2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգական իրողություններից հետո ադրբեջանական կողմի ճնշումները Հայաստանի վրա տասնապատիկ մեծացել են: Նույնը վերաբերում է նաեւ Ադրբեջանի կողմից Հայաստանին տարատեսակ էկոլոգիական հանցագործությունների մեջ մեղադրելուն:
Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում աղաղակում է ոչ միայն այն մասին, որ մեր կողմից կրակոցներ են հնչում, եւ մենք ռեւանշիստական ու նվաճողական քաղաքականություն ենք վարում իր նկատմամբ, այլեւ այն մասին, թե Հայաստանն էկոտեռորիզմ է իրականացնում, եւ Հայաստանում գործող հանքարդյունաբերության պատճառով էկոճգնաժամ է ստեղծվում Հարավային Կովկասում, գետերն են աղտոտվում, մթնոլորտը եւ այլն: Եվ այդ կեղծ քարոզչության ու հակահայկական քաղաքականության համար որպես ապացուցողական բազա, որպես կանոն, օգտագործում են որոշ հայ բնապահպանների կողմից արվող հայտարարություններն այն մասին, որ, օրինակ, հանքարդյունաբերության պատճառով Հայաստանում քաղցկեղը շատ տարածված է: Բացատրությունները, ըստ որոշ բնապահպանների, տարբեր են. օրինակ՝ թունավոր նյութերը խառնվում են ջրին, հետո՝ հողին ու տարատեսակ միջոցներով հասնելով մարդու օրգանիզմ՝ քաղցկեղի ու ոչ քաղցկեղային տարատեսակ հիվանդությունների պատճառ դառնում:
Մենք փորձեցինք հասկանալ, թե տարածված այս տեսակետի հիմքում որն է լեգենդ, որը` իրականություն: «Հրապարակի» հետ զրույցում հիդրոտեխնիկ-ինժեներ, գիտությունների թեկնածու Քնարիկ Հովհաննիսյանն ասաց, որ ոչ մի տեղ չի տեսել մի հետազոտություն, որի հիման վրա կպնդեին, թե քաղցկեղի պատճառը հենց հանքարդյունաբերությունն է:
«Պարզ է, որ ծանր մետաղները վնասակար են թե՛ ուղեղի, թե՛ բնության, թե՛ մարդու օրգանիզմի համար: Ամենատարածված միտքը, որ ասում են՝ քաղցկեղ է առաջանում ծանր մետաղներից, որտե՞ղ կա այդպիսի ուսումնասիրություն, որտե՞ղ է ապացուցված նման բան: Ես գիտեմ, որ անգամ առողջապահության նախարարությունը չի տիրապետում այդպիսի տվյալների, որ հենց այդ պատճառներով քաղցկեղով հիվանդների քանակն ավելացել է: Չկա այդպիսի ստատիստիկա»,- ասաց Հովհաննիսյանը: Այդ տարածվող տեսակետները ոչ թե իրական են, այլ ենթադրություններ են, բայց պնդել, որ հանքարդյունաբերության պատճառով քաղցկեղ կամ որեւէ այլ հիվանդություն է առաջանում, հաստատված չէ: Քաղցկեղի աճ գրանցվել է ամբողջ աշխարհում, ու դրա առաջացման պատճառներն էլ տարբեր են՝ սթրես, սննդակարգ, էկոլոգիայի դերն էլ կա՝ նշում է մեր զրուցակիցը:
«Ասում էին, որ մանկապարտեզի երեխաների մազերի մեջ գտել են ծանր մետաղներ, այնպիսի նյութեր, որ հիմա չեն էլ օգտագործում: Կամ` ինչի՞ց եզրակացրիք, որ դրանք հանքից են արտահոսել: Իմ կարծիքն եմ ասում՝ նման քարոզչություն տանող մարդիկ ստանում են պատվեր եւ վարձատրվում են դրա համար: Ես համոզված եմ դրանում: Եվ պնդում են իրենց այդ սխալ թեզը՝ իրենց ակումբով, իսկ մեր հարեւանները՝ ոչ բարեկամ, դրանից օգտվում են: Գոնե դա գիտակցելով՝ չի կարելի նման պնդումներ անել, նրանք էլ սկսում են բղավել, դրոշակը թափ են տալիս՝ ձեր հանքերը փակեք: Է, հետո՞, իրենք էլ են այդ հանքերն օգտագործում»,- ասաց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական հիստերիային՝ Արաքս գետի աղտոտման մասով, ասաց. «Արաքսը սահմանամերձ գետ է, բայց միայն Ադրբեջանն է բողոքում` ո՛չ Իրանն է բողոքում, ո՛չ էլ Թուրքիան»: Ցավոք, վիճակագրություն հայկական կողմը չունի, մասնագետը նշում է, որ ժամանակին իրենք դիմել են առողջապահության նախարարություն, սակայն ԱՆ-ն նման վիճակագրություն չի ունեցել: Այն, որ թշնամին ամեն ինչ անում է ՀՀ ամենախոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հանքերը փակելու ուղղությամբ, հասկանալի է, սակայն անհասկանալի է այն, որ հենց Հայաստանի ներսից որոշակի շրջանակներ աջակցում են այդ գործընթացին: Իսկ ադրբեջանական կողմի բարձրագոչ մեղադրանքների ու հայտարարությունների, սանձարձակ պահվածքի պատճառն այն է, որ հայկական կողմը վաղուց լավ մասնագետներ չունի: «Արաքս գետի վրա մենք ունենք Խորանի ջրամբարը, մեծ ջրամբար՝ 550 միլիոն խորանարդ մետր, դրա տարեկան հոսքն այդքան է: Դրա 50 տոկոսը մենք ենք օգտագործում, մյուս 50 տոկոսը՝ Թուրքիան, ու կար այդպիսի ավանդույթ՝ մի ամիս մեր հիդրոլոգներն ու քիմիկոսներն են գնացել չափումների, տարատեսակ պարամետրեր են ստուգել՝ քանակ, որակ, իսկ հաջորդ ամիս Թուրքիայի լաբորատորիաներն են այդ ուսումնասիրությունն արել, ու հետո փոխանակել ենք այդ թվերը: Ու քանի որ միշտ տվյալների փոխանակություն կար, մենք վստահ էինք, որ նրանք ճիշտ են՝ չեն խաբում: Հիմա ամեն ինչ շուռ է եկել, հիմա մենք չենք էլ կարող իմանալ: Մեր մոնիթորինգի տվյալներին ես հավատում եմ, ժամանակին իմ լաբորատորիան էլ է արել, կարող է որոշակի թերություններ եղած լինեն, բայց տվյալները մենք գիտենք»,- շեշտում է զրուցակիցս: Այնինչ, եթե լավ մասնագետներ ունենայինք, կկարողանայինք խեղճացնել ադրբեջանցիներին, սակայն հակառակ պատկերն է այսօր, ոչ միայն չեն խեղճացնում թշնամական կողմին, այլեւ չեն էլ հակադարձում: