրա՝ փայլուն արդյունքներ ունենք նաեւ հարկերի հավաքագրման ոլորտում, նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 25 տոկոսով, սակայն ծախսերը մնացել են նույն մակարդակի վրա։ Տնտեսագետը միաժամանակ կարծում է, որ օտարերկրյա ներդրողները Հայաստան հեշտությամբ չեն գալու, եւ մեր հույսը չպետք է դնենք օտարերկրյա ներդրողների վրա։
«Քաղաքական նոր ցիկլ է պետք, նոր ընտրություններ, ռազմաքաղաքական իրավիճակը պետք է փոխվի։ Երբ անընդհատ խոսում են մեր տարածաշրջանի մասին, խոսում են լարվածության, հնարավոր պատերազմի մասին, ո՞ր ներդրողը կգա։ Ռազմատենչությունը խեղդում է, մենք այդ երկիրը չենք, մենք չենք կարող այդ ճանապարհով գնալ եւ տնտեսական հաջողության հասնել»,- ասաց տնտեսագետը՝ հիշեցնելով, որ 2016թ․ ապրիլյան պատերազմն ապտակ էր քաղաքացիներիս, որոնք նվիրված են երկրին։
Մեսրոպ Առաքելյանը նկատեց, որ Հայաստանում բացի նախկին իշխանությունների ներկայացուցիչների ընտանիքներից, վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մեկի սոցիալական վիճակը չի վատացել։ Նա հիշեցրեց, որ 80 հազար թոշակառուների թոշակն է բարձրացել, զգալիորեն նվազել են տոկոսադրույքները, բազմաթիվ ոլորտներում թեկուզ քիչ, 10-20 տոկոսով բարձրացել են աշխատավարձերը, չկա սոցիալական վիճակի վատթարացման միտում։
Սուրեն Պարսյանի կարծիքով՝ պրոֆիցիտի պատճառն այն է, որ կառավարությունը շատ ցածր է նախատեսել հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը։ Նա կարծում է նաեւ, որ պետք է հրաժարվել նախորդ կառավարությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությունից եւ նոր քաղաքականություն մշակել։
«Հին քարտեզով նոր քաղաք չես կառուցի»,- հիշեցրեց տնտեսագետը։ Նա հավելեց, որ նախորդ տարի ուսումնասիրություն էին կատարել մանրածախ առեւտրի շուկայում, հայտնաբերել, որ ունենք 5,5 տոկոս մանրածախ առեւտրի աճ, սակայն այդ աճն ապահովել էին սուպերմարկետները։ 2018թ․ էլ այդ միտումը շարունակվում է։ Ըստ նրա՝ սուպերմարկետների ցանցի գործունեությունը պետք է կարգավորվի, եւ նրանք չպետք է բացվեն որտեղ ուզում են, երբ ուզում են։ Իսկ կառավարությունը նման նպատակ չի դրել, ինչի պատճառով էլ կարող է տեղի ունենալ եկամուտների գերկենտրոնացում։
Մեսրոպ Առաքելյանը հակադարձեց, որ եթե նախկինում իշխանությունը ներգրավված էր չարաշահումների մեջ, ապա հիմա չկա այդ խնդիրը։ Ըստ նրա՝ ազատ տնտեսական մրցակցությունը միայն անկախ մարմինները կարող են ապահովել։