Թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում համարյա ամենքը տեղյակ են Հին Երուսաղեմի Հայկական թաղամասի «Հայկական պարտեզ» կոչվող կալվածքի վարձակալության շուրջ ծագած վեճից (հայկական միջավայրում հաճախ օգտագործվում է «Կովերու պարտեզ» անվանումը)։ Այս թեման սովորաբար հայտնվում է լրահոսում հայ համայնքի եւ վարձակալ Xana Gardens-ի ներկայացուցիչների միջեւ բախումների առիթով, որոնք սկիզբ առան 2023-ի նոյեմբերին՝ Հայոց պատրիարքարանի կողմից վարձակալության պայմանագիրը չեղյալ հայտարարելուց հետո, կրկնվեցին դեկտեմբերի վերջին, բախում եղավ նաեւ վերջերս՝ ապրիլին։ Բախումները տեղի են ունենում Իսրայելի ոստիկանության անգործության, երբեմն՝ թողտվության պայմաններում։ Դրանց կապակցությամբ հաղորդագրություններ է տարածում Հայոց պատրիարքարանը, հայ համայնքից են սոցցանցերում տեսանյութեր տեղադրում, գրառումներ կատարում, ապրիլյան բախումից հետո Երուսաղեմի հայկական կազմակերպությունների ստորագրությամբ երկարաշունչ կոչ տարածվեց։
Սակայն բոլոր այս բախումներից, դատարանի վարույթում գտնվող հայցից, հայցային հիմնավորումներից, պահանջներից այն տպավորությունն է խորանում, թե այստեղ քաղաքացիա-իրավական հարաբերությունների, երկու իրավաբանական անձանց միջեւ վեճի հետ գործ ունենք։ Մինչդեռ իրականում այդպես չէ։ Ամենեւին այդպես չէ։
Իրականում խնդիրն ավելի բարձր հարթությունում է, Իսրայելի վերահսկողության ներքո գտնվող Սուրբ վայրերի պաշտպանութան, դա երաշխավորող իսրայելյան օրենսդրության եւ միջազգային պարտավորությունների դաշտում։ 1967-ի Վեցօրյա պատերազմից հետո (5-10 հունիս, 1967թ․), երբ Հին Երուսաղեմն անցնում է Իսրայելի վերահսկողությանը, նույն ամսին Իսրայելի խորհրդարանն ընդունում է «Սուրբ վայրերի պաշտպանության մասին» օրենքը (PROTECTION OF HOLY PLACES LAW 5727-1967), որով հստակ սահմանվում է․ «Սուրբ վայրերը պետք է պաշտպանված լինեն պղծումից եւ ցանկացած այլ խախտումից, ինչպես նաեւ՝ այն ամենից, ինչը կարող է խաթարել տարբեր կրոնների ներկայացուցիչների մուտքի ազատությունը իրենց համար Սուրբ վայրեր կամ վիրավորել նրանց զգացմունքներն այդ վայրերի առնչությամբ» (“The Holy Places shall be protected from desecration and any other violation and from anything likely to violate the freedom of access of the members of the different religions to the places sacred to them or their feelings with regard to those places”). Հետագայում՝ 1980-ին, նույն կարգավորումը ներառվում է Իսրայելի Հիմնական օրենքներից մեկում՝ JERUSALEM - CAPITAL OF ISREAL LAW.
Իսրայելում սահմանադրություն գոյություն չունի, դրան փոխարինում են Հիմնական օրենքները, որոնց հետ հակասությունը նշանակում է առոչինչ կարգավիճակ։ Իսկ 2021-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու ԱՄԷ-ում գրանցված, սակայն իսրայելցի գործարարների պատկանող Xana Gardens LLC-ի միջեւ կնքված «Հայկական պարտեզ» կալվածքի վարձակալության պայմանագիրը եւ կալվածքում ամբողջ 3 ակր (շուրջ 12000 քմ) տարածքի վրա 7-աստղանի հյուրանոցային համալիր կառուցելու նախագիծն ամենաուղիղ կերպով եւ մի քանի դրվագով խախտում է թե՛ PROTECTION OF HOLY PLACES LAW-ն, թե՛ JERUSALEM LAW-ն։ Դա բավարար հիմք է՝ պայմանագիրն առոչինչ ճանաչելու՝ առանց քաղաքացիա-իրավական հարաբերությունների հարթության։
Իսրայելական օրենսդրության, Սուրբ վայրերի պաշտպանության պարտավորությունների եւ «Հայկական պարտեզի» վարձակալության պայմանագրի միջեւ հակասությունները Հայաստանում նկատել են դեռ փետրվար ամսին։ Այդ հակասության փաստարկները, հիմնավորումները նայել են Հայաստանում բարձրագույն դատական պաշտոններ զբաղեցրած դատավորներ, միջազգային փորձառությամբ իրավաբաններ, Մայր Աթոռին են դրանք փոխանցվել, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, ներառյալ անձամբ Նուրհան պատրիարքն է տեղյակ պահվել։ Անշուշտ, ամենքի ակնկալությունն այն է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր հայտարարությամբ միջազգային մակարդակում բարձրաձայնի եւ Իսրայելի իշխանությունների ուշադրությունը հրավիրի իրողությանը, որ Սուրբ վայրերի պաշտպանության օրենք ու միջազգային պարտավորություն է խախտվում «Հայկական պարտեզի» վարձակալության պայմանագրով։ Ինչո՞ւ մինչ այժմ հայտարարությունը չի հնչել՝ հոդվածում ավելի ուշ կասվի։ Սակայն մինչ այդ՝ Իսրայելի Նախագահական պալատ նույն թեմայով ուղարկված հարցերի մասին։
Ինչ ենք հարցրել, եւ ինչու է լռել Իսրայելի նախագահականը
Այնպես էր ստացվել, որ փետրվար-մարտ ամսից ինքս տեղյակ էի Սուրբ վայրերի պաշտպանության իսրայելյան օրենքների, պարտավորությունների հետ «Հայկական պարտեզի» վարձակալության պայմանագրի հակասությունների թեմային, դրա շուրջ անցուդարձին եւ լրագրողի սովորությամբ, մանավանդ որ Մայր Աթոռից էլ հայտարարություն դեռ չէր հնչում, մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ուղիղ հարցադրումներ չուղարկել Իսրայել։ Առաջին մտածումս հարցերն Իսրայելի ԱԳՆ խոսնակին ուղարկելն էր։ Հետո մտածեցի, որ Իսրայելի ամբողջ կառավարությունը պատերազմի մեջ է՝ Գազայում եւ Պաղեստինում զենքով ու զորքով, դիվանագիտական դաշտում՝ միջազգային կառույցների, դատարանների, երկրների հետ չվերջացող լեզվակռիվներով ու դեմարշներով, երկրի ներսում՝ տնտեսության անկման, որոշ սեկտորներում փլուզման դեմ ճգնաժամային միջոցառումներով։
Հետեւաբար, ավելի ճիշտ կլինի հարցերն ուղարկել Իսրայելի նախագահի աշխատակազմ։ Մանավանդ որ Իսրայելի նախագահի պաշտոնը եւ պաշտոնավարող նախագահ Իցխակ Հերցոգն էլ անձամբ՝ հանրային համերաշխության, կրոնական հանդուրժողականության, ծայրահեղականության դեմ պայքարի առաջատարի ընկալում ունեն։ Այդպես էլ վարվեցի՝ հարցերն ուղարկեցի Իսրայելի նախագահի աշխատակազմ։ Հարցերը երեքն էին, որոնք ստորեւ ներկայացնում ենք։ Եվ, իհարկե, հարցերն ուղարկվել են նախաբան նամակով, որը գրեթե նույն ծավալն ուներ, ինչ բուն հարցերը։
Առաջին հարցը հետեւյալն էր․
1. At least two Israeli laws – the PROTECTION OF HOLY PLACES Law (1967) and the Basic Law JARESALEM - THE CAPITAL OF ISREAL (1980) state: “The Holy Places shall be protected against desecration, and any other violation, and against anything that is likely to violate the freedom of access of members of the various religions to the places sacred to them, or to offend their feelings towards those places”.
Hence, wouldn’t the construction of a 7-star hotel (by its very nature inclined to become a harbor of secular enjoyments, debauchery and sinfulness) on almost 3 acres of land in close proximity to Saint James Cathedral and the Armenian Patriarchate, offend the religious feelings of all the Armenians, feelings of Spanish throne, church and people whose Patron saint is St. James, feelings of Santiago de Compostella pilgrims, who throughout centuries walk the Saint James Way to knee before the relics of the beheaded body of Saint James whose head is buried in Saint James Cathedral, and right everyone else who has feelings towards the Throne of Saint James the Apostle? Doesn’t such an enterprise breach the above cited Israeli laws?
Թարգմանաբար՝ «1. Իսրայելական առնվազն երկու օրենք՝ «Սուրբ վայրերի պաշտպանության մասին» օրենքը (1967) եւ «Երուսաղեմ-Իսրայելի մայրաքաղաքը» օրենքը (1980), սահմանում են․ «Սուրբ վայրերը պետք է պաշտպանված լինեն պղծումից եւ ցանկացած այլ խախտումից, ինչպես նաեւ այն ամենից, ինչը կարող է խաթարել տարբեր կրոնների ներկայացուցիչների մուտքի ազատությունը իրենց համար Սուրբ վայրեր կամ վիրավորել նրանց զգացմունքները այդ վայրերի առնչությամբ»։
Ասվածից ելնելով, Սրբոց Յակոբեանց տաճարի եւ Հայոց պատրիարքարանի անմիջական մերձավորությամբ, շուրջ 3 ակր հողատարածքի վրա 7-աստղանի հյուրանոցային համալիրի կառուցումը (որ իր բնույթով արդեն աշխարհիկ վայելքների, զեխության, մեղսագործության վայրի վերածվելու հակում ունի) արդյոք չի՞ վիրավորի բոլոր հայերի կրոնական զգացումները, իսպանական գահի, եկեղեցու եւ ժողովրդի զգացումները, որոնց պահապան սուրբն է Ս․ Հակոբոս Առաքյալը, Santiago de Compostela-ի ուխտագնացների զգացումները, ովքեր դարեր շարունակ ոտքով Սուրբ Հակոբոսի Ուղին են անցնում՝ այդ սրբավայրում Հակոբոս առաքյալի գլխատված մարմնի մասունքների առջեւ խոնարհվելու համար, ում գլուխն էլ ամփոփված է Սրբոց Յակոբեանց տաճարում, եւ, առհասարակ, ամեն մեկին, ով կրոնական զգացումներ ունի Սուրբ Հակոբոս Առաքյալի Աթոռի հանդեպ։ Արդյո՞ք նման ձեռնարկումը չի խախտում վերը մեջբերված իսրայելյան օրենքները»։
Երկրորդ հարցը․
2. The UAE registered Xana Gardens LLC’s project of constructing a 7-star hotel in the area of the Armenian Gardens that was leased to Xana Gardens LLC by an basically void contract (later canceled altogether by the Armenian Patriarchate), if not prevented from realization will unavoidably violate and destruct the daily activities of the semi-religious institutions around- the Jarankavorats Theological Seminary, Gulbenkian Library of Ancient and Religious Manuscripts, the Martikian Museum, etc., and lastly of the Armenian Patriarchate itself. Doesn’t this constitute another breach of the Protection of Holy Places Law?
«2. Միացյալ Էմիրություններում գրանցված Xana Gardens ընկերության՝ 7-աստղանի հյուրանոց կառուցելու ծրագիրը «Հայկական պարտեզի» տարածքում, որը Xana Gardens-ին վարձակալության է տրվել ըստ էության առոչինչ պայմանագրով (հետագայում այն առհասարակ չեղարկվել է Հայոց պատրիարքարանի կողմից), եթե չկանխվի եւ իրագործվի, դա անխուսափելիորեն կխաթարի եւ կխափանի շրջակա կիսակրոնական հաստատությունների բնականոն գործունեությունը` Ժառանգավորաց հոգեւոր ճեմարանի, Հին եւ կրոնական ձեռագրերի Գյուլբենկյան գրադարանի, Մարտիկյան թանգարանի եւ այլն եւ, վերջապես, հենց Հայոց պատրիարքարանի: Արդյո՞ք սա «Սուրբ վայրերի պաշտպանության մասին» օրենքի մեկ այլ խախտում չէ:
Վերջին հարցը․
3. On June 27, 1967, when the PROTECTION OF HOLY PLACES LAW was tabled for vote at Knesset, before that vote a special meeting was held with the Heads of Religious Communities of the Holy Land where then the Prime Minister of Israel Levi Eshkol addressed the religious leaders with a brief speech telling particularly the following: “It is our intention to entrust the internal administration and arrangements of the Holy Places to the religious leaders օf the Communities to which they respectively belong”.
Շարունակելի