Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հոկտեմբերի 17-ին կալանավորվեց երկու ամսով։ Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց կալանավորման միջնորդությունը։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Կոչուբաևը ձերբակալվել էր նախօրեին, դիմակավորված ԱԱԾ-ականները փաստաբանին իր իսկ մեքենայից բռնի կերպով հանել էին, պառկեցրել ասֆալտին և տարել։ Իսկ մեքենայում, մեզ հասած տեղեկություններով, նրա նկատմամբ բռնություն է գործադրվել: Իրաբավանական համայնքը 2 օր է՝ իր զորակցությունն է հայտնում հայտնի փաստաբանին, դատապարտում տեղի ունեցածը։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը եւ Էրիկ Ալեքսանյանը գրել էին, որ պետք է անժամկետ գործադուլ սկսել՝ Կոչուբաեւին ազատ արձակելու պահանջով։
Փաստաբան Աբգար Պողոսյանը, որը Կոչուբաեւի ընկերն է, եւ այժմ էլ նրա շահերի պաշտպաններից մեկը, «Հրապարակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով գործադուլ անելուն եւ նաեւ մեր այն հիշեցմանը, որ տարվա սկզբին նման ակցիա արել են փաստաբանները՝ հարկերի բարձրացման պատճառով, ասաց․ «Օրինակ, պատկերացրեք, այսօր ձեր ազգականի նիստն է, որը ճակատագրական է` ո՞նց կվերաբերեք, որ պաշտպանը չգա։ Իրականում օբյեկտիվ պատճառներ են լինում, որ պաշտպանները չեն միանում։ Հաշվի առնելով, որ պարոն Կոչուաբեւը նաեւ իմ ընկերն է, ես անձամբ ցանկացած նախաձեռնության պատրաստ եմ միանալ։ Նշեցիք, որ նախկինում եւս եղել է, բայց լինում են դեպքեր, որ չես կարող, դիցուք, պաշտպանյալդ ծանր հանցանքի մեջ է մեղադրվում, կալանավոր է, 3 անչափահաս երեխա ունի, դու իրենց ո՞նց բացատրես, որ որեւէ խնդրով պայմանավորված փաստաբանական համայնքը բոյկոտ է անում, բայց անգամ այդ հանգամանքներում, ես ցանկացած ակցիայի պատրաստ եմ միանալ, շատ ողջունում եմ պարոն Աթանեսյանի այդ նախաձեռնությունը, պետք է լինեն գործողություններ։ Ես չեմ կարծում, որ փաստաբանական համայնքն այն համայնքն է, որ այսպես հեշտ կուլ կտա»։
-Վատ նախադեպ է ստեղծվո՞ւմ` գետնին տապալելով փաստաբանին տարել են մեկ գրառման համար․․․
-Պատկերացրեք սա քաղաքացու աչքերով։ Քաղաքացին տեսնում է, որ անգամ իր շահերը պաշտպանողին են այդ օրը գցում։ Քննչական կոմիտեում քննվող գործով ձերբակալումը հանձնարարվել է ԱԱԾ-ին, ձերբակալումից հետո ուղեկցումը ոստիկանությունն է կատարել, լավ, ո՞ւմ համար պարզ չԷ, որ ԱԱԾ-ն է անում ձերբակալումը նման պիղծ ձեւով` մարդու արժանապատվությունը նվաստացնելու փորձ անելով։
-Ալեքսանդր Կոչուբաեւի գրածը շատ սո՞ւր էր, գրառմանն էլ անդրադարձեք։
-Սուր էր, բայց հանցակազմ չկա, ընդ որում, որեւէ պաշտպան, որը վարույթով ներգրավված է, չի հերքում, որ սուր էր, բայց չի նշանակում, որ քրեորեն պատժելի արարք է: Իրականում շատ վատ բան է եղել։ Եթե ուղղակի սա սենց անցավ գնաց, ես սարսափում եմ պատկերացնել, թե հաջորդիվ ինչեր են լինելու։ Համ փաստաբան, համ հավատացյալ, յուրաքանչյուր հավատացյալ անձ այդ զգացողությունները, ապրումներն ունենում է, անձամբ այդ օրը Կոչուբաեւի հետ շփվել եմ, ինքը շատ տարակուսած էր այն ամեն ինչով, ինչը որ կատարվում է, այսինքն՝ բնական զգացողություններ են, դա էլ քննադատություն է։ Պաշտոնատար անձը պետք է պատրաստ լինի այդ սուր քննադատությանը։
-Իսկ դատարանում ի՞նչ իրավիճակ էր, Մասիս Մելքոնյանն իրեն ինչպե՞ս էր պահում, քննիչներ եկե՞լ էին։
-Երկու քննիչ էր եկել, կարող էին չգալ, բանավոր ասեին՝ պնդում եմ միջնորդությունը։ Մասիս Մելքոնյանը անվրդով էր, որովհետեւ ելքը գիտեր։
-Մեկ էլ չէ, երկու ամսով կալանավորեց դատավորը․․․․
-2 ամիս կալանք, հաղորդակցության սահմանափակում, տեսակցությունների սահմանափակում, ամեն ինչ փակ է։
-Ո՞ր ՔԿՀ են տարել։
-Վարդաշեն։
ՀԳ Հիշեցնենք, որ Կոչուբաեւը ձերբակալվել էր ֆեյսբուքյան գրառման համար, որն արել էր Արագածոտնի թեմի առաջնորդի կալանավորման որոշումից հետո։ Նա, մասնավորապես, գրել էր. «Վիժվածքներ, Հոգին սատանային վաճառած քննիչներ, դատախազներ, դատավորներ ձեր պատիժը երկնային է լինելու, աղոթում եմ Տիրոջը ձեզ չների և պատիժը քավեք սերունդներով։ Մկրտիչ Սրբազանը ծառայությունը կշարունակի ԿԿԲ պադվալում, բայց դուք ոնց շատ տղա կայիք էտ ձև էլ մնացիք։
Հ.Գ. Ու չհամարձակվեք ասեք տուն ենք պահում, ես էլ էի տուն պահում, երբ 2018 թվականին սատանաների ավազակավորջը եկավ իշխանության, ես էլ սպա էի ու ուսադիրը սրանց վրա շպռտելը եղել է կյանքիս ամենաբարդ որոշումը, բայց տուն պահել կարելիա արդար քրտինքով, ոչ թե ձեր պես աշխատավարձ ծծելով։
Հ.Գ.Գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ։
Զորակցությունս Սրբազան հորը»։