Տնտեսություն

«Հրապարակ»․ Փաշինյանին հարցնեք, կասի՝ մեր անվտանգության երաշխավորը մեզ վառելիք կտա

«Հրապարակ»․ Փաշինյանին հարցնեք, կասի՝ մեր անվտանգության երաշխավորը մեզ վառելիք կտա

Ռուսաստանում վառելիքի ճգնաժամ է: Պատճառն ուկրաինական անօդաչուների հարձակումներն են նավթավերամշակող օբյեկտների վրա, ինչը երկրով մեկ բենզինի դեֆիցիտ է առաջացրել: ՌԴ 26 ռեգիոնում արդեն վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցրել: Դիզվառելիքի հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարվոք է, սակայն այն օրեցօր թանկանում է: Վերջին շաբաթվա ընթացքում դիզվառելիքի գինը Ռուսաստանում աճել է 2,7 տոկոսով, ապրիլից՝ 42 տոկոսով, փետրվարի համեմատ` կրկնակի: Ռուսական գյուղմթերքի գներն են բավականին բարձրացել:

Հունիսի 28-ին ՌԴ նախագահը հայտարարել է, որ սպառողի պաշտպանության համար Ռուսաստանը մտցրել է բենզինի եւ ավիակերոսինի արտահանման լիակատար արգելք, իսկ դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը քննարկվում է:

Հայաստանի համար արգելքը վաղուց է գործում, թեեւ մինչ օրս այն չէր տարածվում ԵԱՏՄ երկրների վրա: Ըստ ՌԴ կառավարության որոշումների, արտահանման արգելքներ են դրված միայն բենզինի եւ ավիակերոսինի վրա: Դիզվառելիքի վերաբերյալ ՌԴ կառավարությունը դեռեւս որոշում չունի: Սակայն ավիակերոսինի եւ բենզինի դեպքում էլ արտահանման արգելքը չի տարածվում միջկառավարական պայմանագրերով նախատեսված մատակարարումների վրա, այսինքն՝ ԵԱՏՄ երկրների:

Ինչեւէ, Հայաստան դիզվառելիքի մուտքը թեեւ ամբողջությամբ չի փակվել, բայց կրճատվել է: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ գործող էներգետիկ հաշվեկշռով տարեկան նախատեսված է 175 000 տոննա անմաքս դիզվառելիք, որը եթե բաժանում ենք 12 ամսվա, ստանում ենք ամսական մոտ 14 500 տոննա ռուսական դիզվառելիք: Մինչդեռ այսօր փաստացի Հայաստան է հասնում ամսական ընդամենը 4-5 հազար տոննա:

Եթե արգելքը դեռեւս չի տարածվում ԵԱՏՄ երկրների վրա, ապա ինչո՞ւ է Հայաստանի համար բացառություն արվում, ինչո՞ւ են ՌԴ-ից ներկրվող դիզվառելիքի ծավալները շեշտակի նվազել եւ դարձել անկանոն: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այս հարցի պատասխանը չունեն, բայց որպես հարցի լուծում՝ այլընտրանքային երկիր են գտել՝ Ադրբեջանը: Նախարար Գեւորգ Պապոյանը հունիսի 29-ին լրագրողներին ասել է, որ դիզվառելիքի դեֆիցիտ Հայաստանում չկա ` մենք դիվերսիֆիկացրել ենք մեր ներմուծման շղթան։ «Երբ իրանական ճգնաժամն առաջացավ, եւ աշխարհում բենզինի գները կրկնապատկվեցին, Հայաստանում աճն ընդամենը 5-10% էր, որովհետեւ սկսել էինք ներմուծել մի երկրից, որից մինչ այդ չէինք ներմուծում»,- ասաց նա՝ հաստատապես նկատի ունենալով Ադրբեջանը:
Թե ինչ կատաստրոֆիկ հետեւանքներ է ունենալու ռուսական դիզվառելիքի ծավալների կրճատումը մեր գյուղատնտեսության վրա, որն առանց այն էլ հազիվ է շնչում, պատկերացնել կարելի է: «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը, որը գյուղմեքենաների մասնագետ է, պատմում է, որ վերջերս գնացել է Վրաստան եւ դաշտերում աջուձախ բազմազան նոր գյուղտեխնիկա է տեսել ու հիացել: Պատմում է. «Եվրամիությունը ծրագրեր է արել ու լիքը գյուղտեխնիկա է տվել Վրաստանին, գնացեք մեր դաշտեր` սովետական հնամաշ տեխնիկան է հիմնականում: Էն հին կոմբայնը, որ էն կողմից գալիս է, ես վախենում եմ, մտածում եմ՝ հիմա կքանդվի, կպոկվի, ինքս լինելով գյուղմեքենաների մասնագետ: Բայց հիմա եթե դիզվառելիքը չլինի, էս խղճուկ, հին գյուղմեքենաները, որոնք չունեն մանեւրականություն, դրանք էլ են կանգնելու»:

Նա մանրամասն ներկայացնում է հողագործության փուլերը: «Դաշտը վարում են: Ջերմոցը չեմ ասում, փոքր բաները, մեծ, հսկայական հողատարածքները, օրինակ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի տակ, սկզբում վարում են, դրա համար տրակտոր է պետք, տրակտորից էլ գութանն են կախում ու վարում: Դրանից հետո հողը լրացուցիչ փխրեցնում, շուռ են տալիս, այսինքն՝ լրացուցիչ մշակում են: Եթե վարի խորությունը 25-35 սմ է, ուրեմն 8-14 սմ խորությամբ այդ գործողություններն արվում են, կուլտիվատոր է պետք, երեսվարիչ, ցաքան, տարբեր տեսակի մեքենաներ: Դրանք էլի կցում են տրակտորին: Հետո ցանք են անում, շարքացանն են կցում տրակտորին, գնում է: Տրակտորը պետք է աշխատի, դրանից հետո կոմբայնը նույնպես դիզվառելիքով պետք է աշխատի: Որ չլինի, այս ամենը կկանգնի»:

Իսկ ի՞նչ ենք անելու։ Սեդրակյանը հարցին հարցով է պատասխանում. «Որ գազը թանկացավ, ի՞նչ ենք անելու: Ես էս ժողովրդին չեմ հասկանում: Ռուսաստանը, եթե ինձ հարցնեք, աղքատ, կոռումպացված, բռնապետական երկիր է, բայց էդ մասին թող մտածեն ռուսները: Սրա կողքին ես համարում եմ, որ Հայաստանի համար նա կարող է լինել անվտանգության երաշխավոր»: Հիմա եթե Ռուսաստանը չի թողնում, որ էլ դիզվառելիք բերենք, ի՞նչ ենք անելու: «Փաշինյանին հարցրեք, կասի՝ մեր անվտանգության երաշխավորը մեզ կտա վառելիք, այդպես կպատասխանի»: Էկոնոմիկայի նախարարն ասում է, որ մենք ուրիշ երկրից ենք բերում վառելիքը: «Իսկ այդ ուրիշ երկիրն Ադրբեջանն է, որը հանդիսանում է մեր անվտանգության երաշխավորը: Ասում եմ, չէ՞, աբսուրդի գագաթնակետը»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, կանխատեսելով դիզվառելիքի դեֆիցիտի աղետալի հետեւանքները գյուղատնտեսության վրա, հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ Հայաստանը ռազմավարական նշանակության ապրանքների պահեստարաններ չունի: «Սա շատ նման է այն իրավիճակին, որ դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին ասում են՝ անսպասելի ձյուն եկավ, բա ո՞նց անենք: Նման ճգնաժամային իրավիճակները միանգամից չեն հասունանում, եւ դրանց պետք է պատրաստվել, բայց, որքան ինձ հայտնի է, պետական պահեստարանները չեն ավելացվել: Նույնը վերաբերում է ե՛ւ հեղուկ գազին, ե՛ւ դիզվառելիքին, ե՛ւ ցորենի պաշարների կուտակմանը: Մեր իրավիճակում գտնվող պետությունը չպետք է հույսը դնի կայուն զարգացման վրա, որ ամեն ինչ հարթ կընթանա: Այս խնդիրը պետք է դրվի ու գոնե աստիճանաբար լուծվի, եւ սա նույնն է, որ մենք պետական բյուջեում ամեն տարի տարբեր ծախսեր ենք դնում, բայց կապիտալ ծախսերի վրա ուշադրություն չենք դարձնում, իսկ առանց դրանց լավ գիտեք, որ հեռանկարային զարգացում չի լինելու»: Ի՞նչ կլինի, եթե Պուտինը եւ ՌԴ նախարարները փակեն դիզվառելիքի մուտքը նաեւ ԵԱՏՄ երկրներ, մեզ մոտ ի՞նչ է լինելու` բերքը մնալու է դաշտերո՞ւմ:

«Խնդիրն արդեն ոչ թե պետության վերաբերմունքն է, որն այլեւս տրամաբանության մեջ չի տեղավորվում, այլ բոլորիս հանդուրժողականությունն է, ես այդ հանդուրժողականության վրա եմ զարմանում: Հարկատուների պահանջկոտությունը պետք է ավելի բարձր մակարդակի լինի, ոչ թե ժամանակ առ ժամանակ սպասենք, որ գյուղացուն էսինչ կամ էնինչ հարցով սուբսիդավորում կլինի՞, թե՞ չէ, առանձին ծրագիր կլինի՞, թե՞ չէ»,- պատասխանում է տնտեսագետը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image