Վերլուծություն

Նույնն է, որ քաղցկեղով հիվանդը բոթաս գնի ու ասեն՝ դա ապաքինվելու նշան է

Նույնն է, որ քաղցկեղով հիվանդը բոթաս գնի ու ասեն՝ դա ապաքինվելու նշան է

Բայց չեմ դադարում զարմանալ Փաշինյանի և իր թիմի ուղղակի ֆանտաստիկ ունակության վրա՝ իրենց ամբարտավան, ազգակործան, հակապետական, հակահայկական բոլոր ձախողումները ներկայացնել որպես «հաղթանակ»։ Իրականում աշխարհում չկա այլ կառավարություն, որն իր ժողովրդին և պետությանը պարբերաբար «տրաքացնի» ու դրանից ոչ թե նեղվի կամ գոնե ամաչի (չնայած սրանք ուր, ամոթն՝ ուր), այլ հպարտանա և մարդկանց գժի տեղ դնելով պնդի, թե իրենք «թույն» պետականամետ կառավարիչներ են։
Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, որ նրանք, ովքեր իրենց մեղադրում են «միջանցք» տրամադրելու մեջ թուրք-ադրբեջանական տանդեմին, կանգնած են «ֆիասկոյի» առջև, և TRIPP-ը շուտով կգործի, իսկ առհասարակ Սյունիքում տան գները բարձրանում են։
Չգիտես՝ ծիծաղես այս ամենի վրա, թե լացես, բայց զավեշտալին այն է, որ Փաշինյանի պնդման մեջ ամեն ինչ ուղիղ՝ 180 աստիճան հակառակն է։

Ի՞նչ է, ըստ էության, TRIPP-ը։

Դա Հայաստանի ինքնիշխանությունը գետնին հավասարեցնող Զանգեզուրի միջանցքն է, որը պարզապես փաթեթավորել են ամերիկյան գույնզգույն լենտերով և հիմա մարդկանց ապուշի տեղ դնելով հեքիաթներ են պատմում, իբր միջանցք չենք տվել։
Ժողովուրդ ջան, Փաշինյանը մեզ բոլորիս ուղիղ և անկաշկանդ խաբում է, քանի որ Հայաստանի տարածք մուտք գործող ադրբեջանցիների անձնագրերին և բեռների փաստաթղթերին հայկական սահմանապահներն ու մաքսային ծառայության աշխատակիցները չեն ունենալու առաջնային հասանելիություն։ Ընդգծում են՝ ԱՌԱՋՆԱՅԻՆ ! Այսինքն՝ համաձայն Ալիևի պահանջի, ադրբեջանական բեռները և դրանց քաղաքացիները ուղիղ առնչություն չեն ունենալու հայկական պետական ծառայությունների աշխատակիցների հետ։ Լավագույն դեպքում այդ տեղեկությունը Հայաստանը ստանալու է միջնորդավորված եղանակով՝ այսպես կոչված front office և back office համակարգերի միջոցով։

Իսկ դա նշանակում է, որ ադրբեջանցիների ելումուտը հայկական կողմը իրավունք չի ունենալու ուղիղ, առանց միջնորդի վերահսկելու։ Այսինքն՝ Փաշինյանը տրամադրել է հայկական ուղիղ վերահսկողությունից դուրս լոգիստիկ ուղի, ինչը, իր հերթին, նշանակում է ՄԻՋԱՆՑՔ։

Կարո՞ղ է սրանք իրականում համոզված են, որ մենք լրիվ ապուշացել ենք իրենց պրոպագանդայից և չենք տարբերում ինքնիշխան ճանապարհը միջանցքից։

Հա, մեկ էլ մի բան․ երբ Փաշինյանն ասում է, որ Սյունիքում տան գները բարձրացել են, և դա նշանակում է, որ ամեն ինչ լավ է, ապա դա նման է մի իրավիճակի, երբ քաղցկեղով հիվանդն իրեն նոր «բոթաս» է գնել, և դա նշան է, որ նա ապաքինվել է։
Այսինքն՝ սա կատարյալ, կոշտ և շատ պրիմիտիվ մանիպուլյացիայի դրսևորում է, որը, սակայն, ճշմարտությունը չի հերքում։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է․ Նիկոլ Փաշինյանը ամերիկացիների ձեռքերով Ադրբեջանին է հանձնել Զանգեզուրի միջանցքը և փորձում է դա ներկայացնել որպես «հաղթանակ»։ Սակայն չգիտեմ, գուցե ինքը նկատի ունի ադրբեջանցիների և ամերիկացիների հաղթանա՞կը Հայաստանի նկատմամբ։ Եթե հենց դա նկատի ունի, ապա այո՛, սա «հաղթանակ» է Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image