ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քաղաքացիական կինը հերթական անգամ զբաղվել է ինքնագովեստով: Երբ իրեն, իր ասելով, տարիներ շարունակ թիրախավորել են փիս-փիս բաներով, ինքը զբաղված է եղել գործով: Եվ տիկինը ներկայացնում է 2018-ից սկսված իր անվեջ ու «հայրենանվեր» գործունեությունը: Հենց սկզբից ասեմ, որ ինքն այս հարցում զարմանալի «համեստություն» է արել: Քանի որ բաց է թողել 2012-ից սկսած, որպես ընտանեկան օրաթերթի գլխավոր խմբագրի, գործունեությունը: Ու ասեմ, որ խելացի քայլ է կատարել, որովհետև այդ տարիների աշխատանքը կարելի է բնորոշել որպես հակապետական ու հակահայկական: Ընդ որում, շարունակելով այն, ինչ արվել է վերջինիս քաղաքացիական ամուսնու կողմից մինչև Տեր-Պետրոսյանի կուսակցական ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալը: Դա ասում եմ որպես անձ, ով 2004 թվականից մինչև 2018-ը ներառյալ, շաբաթվա 5 օրը սկսել է այդ թերթի նյութերն ընթերցելով: Պատկերացրեք՝ բոլոր նյութերը: Ինչը, խոստովանեմ, իմ լոռեցության դրսևորումն էր այդ տարիներին:
Ինչևէ, անցնենք ինքնագովեստի վերլուծությանը՝ բաց թողնելով իր քննադատներին ուղղված՝ շրիշակից ցածր մակարդակի պիտակավորումը: Ասեմ, որ ինքն իրեն կրթված համարող կամ գոնե կրթվելուն ձգտող անձնավորությունը և հատկապես՝ կինը, չէր իջնի այդ մակարդակին: Բայց դա միայն այն դեպքում, եթե իսկապես լիներ այդպիսին, որովհետև դա անելը թույլ չէին տա իր դաստիարակությունն ու կրթվածությունը: Իսկ մեր «հերոսը», այլոց հասցեին օգտագործելով անտիկ հույն մտածող Սոկրատեսի՝ ուժեղ, միջին ու թույլ ուղեղների (մի փոքր վերափոխված ամերիկյան հասարակական գործիչ Էլեոնորա Ռուզվելտի կողմից) թևավոր խոսքը, իջնում է հենց իր նշած ուղեղիկների մակարդակին: Այդպես ուղղակի չի լինում, քանի որ տիկնոջ վկայակոչած՝ խելացի ուղեղը երբեք, հասկանո՞ւմ եք, երբեք թույլ չի տալիս իրեն իջնել ուղեղիկների մակարդակին:
Դա՝ մեկ, երկրորդ. ներկայացնելով վարչապետի տիկնոջ կարգավիճակում իր առաջին նախաձեռնությունը՝ դրա կիսատ թողնելն, իբրև թե ինքնաքննադատաբար, բացատրում է բավարար չափով գիտելիք չունենալու հանգամանքով: Իրականում, դա շոու էր, որն սահունորեն վերափոխվեց իր հակառակ բովանդակության՝ մեկ այլ շոուի: Առաջին դեպքում բեմադրվեց կանանց միջոցով հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու սցենարը, երկրորդ դեպքում՝ կանանց ռազմական ջոկատով հանուն Արցախի պատերազմելուն պատրաստ լինելու սցենարը: Թե՛ առաջինի և թե՛ երկրորդի՝ ուղղակի շոու լինելը վկայում է այն հանգամանքը, որ պացիֆիստը բոլոր դեպքերում է մնում այդպիսին: Որովհետև հնարավոր չէ մի դեպքում սկզբունքորեն դեմ լինել պատերազմին, մեկ այլ դեպքում՝ կողմ: Այնպես որ, երբ ինքը, որպես կանանց ներկայացուցիչ, նախաձեռնում էր հանուն խաղաղության շարժումը, ոչ թե միամիտ էր՝ ինչպես ինքն է այսօր ներկայացնում, այլ հույս ուներ, որ դա կնպաստի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ամուսնուն Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելուն: Ինչի մասին ես բազմիցս եմ գրել նախքան պատերազմը:
Ի դեպ, հրազենի գնդակներից կամ պարկուճներից տիկնոջ պատվերով կախազարդեր պատրաստելը մեր հանրության գրագետ ու հայրենասեր հատվածի կողմից, բնականաբար, նկատվել է ու, իհարկե, «գնահատվել»: Պատերազմից առաջ դեռևս «դուխով» Նիկոլին մարդիկ և այդ թվում՝ տողերիս հեղինակը, զգուշացնում էին, որ Իլհամը խաղաղության չի ձգտում: Որ նա ձգտում է ռեվանշի, այլապես մանկապարտեզից սկսած երեխաների մեջ պետականորեն չէր ներարկվի հայատյացության բացիլը: Իսկ ադրբեջանցի կանայք էլ ուղեղներն առավոտյան նախաճաշի հետ չէին կերել, որպեսզի դեմ գնային այդ քաղաքականությանը: Բայց դե խաղաղություն քարոզողը ոչ միայն միամիտ էր, ինչպես ինքն է խոստովանում, այլև քաղաքականության հարցերում ամբողջովին բոբիկ: Ինչ մնում է տիկնոջ՝ մի քանի տասնյակի հասնող՝ կանանց միջազգային ինչ-ինչ համաժողովների մասնակցությանն ու ելույթներին, ապա դրանց արդյունավետությունը երևի միայն տիկնոջ ղեկավարած կուսակցական հիմնադրամին է առնչվում: Որովհետև Հայաստանի առումով լուրջ ներդրումների կամ քաղաքական աջակցության վերաբերյալ նյութերի ես ոնց որ թե չեմ հանդիպել հայկական մամուլում՝ ընդդիմադիր թե իշխանամետ: Որովհետև եթե նման բան լիներ՝ ես չէի կարող չտեսնել՝ օրական կտրվածքով մեր մամուլի նյութերը դիտարկելով: