Վերջերս տեղի ունեցավ «Երկրապահ կամավորականների միության» համագումարը, որի ժամանակ էլ այդ կառույցի ղեկավար ընտրվեց ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը։
Երկար տարիներ ԵԿՄ-ն ղեկավարել է գեներալ Մանվել Գրիգորյանը, որը կալանավորված է անցյալ տարվա հունիսի 19-ից։
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Այժմ հաճախ է հնչում այն մտահոգությունը, որ նորընտիր վարչությունն ու նրա նախագահն էլ չպետք է գնան նախկինի ճանապարհով, ԵԿՄ-ն պետք է վերափոխվի։
ԵԿՄ վարչության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծում է, որ իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության գործում ներդրած տղաների գործունեությունը պետք է ներկայացվի հանրությանը։ Դա պետք է լինի առաջնահերթ խնդիրը։
«Պետք է նրանց գործունեությունը գնահատել, որպեսզի մարդիկ չասեն, որ 20-30 տարի սոված են ապրել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի ղեկավարած ԵԿՄ-ին, ապա Մանվել Եղիազարյանը կարծում է, որ իր խախտումների համար պատասխան է տալիս ինքը՝ Մանվել Գրիգորյանը։ Նա հիշեցնում է, որ ԵԿՄ անդամների ստվար մասը գործել են ընդդիմադիր դաշտում, պայքարել արդարության համար։
Նկատեցինք, որ ԵԿՄ-ն միշտ եղել է գործող իշխանությունների կողքին, եթե Մանվել Գրիգորյանը ՀՀԿ անդամ էր, ապա Սասուն Միքայելյանն էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ո՞րը պետք է լինի ԵԿՄ-ի խնդիրը։
«Պետք է ուշադիր լինենք ազատամարտիկների նկատմամբ, պետությունը պարտավոր է բուժել նրանց վերքերը»,- ասաց Արաբոյի Մանվելը։
ԵԿՄ-ն միշտ միջամտել է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ո՞րն է երաշխիքը, որ այսուհետ ազատամարտիկները ձեռնպահ կմնան ներքաղաքական խնդիրներին խառնվելուց։
«Ինչպե՞ս է խառնվելու, ինչո՞ւ հիմա գուշակություններ անենք։ Ո՞ր մի կառույցը չի խառնվել ներքաղաքական խնդիրներին։ Մամուլն էլ է եղել կա՛մ իշխանության կողքին, գովաբանել է նրան, կա՛մ էլ եղել է ընդդիմություն։ Նույն երկրապահներից ոմանք իշխանություն են եղել, ոմանք էլ՝ ընդդիմություն։ Մենք պետք է այնպես անենք, որ ամեն մեկն ազատ լինի իր ընտրության մեջ, եւ պետությունը ուշադրություն դարձնի այդ տղաներին, նրանց հոգսերի մի մասը գոնե հոգա։ Ինչով կարողանանք, պետք է դրանով էլ օգնենք, որպեսզի մարդիկ իմանան, որ պետությունը կանգնած է իրենց կողքին»,- ասաց Արաբոյի Մանվելը։