Քաղաքականություն

«Հրապարակ». Սրանք ընդամենը առաջին գծի վրա կանգնած գործիքներ են

«Հրապարակ». Սրանք ընդամենը առաջին գծի վրա կանգնած գործիքներ են

2018-ի հայտնի դեպքերից հետո 1937 թվականի «ուրվականն է շրջում» Հայաստանում: Բայց 2018-ի իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր սեր, հանդուրժողականություն, համերաշխություն, այդ պատճառով էլ իշխանափոխության գործընթացը նա անվանեց թավշյա։ Բացառում էր ցանկացած վենդետա: Չնայած այդ ամենը չեղավ, բայց հիմա ուղղակի տեռորն է մոլեգնում երկրում` բերդերում ազատ տեղ չկա, քաղաքական գործիչները կալանավորվում են առանց որեւէ հիմքի: Հիմա Փաշինյանն ուզում է համոզել հայ ժողովրդին, որ մինչ 2026-ը Հայաստանում թավշյա մթնոլորտ է տիրել, եւ ինքը միայն նոր է որոշել վերջ դնել թավիշին եւ «բոմժ սարքել, սատկացնել ու կզացնել» ընդդիմադիր ուժերին: Փաշինյանը, հավանաբար, նույն կոնտեքստում է դիտարկում ամեն օր լուսաբացին, տարբեր ընդդիմադիր գործիչների բնակարաններում խուզարկություններն ու կալանավորումները, սակայն հենց 2018-ից սկսած, հեղափոխական կոչվող այս թիմը զբաղվում է բացառապես ատելություն ու թշնամանք տարածելով, մարդկանց բանտերը լցնելով ու սպառնալով, վիրավորելով, զրպարտելով, երկրի մթնոլորտը թունավորելով ու մարդկանց իրար դեմ տրամադրելով: Ի վերջո, Հայկ Մարությանը նորանկախ պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովրդին սեւերի եւ սպիտակների բաժանեց ու չնայած որ այժմ որպես արդարացում պնդում է, որ սեւերը, 2020 թվականից սկսած, Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են, դրանից հարցի բուն էությունը չի փոխվում: Շատերը Փաշինյանի ղեկավարած ավտորիտար ռեժիմը համեմատում են 1937 թվականի հետ, շատերն էլ այլ պատմական զուգահեռներ են անցկացնում:

Պատմաբան Հայկ Դեմոյանին հարցրինք` պատմության ո՞ր շրջանն է հիշեցնում ժողովրդավարության անվան տակ մարտնչող այս բռնապետական ռեժիմը, Դեմոյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմական էքսկուրս կատարեց՝ ասելով. «Համակարգը, որ մենք ունենք, չեկիստաենիչերական է: Պատրաստ են մասսայաբար կոտորած անել, մարդ սպանելը ենիչերիների համար ոչինչ էր, ավելին` դա էր նրանց հիմնական գործառույթը, չեկիստների հայտնի նշանաբանն էլ այն էր, որ եթե մարդ լինի, ապա հոդված անպայման կգտնվի»: Բայց Նիկոլ Փաշինյանը փողոցներում դեռեւս զանգվածաբար չի սպանել մարդկանց՝ նկատեցինք մենք։ «Այո, բայց գնում է հենց այդ ուղղությամբ: Նա տանում է Հայաստանը հենց այդ ուղղությամբ: Ամեն օր ինչ-որ ընդդիմադիր ուժերի են ձերբակալում, ապա՝ կալանավորում եւ բաց թողնում: Մեր առօրյան դարձել է բռնոցի-բացթողոցի, դատարաններ, հետաքննություն, սա ճիշտ է, նա սխալ է, խուզարկություններ եւ այլն: Մենք չենք ապրել 1937 թվականին, որպեսզի հստակ նմանությունները մատնանշենք, սակայն հոգեվիճակը շատ նման է: 1937-ի լոգիկայով են գործում: Օրվա իշխանություններն իրականում դրածոներ են, գործիքներ ընդամենը, այ, նրանց իշխանության բերողներն են գործում 1937-ի մտայնություններով, բայց սրանք ընդամենը առաջին գծի վրա կանգնած գործիքներ են»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image