Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը մոտ ապագայում կարող է ունենալ նոր գլխավոր մարզիչ։ Թիմի ղեկը, ըստ տեղեկությունների, կստանձնի ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Զիդանը պատրաստվում է դառնալ Ֆրանսիայի հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը՝ փոխարինելով Դիդիե Դեշամին, որը երկար տարիներ ղեկավարում է ազգային թիմը։
Ֆրանսիայի հավաքականը Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտվել է Իսպանիային՝ 0։2 հաշվով։ Դիդիե Դեշամի թիմը հուլիսի 18-ին կանցկացնի երրորդ տեղի համար հանդիպումը, որը կլինի վերջինը նրա գլխավորությամբ։
57-ամյա Դեշամը դեռևս այս տարվա հունվարին հայտարարել էր, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո կհեռանա ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից և այդ ընթացքում թիմին հասցրել է պատմական հաջողությունների։ Նրա ղեկավարությամբ ֆրանսիացիները 2018 թվականին դարձել են աշխարհի չեմպիոններ, իսկ 2022 թվականի աշխարհի առաջնությունում և 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճել են արծաթե մեդալներ։
54-ամյա Զինեդին Զիդանը մարզչական մեծ փորձ ունի հատկապես ակումբային մակարդակում։ Նա երկու անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը»՝ 2016-2018 և 2019-2021 թվականներին։ Նրա գլխավորությամբ մադրիդյան ակումբը երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև նվաճել է Իսպանիայի առաջնության, Սուպերգավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի և Աշխարհի ակումբային առաջնության տիտղոսներ։