«Հրապարակի» զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
-ԱՄՆ- Ռուսաստան բանակցությունները Ուկրաինայի մասով կարծես թե վերջնական փուլո՞ւմ են:
-Նման բան չկա, ինչպես ասում են՝ все только начинается:
-Բանակցություններից հրապարակվող բովանդակությունից ի՞նչ է պարզ դառնում՝ Ուկրաինան մասերի են բաժանո՞ւմ:
-Դա հիմա ամենաբարդ խնդիրն է: Տեսեք, բանակցային գործընթացը ցույց է տալիս մի բան՝ Միացյալ Նահանգներին շատ շտապ պետք է, որ այս կոնֆլիկտը ավարտվի, որովհետև կոնֆլիկտի երկարաձգումը չի բխում իր շահերից՝ քաղաքական և ռազմաքաղաքական շահերից, որովհետև ինքը նպատակ ունի այս կոնֆլիկտին վերջ տալ, ինչից հետո ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել Չինաստանի դեմ պայքարին: Կոնֆլիկտը խանգարում է դրան, ինչպե՞ս է խանգարում: Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը ստիպում է Ռուսաստանին, որը նաև Եվրոպայի կողմից է պատժամիջոցների ենթարկվում, ավելի ամուր կապ ունենալ Չինաստանի հետ: Միացյալ Նահանգները հույս ունի, եթե իրենց հաջողվի այդ կոնֆլիկտը հարթեցնել և բիզնես ներդրումներ անել Ռուսաստանում, ապա դրանով ինքը կարող է փորձել ռուս-չինական հարաբերությունները, ռուս-իրանական ամուր կապերը թուլացնել և առնվազն գոնե կարողանա ապահովել Ռուսաստանի չեզոքությունը՝ ԱՄՆ- Չինաստան պայքարի կոնտեքստում: Միաժամանակ, Միացյալ Նահանգները նաև նպատակ ունի դարձնել Ուկրաինան մի տարածք՝ պայմանականորեն անվանենք գորշ տարածք, որը Ռուսաստանի և Եվրոպայի միջև կլինի, որ Եվրոպան էլ այդտեղ չկարողանա իր դիրքերն ամրապնդել ու անուղղակի ձևով կախված լինի Միացյալ Նահանգներից:
-Այսինքն, նպատակ ունեն չեզոք գոտի դարձնել Ուկրաինան:
-Չեզոք տարածք, որը Միացյալ Նահանգների կողմից անուղղակի վարեհսկման ու ղեկավարման տակ է գտնվելու:
-Զելենսկին հայտարարում է, որ ռուսները դինոզավրեր են ու եկել են բոլոր ուկրաինացիներին ուտելու: Այս պարագայում կոնֆլիկտի դադարեցմանը ո՞նց են հասնելու:
-Հենց դա է ամբողջ խնդիրը. ամեն ինչ կախված է նրանից, թե Եվրոպան կօգնի՞ Ուկրաինային, որովհետև, եթե Միացյալ Նահանգները չօգնի, Եվրոպան էլ չօգնի, Ուկրաինան որոշ ժամանակ հետո կսկսի լուրջ պարտություններ կրել՝ շատ լուրջ: Խնդիրն այն է, որ Եվրոպան խոստանում է օգնել, բայց չի օգնում, ոչ թե չի կարողանում, այլ չի ստացվում տարբեր պատճառներով: Սակայն, դա չի նշանակում, որ չի էլ ստացվելու: Եվրոպան էլ իր պահանջներն ունի Ուկրաինայից: Նրանք ասում են՝ Միացյալ Նահանգներ, եթե դու կոնֆլիկտի լուծման հարցում ուզում ես ձեռք բերել Ուկրաինայի հազվագյուտ մետաղների հանածոները, որոնք իրականում այդքան էլ շատ չեն և կառավարել Ուկրաինային տրանսպորտային ենթակառուցվածքը՝ մասնավորապես Օդեսսայի նավահանգիստը, բա մեզ ի՞նչ է հասնում, մենք էլ ենք փող դրել՝ հարյուր միլիարդ եվրո, կամ մի քիչ ավել: Սա մեկ, երկրորդը՝ գլոբալիստները դեմ են Թրամփին, իսկ Եվրոպայում իշխում են գլոբալիստները, բնականաբար նրանք չեն ցանկանում պարտություն կրել Ռուսաստանից: Որովհետև, եթե Ռուսաստանի առաջադրած բոլոր պայմաններն իրականություն դառնան, իսկ այսօր արդեն Պուտինը նոր պայման առաջադրեց, որ Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն ՄԱԿ-ի հովանու ներքո, այսինքն ՄԱԿ-ի մանդատի հսկողության տակ դրված ինչ-որ տարածքի է վերածվում, ապա այդ դեպքում սա Եվրամիության գլոբալիստների համար բավականին լուրջ պարտություն է: Ռուսները դա շատ լավ հասկանում են, որ Ուկրաինայի հարցով կան թրամփիստների, այսինքն ԱՄՆ-ի և գլոբալիստների՝ Եվրոպայի միջև կա հակասություն, և ինքը շատ լավ խաղում է այդ հակասության վրա՝ փորձելով ավելի մեծացնել այդ երկու կենտրոնների միջև եղած ճեղքը:
-Էրդողան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել և Էրդողանն իր միջնորդի ծառայություններն է առաջարկել Պուտինին: ԱՄՆ-ից եկած հրահա՞նգ է, թե՞ Էրդողանն իր խաղն է խաղում:
-Ոչ, Էրդողանը պարզապես ցնկանում է գեոպոլիտիկ առաջնորդ դառնալ, ամբիցիաներ ունի, բայց կողմերը ցանկություն չունեն նրա ամբիցիաները բավարարելու:
-Թրամփի վարչակազմը չի՞ աջակցելու Էրդողանին՝ տարածաշրջանում առաջնորդողի դեր ստանձնելու համար:
-Ոչ, ԱՄՆ-ն միայն Իսրայելին է աջակցում, իսկ մյուսներին այնքանով-որքանով, եթե օգնեց Իսրայելին, ուրեմն կստանան ԱՄՆ-ի աջակցությունը, չօգնեց Իսրայելին կամ թշնամի եղավ, ուրեմն ԱՄՆ-ի համար ոչ ոք է:
-Ասում են, որ Թրամփն ուզում է Իրանի հետ բանակցություններով հարթել ստեղծված իրավիճակը: Իրատեսակա՞ն է:
-Մոտավորապես այո, որովհետև պատերազմը Իրանի դեմ լուրջ խնդիր է: Իրանին հարվածելը հեշտ է, կարող ես հարվածել, բայց դու Իրանին չես հաղթում: Իրանին հաղթելու համար դու պիտի մի չորս -հինգ միլիոնանոց բանակով մտնես ու գրավես Իրանի տարածքը՝ դա անհնար է:
-Իրաքի սցենարով չե՞ն կարող:
-Չեն կարող՝ Իրանը Իրաք չի: Իրանը ունի 86 միլիոն բնակչություն, որից 20-30 % մինչև երեսուն տարեկան երիտասարդներ են, այսինքն մոբիլիզացիոն ռեսուրս է՝ զորակոչային տարիքի: Տարածքը շատ մեծ է և դու տեղ չունես, որ կարողանաս մուտք գործել:
-Ներսից պայթեցնելու սցենարը չի՞ աշխատի:
-Ներսից աջակցել կարող են տարատեսակ հակապետական գործողությունների:
-Իսրայելը ձգտում է Իրանի դեմ պատերազմ հրահրել: Թրամփը տեղի կտա՞, թե՞ ԱՄՆ-ի շահը ավելի վեր կդասի:
-Թրամփը միշտ ԱՄՆ-ի շահով է առաջնորդվում՝ միշտ:
-Իսկ Իսրայելի և Ադրբեջանի սերտ դաշնակցային համագործակցությունը չի՞ ծառայում Իրանի դեմ ռազմական գործողություններով հանդես գալուն:
-Ադրբեջանը չի կարող Իսրայելի հետ դաշնակցությամբ Իրանի դեմ դուրս գալ՝ Իրանը կվերացնի Ադրբեջանն ընդհանրապես՝ որպես պետություն կդադարի գոյություն ունենալ, որովհետև Իսրայելը հեռու է, իսկ Ադրբեջանը հարևանն է: Եվ եթե Իսրայելը Իրանի հրթիռների մի մասը ոչնչացնում է հակաօդային պաշտպանության իր համակարգով, Ադրբեջանն այդ հակաօդային պաշտպանությունը չունի, ուղղակի Արդբեջան անունով պետություն գոյություն չի ունենա՝ մի երկու-երեք օր կպահանջվի Իրանից Ադրբեջանը ոչնչացնելու համար: