Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրավիրել էր Գյումրու ավագանու արտահերթ նիստ, որի հիմնական նպատակը, ինչպես իրենք ասացին, Գյումրու ավագանու շահերը ներկայացնելու համար ներկայացուցչին լիազորելու հարցն էր։ Մինչդեռ ակնհայտ էր, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հերթական դավադրությունն էր, և հարցը վերաբերում էր նախկին կառավարման տարիներին, նրա օրոք սեփականաշնորհված տարածքներին։ Ի դեպ, ՔՊ֊ն նույն ձեռագիրը օգտագործեց, երբ գործ հարուցվեց նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ։ Թեև ավագանին որոշումը ընդունեց, և որոշմանը կողմ քվեարկեց Վարդան Ղուկասյանի թիմը, «Մայր Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց նիստը, հեռացավ դահլիճից։ Խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանն իր ելույթում նշեց.«Անկեղծ ասաց, չգիտեմ, թե ինչ եք էսօր ուզում քննարկել, երբ ձերբակալված է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։ Ովքեր են մեղավոր, ընթացքը ցույց կտա, կամ բոլորս էլ գիտենք մեր մեջ։ Տևական ժամանակ է օրվա իշխանության կողմից եկեղեցին հետապնդվում ու քարկոծվում է, իրականացվում է քրեական և քաղաքական հետապնդում մեր հոգևոր առաջնորդի նկատմամբ, կալանավորված են հանրային մեծ հարգանք վայելող դեմքեր։ Մենք խստորեն դատապարտում և մեր զորակցությունն ենք հայտնում Միքայել Աջապահյանին, մաղթում շուտափույթ ազատություն բոլորին։ Ինչ վերաբերում է այսօրվա Գյումրու ավագանու` ՔՊ֊ի հրավիրած նիստին, ՔՊ֊ի, որ մեր եկեղեցու դեմ իրականացվող արշավի քաղաքական պատասխանատվություն կրող ուժն է, և որի գյումրեցի ներկայացուցիչները կամ ծպտուն չեն հանում, կամ օժանդակում են դրան։ Ես բազմիցս շփվել եմ ՔՊ ֊ի անդամների հետ, դուք լավ եք ճանաչում ինձ, գիտեք, մեր ներքին խոսակցությունների ժամանակ իրենք էլ ասում են, որ դեմ են, բայց դե գիտեք` ինչ...ես այսօր կոչ եմ անում այստեղ գտնվող ՔՊ֊ին քաջություն դրսևորել ` հրապարակային արտահայտվել։ Բազմիցս, Միքայել Սրբազանը ինձ հետ զրույցում ասել է, որ կան ՔՊ֊ականներ, ովքեր մեղք չունեն, հիմա ես էլ, որպես ձեր քաղաքի տղա, հորդորում են, որ միջնորդություն ունենաք , որպեսզի օր առաջ ազատվեն մեր հոգևորականները»:
Մանրամասն` տեսանյութում