Այո, ամենավտանգավոր կենդանին կատաղած ոչխարն է: Կասեք՝ ոչխարը չի կատաղում… Ոչ բարեկամներ, կատաղում է, այն էլ ինչպես է կատաղում: Անձամբ ես չեմ տեսել, իհարկե, բայց պապերիցս լսել եմ, որ այդպիսի բան կա և այդ մասին անգամ գեղարվեստական ֆիլմերի սցենարներում է գրված: Օրինակ՝ «Թանկարժեք տղան» ֆիլմի հերոսը հստակ ասում է. «Իսկ դուք գիտե՞ք, թե որն է ամենավտանգավոր կենդանին… Դա կատաղած ոչխարն է, նա պոզահարում է, կծոտում աջուձախ…»: Պապս ասում էր՝ ոչխարը խայտառակ ձևով կատաղում է հատկապես այն պահերին, երբ դանակավոր է տեսնում: Երևի ինչ-որ բան կանխազգում է… Հետո արդեն կատաղած ոչխարի միսը համեղ չի լինում՝ ձիգ ռեզին: Գցում ենք շներին, կամ գայլն է տանում:
Պատահո՞ւմ են, արդյոք ոչխարների զանգվածային կամ խմբակային կատաղության դեպքեր: Կասեք՝ տենց բան, որ ամբողջ հոտը կատաղի, հնարավոր չէ: Ոչ, բարեկամներ, հնարավոր է: Հոտային զգացողությունը ոչխարների մոտ շատ լավ է զարգացած: Պատմում են, որ մի անգամ Ավստրալիայից Անգլիա ոչխար տեղափոխող բեռնանավից մի ոչխար կատաղության պահին թռել է ծովը, և մնացած ինը հազար ինը հարյուր իննսունինը գլուխ ոչխարը հետևել է նրան: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ոչխարներից մեկը նկատել է նավին զուգահեռ լողացող շնաձկանը և կատաղել: Որոշել է անպայման պոզահարել կամ մի ուրիշ բան անել ու թռել է ծովը: Հետևից էլ մնացածը… Տո լի օգնության են շտապել, տո լի հոտի զգացողությունն է նրանց մղել այդ քայլին: Ի վերջո անգլիացի գիտնականները պարզել են, որ 10 հազար գլուխ ոչխարը կարելի էր փրկել, եթե Ավստրալիայի ափերի մոտ լողացող շնաձկները մի քիչ ավելի կիրթ լինեին:
Վերջապես եկեք հիշենք նաև անգլիացի մեծ հումանիստ Թոմաս Մորին և նրա «Ուտոպիա» աշխատությունը, որտեղ կա այսպիսի ֆրազ. «Ոչխարներն այնքան շատակեր են դարձել, որ կերան մարդկանց»: Հումանիստ Մորը ողբերգություն էր ապրում՝ տեսնելով ծնունդ առնող կապիտալիզմի առաջին այլանդակությունները: Հասարակ մարդկանց և գյուղացիներին քշում էին իրենց հողերից, որպեսզի ընդարձակեն անասնապահական ֆերմաների տարածքները, ու հենց այս հանգամանքն էլ ծնունդ է տվել վերը բերված արտահայտությանը, որը ժամանակի հետ պարզեցվել ( ոչխարները կերան մարդկանց) և անգամ կորցրել է իր բուն իմաստը: Բարի եղեք, Google-ի որոնման դաշտում գրեք «ոչխարները կերան մարդկանց» արտահայտությունը և կտեսնեք, թե մերօրյա Հայաստանում ինչ նոր իմաստներ և քաղաքական մեկնաբանություններ ունի այն: Դրա տակ ինչ ասես, որ չի հասկացվում այսօր՝ էլ «անհասկացող ընտրողները կերան հասկացողներին», էլ «դասալիքները դատում են հերոսներին», էլ «կոմերցիան ուտում է տաղանդավորներին», էլ «ոչխարներին բան չասեք, Խոյը (արու ոչխար) մեր տոտեմն ա»… Միով բանիվ այս ամենը Թոմաս Մորի անմեղ արտահայտության զարգացման հետևանք է և, ինչքան էլ չընդունենք, ճշտությամբ արտացոլում է այսօրվա հայկական իրականությունը, որտեղ բոլորը «ուտում են» բոլորին և բոլորը «կատաղած են»: Այսօր ով կատաղած չի՝ հայ չի: Բա Արցախը տվել եք, Ալիևի խոսքով՝ «շների պես փախել կռվի դաշտից», 5 հազար տղու մատաղ արել հանուն ոչնչի, ձեզ հետ խաղաղության թուղթ չեն ստորագրում, ձեր առաջ ամեն օր մի նոր պահանջ են դնում, ձեր վարած արտաքին քաղաքականության վրա նույնիսկ ոտ սրբող չկա, կրթելը դարձել է բռնի, թքելը՝ նորմ, ծեծը՝ ամենօրյա երևույթ, կաշառակերությունը՝ ադաթ, տոտեմը՝ էշի գլուխ: Այսքանից հետո էլ դեռ հիստերիայի մեջ ենք ընկնում, երբ իմանում ենք, որ ԵՄ ենք գնում կոռուպցիայի մի հսկա բեռով, որ հնարավոր չէ թաքցնել տրեխների ու գուլպաների մեջ:
Հ.Գ. Ասում են՝ Ավստրալիայի իշխանությունները ոչխարներ տեղափոխող նավի կապիտանին հերոսի կոչում են տվել զուտ այն բանի համար, որ իրեն չի կորցրել ու ոչխարների հետևից ծովը չի թռել՝ իր հետ տանելով անձնակազմը: