Վերլուծություն

Արջ ապերը, Խնկո Ապերն ու երրորդ վարուցանքը

Արջ ապերը, Խնկո Ապերն ու երրորդ վարուցանքը

Առակներն ապրում են դարերով։ Խոսում են ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի մասին։ Խնկո Ապոր արջը երկու անգամ գյուղացու հետ վարուցանք էր արել։ Շաղգամ, ապա ցորեն էին ցանել: Գյուղացուն մնացել էր արմատը, ապորը՝ փրերն ու ցողունը։ Գյուղացուն՝ հասկը, արջին՝ հողի կոշտուկը։ Այդ օրվանից արջ ապերը չմոռացավ գյուղացու կեղծ ժպիտը, իր դատարկ թաթերն ու կախ մռութը։
Տարիներ անցան։ Արջ ապերը, անտառի եզրին նստած, նայում էր դաշտերին ու մտածում՝ գուցե աշխարհը փոխվե՞լ է։ Մի մեծ ցուցանակ էր աչք ծակում՝«Ապագա կա»։ Ծանոթ դաշտում էլի եռուզեռ էր։ Գյուղացին էր եկել: Նա առաջարկում էր վարուցանք անել։ Արջը մտմտաց՝ երկու անգամ արդեն խաբել եք ինձ։

Գյուղացին համոզեց. «Այս անգամ ավելի կարեւորն ենք ցանելու»։ Արջը մտածեց՝ երեւի ես եմ հետամնաց ու անհավատ. ամբողջ անտառը հավատում է, զարգանում է, միայն իմ դատարկ մառանն է ընդդիմադիր ու թերահավատ։ Ահա ինչու հարցրեց՝ իսկ ի՞նչ ենք ցանելու: Ասաց՝ պատասխանը ոչ թե լեզվի տակ է, այլ՝ դաշտում։ Խոստացավ ՝բերքի բաշխումն արդար կլինի։ Լսեց։ Արդեն ջահել չէր, առաջվանը չէ, բայց արջ էր։
- Տարօրինակ է,- ասաց,- առաջ ասում էիք՝ ցուրտ է, փայտ չկա, հիմա հանկարծ կրակը թեժացա՞վ։
Գյուղացին ուսերը թոթվեց.
- Ապեր, ժամանակներն են փոխվել։
Արջ ապերը տեսավ, որ ամբողջ դաշտը եռում է։ Մեկը բաժանում էր, մեկը՝ հաշվում, մեկը՝ պատմում, թե որքան լավ բերք է լինելու, մյուսը բերքի համն ու հոտն էր նկարագրում, զարմանում, որ արջն այդ տարրական բաները չի հասկանում։ Միայն մի բան էր պակասում՝ բերքը։ Նա վերստին հիշեց նախկին վարուցանքերը։ Զգաց, որ կորցնելու վտանգի տակ է մի ուրիշ արժեք։ Երրորդ անգամ մտել էր նույն խոպան դաշտը։ Ոչ թե չէր հիշում անցյալը, այլ հիշում էր եւ շատ ուզում էր, որ այս անգամ անցյալը չկրկնվի։ Եվ ընտրության օրը արջ ապերը գնաց այն մարդու ետեւից, ով խոստացավ բերքն արդար բաժանել։

Պաշտոնական հաղոր­դագրու­թյուններում ամեն ինչ հաջող էր՝ թվերը՝ գեղազարդար, ծրագիրը՝ կատարված, ապագան՝ լուսավոր։ Արջ ապերը նկատեց, որ բերքը դեռ չէր աճել, բայց դրա հաջողության մասին արդեն երեք ժողով, երկու շնորհանդես ու չորս հարցազրույց էր եղել։ Դաշտում այդ տարի նորից շատ բան աճեց՝ խոսքեր, բացատրություններ, հավաստիացումներ: Միայն թե արջ ապերը դեռ սպասում էր ու մտածում՝ էլի՞ իրեն կմնա այն, ինչ մնում է խաբվածին՝ հողի կոշտուկն ու փոշին։ Եթե միայն իրենց ասածները լսեիր ու կարդայիր, կարող էիր մտածել, թե մեր արջերն արդեն Շվեյցարիայի անտառներում են ապրում եւ մեղր ու տանձ են վայելում։ Երկրորդ օրն արդեն վաճառողը նրան չզեկուցեց, թե ՀՆԱ-ն քանի տոկոսով է աճել, պարզապես ասաց․ «Ապրանքը թանկացել է»։ Հաշվեց դրամները, չիմացավ՝ դե՞ղ գնի, թե՞ տավարի փափկամիս: Հասկացավ, որ իր թոշակը վիճակագրություն չի կարդում։ Անտառի կենդանիներն օրեր անց հարցրին. «Ապեր, երրորդ անգա՞մ խաբվեցիր։ Եթե ծառը պտուղ չի տալիս, անո՞ւնն են փոխում, թե՞ ծառը»: Արջն ասաց. «Չգիտեմ՝ հավատացի՞, թե՞ պարզապես հոգնել էի չհավատալուց»։

Այդ ձմեռ անտառում աղմուկը շատ էր, մեղրը՝ քիչ։ Գայլերն ավելի համարձակ էին դարձել, փեթակները դատարկվել էին, իսկ արջ ապերը հաշվարկում էր՝ ձմեռը հանելուն կհերիքի՞ իր ճարպը, թե՞ պիտի պաշտոնական հաղորդագրություններով սնվի։
Ընտրություններից առաջ խոս­տումներ են տրվում՝ խաղաղություն, անվտանգություն, արժանապատիվ կյանք, տնտեսական աճ, արդարություն։ Ոչ ոք չի ասում, որ արջերը կկորցնեն, իսկ իշխանությունը կշահի։ Բայց տարիներ անց արջն սկսում է հաշվել ոչ թե խոսքերը, այլ՝ արդյունքները։ Եթե սահմանն անապահով է, դրա հետեւանքն առաջինը կրում է սահմանամերձ արջը։ Եթե տնտեսությունը դժվարությունների մեջ է, բեռը կրում է հասարակ արջը։ Եթե արտաքին քաղաքական հաշվարկը չի արդարանում, դրա հետեւանքները զգում է անտառը։

Առակները չեն ծերանում։ Ծերանում են միայն այն արջերը, որոնք ամեն ընտրությունից առաջ հավատում են, թե այս անգամ գյուղացին ուրիշ մարդ է։ Խնկո Ապերն ամենակարեւոր նախազգուշացումն արդեն գրել էր. ոչ միայն լսել «բերքը կկիսենք» խոստումը, այլեւ պարզել ու հասկանալ, թե ինչն է կիսվելու, ով է սահմանելու բաժանման կանոնը եւ ով է կրելու հետեւանքները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image