Այսօր Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի 7 ուժերի դիմումների գործով իր որոշումը։ Մինչ այս պահը ՍԴ-ից հրապարակման ժամի վերաբերյալ որևէ տեղեկություն չի տրամադրվել։ Մեզ հետ զրույցում ՍԴ-ում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը նշեց․ «Փոքր ինչ տարօրինակ է այս հապաղումը ՍԴ-ի կողմից, որովհետև թեև երեկ հայտարարեցին, որ ժամի մասին ևս կտեղեկացնեն, ու երեկ ոչինչ չէր խանգարում իրենց հստակ ժամը հայտարարելու համար, այսօր էլ մարդիկ ամեն ժամ զանգում հետաքրքրվում են և վստահ եմ նաև այնտեղ են զանգում հետաքրքրվում, ենթադրում եմ, որ գուցե ինչ որ անհամաձայնություն կա ՍԴ դատավորների մեջ՝ որոշման հետ կապված, դրա համար է այսքան ձգձգվում»։
Հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունի՝ Սողոյանը պատասխանեց․ «Եթե ոչ իրավաբանորեն ասեմ՝ քաղաքական գործոնը հասկանալով՝ մեծ սպասելիքներ չունեմ, ամենայն հավանականությամբ մտածում եմ, որ որոշումն անփոփոխ կթողնի, բայց իրավաբանորեն մտածում եմ, որ առնվազն կունենանք ԲՀԿ-ի ձայների հաշվարկմամբ մանդատները վերաբաշխելու մասին որոշում և ԲՀԿ-ն կունենա 5 մանդատ։ Քաղաքական հրահանգը շատ պարզ է այս ամեն ինչում, բայց ես նաև հասկանում եմ, քանի որ այնտեղ կան պրոֆեսիոնալ իրավաբաններ՝ ի դեմս զեկուցող դատավորի (խմբ․ Էդգար Շաթիրյան), այդ որոշման տակ պետք է ինչ որ իրավական փաստարկում դնեն, իսկ առնվազն ԲՀԿ-ի մասով այդ ամենը շատ-շատ դժվար է լինելու։ Սա Հայաստանի պատմության մեջ երևի ամենափաստահեն ընտրությունների վիճարկման դատավարությունն է եղել և նախորդիվ բոլոր տարիներին ՍԴ-ն շատ սահմանափակել է այդ դատական պրակտիկան ու ամեն ինչ պրիմիտիվացրել է մինչև մաթեմատիկական հաշվարկի մակարդակի։ Այսինքն եթե ինչ որ մի բան մաթեմատիկորեն հաշվելի չէ և չենք կարող հաշվել և պարզել՝ դա էական ազդեցություն է, թե էական ազդեցություն չէ, մենք դրան տուրք չենք տա, որպեսզի ընդհանուր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչեն, դա էր պատճառը, որ ինչ վերաբերում էր մեր նախորդիվ բերած փաստարկներին՝ կլինի ատելության խոսք, թե վարչական ռեսուրսի չարաշահում, տողատակերով հասկացնում էին դատավորները, որ մեկ է՝ դա մաթեմատիկական հաշվարկի բանաձևի մեջ չէր տեղավորվում։ Բայց այս դատավարությունը բացառիկ է նրանով, որ ամթեմատիկորեն գոնե 1+1 ձևակերպմամբ ԲՀԿ-ի ձայների հարցը ավելի քան միանշանակ է։ Այստեղ ընդդիմությունը մեկ քայլ առաջ էր գնացել ու մաթեմատիկական ձևակերպմամբ էր բերել այն փաստերը, որոնց մասին խոսում էինք։ Մենք խոսեցինք իրենց ծախսած ֆինանսների մասով, ինչպես նաև սոցիոլոգիական հարցումներով ցույց տվեցինք նույն այդ սոցիալական կաշառքը և ատելության խոսքի դրսևորումները որքանով են ազդել»։
Նշենք, որ ՍԴ-ն դեռ չի հայտնել որոշման հրապարակման ժամը։ Օրենքը դիմումների քննության համար սահմանում է 14-օրյա ժամկետ և քանի որ ժամային սահմանափակում նշված չէ, կարող են մինչև օրվա ավարտը՝ 24։00 հրապարակել որոշումը։