Հասարակություն

Միգուցե լեզվի սայթաքո՞ւմ է եղել․ փաստաբանը Մարտի 1-ի գործի մասին

Միգուցե լեզվի սայթաքո՞ւմ է եղել․ փաստաբանը Մարտի 1-ի գործի մասին

Մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Ալումյանին Hraparak.am-ը հիշեցրեց օրերս Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանի այն խոսքերը, որ արդար վճիռներ չկայացնող դատավորները կախված են 10-20 հազար ԱՄՆ դոլարներից, իրենց կեղտոտ անցյալից։

Հիշեցրինք նաեւ, որ դատավորների մեծ մասը նշանակվել են նախկին իշխանությունների օրոք, եւ նրանց հետ էլ կապված են տարատեսակ պարտավորություններով։
«Նախ՝ ոչ բոլոր դատավորներն են ենթարկվողի կարգավիճակում։ Կան դատավորներ, որոնք պատրաստ են ենթարկվել ամենավատ հետապնդումների, բայց իրենց մասնագիտական պարտականություններին հակասող քայլ չանել»,- ասաց փաստաբանը։ Հետո նա անդրադարձավ ճկուն ողնաշար ունեցող եւ հարմարվող դատավորներին։ Ըստ նրա՝ այդ դատավորները կախման մեջ են ոչ թե այն իշխանություններից, որոնք իրենց նշանակել են, այլ տվյալ պահի գործող իշխանությունից, որը կարող է փորփրել տվյալ դատավորի անցյալը եւ մեկ քրեական գործ նախաձեռնել այդ դատավորի նկատմամբ։  

Լրագրողներն այսօր Հայկ Ալումյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք համարում է, որ Մարտի 1-ը բացահայտված է։
«Ես չեմ համարում, որ Մարտի 1-ի գործը ողջ ծավալով բացահայտված է։ Ո՞նց կարելի է խոսել այն մասին, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, երբ գոնե մեկ սպանվածին սպանողը բացահայտված չէ, բացահայտված չէ նրան հրաման տվողը եւ այդ հրաման տվողին հրաման տվողը։ Հավանաբար պարոն Փաշինյանը ելնում է այն կանխավարկածից, որ բոլոր սպանվածները սպանվել են իշխանությունների անունից գործող ուժերի կողմից։ Բայց դա ինձ համար շատ մեծ հարց է։ Շատ մեծ հարց է, որ անգամ ցուցարարների մեջի զոհերը արդյոք իշխանական ուժերի կողմից են սպանվել։ Մինչեւ 10 հոգուն սպանողները չեն հայտնաբերվել, պետք չէ ասել, այդ գործը բացահայտված է։ Միգուցե դա լեզվի սայթաքում է եղել»,- ասաց փաստաբանը։ 
Անդրադառնալով Մարտի 1-ին կրակած զենքերի փոխած պարկուճների մասին հարցին՝ Ալումյանն ասաց, որ Նիկոլ  Փաշինյանն այդ մասին հայտարարել է այն ժամանակ, երբ չգիտեր, որ պարկուճները փոխված են եղել։ 

«Եթե պարոն Փաշինյանը նկատի ունի, որ պարկուճները փոխվելու արդյունքում հնարավոր չէ այդ գործը բացահայտել, ինքը չպետք է ասի, որ քրեական գործը բացահայտված է։ Երրորդը՝ մեր իրավապահ մարմինները սպանություններ բացահայտելու հսկայական փորձ ունեն, երբ ունեն ոչ միայն պարկուճ, այլ ընդհանրապես ոչ մի ապացույց տեղում չի հայտնաբերվել։ Այնպես չէ, որ հրազենային սպանությունը կարելի է բացահայտել միայն այն դեպքում, երբ պարկուճը կա, իսկ չլինելու դեպքում հնարավոր չէ բացահայտել»,- նշեց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ծանո՞թ է Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ իրեն ուղղված նամակին։ 
Փաստաբանն արձագանքեց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում այն տպավորությունը չի ստացել, որ նա ծանոթ է իրեն ուղղված նամակին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image