Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը, որը թեեւ վերջին տարիներին ապրում է Ստրասբուրգում, ուշի-ուշով հետեւում է Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներին։
Այս օրերին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ, իսկ հունիսի 18-ին էլ ԱԺ-ում նախատեսված է նրա քվեարկությունը ՍԴ դատավորի պաշտոնում։
Քանի որ Վահե Գրիգորյանն առավել հայտնի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հյուսիսային պողոտայի տուժած քաղաքացիների, իսկ այնուհետեւ Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների իրավունքները պաշտպանելով, Գեւորգ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը։
«Ես Վահե Գրիգորյանին տարիներ առաջ դիմել եմ ՄԻԵԴ-ում իմ հայցով զբաղվելու համար, սակայն նա դրանով չի զբաղվել։ Եվ ես որոշեցի, որ երբեք իմ գործերով իրեն չեմ դիմի»,- մեզ հետ զրույցում ասաց Գեւորգ Մանուկյանը։
Հետաքրքրվեցինք, թե ինչու է Վահե Գրիգորյանը հրաժարվել ՄԻԵԴ-ում պաշտպանել նախկին քաղբանտարկյալի իրավունքները, ինչ է պատճառաբանել։
«Ես մոտ հինգ տարի առաջ իրեն հանդիպել եմ Ստրասբուրգում, տրամվայում։ Ինքն իր կնոջ հետ էր կարծեմ։ Ես նախ ներկայացա, թե ով եմ, հետո իրեն պատմեցի իմ գործերի մասին, ասացի, որ Հայաստանից ինձ ասում են, որ իմ գանգատն ուղարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հետո ասացի, որ ՄԻԵԴ-ից ինձ ապացուցել են, որ իմ գործը չեն ուղարկել։ Ես իրեն անուններ տվեցի, թե ով է զբաղվել իմ գործով, անունները լսելուց հետո ինքն ընդամենը լռեց։ Այդ օրվանից որոշեցի, որ իրեն ոչ մի հարցով չեմ դիմելու։ Սակայն դա կապ չունի նրա՝ ՍԴ դատավոր կամ ՍԴ նախագահ դառնալու հետ։ ՍԴ նախագահի ամենալավ թեկնածուն ինձ համար Վահե Գրիգորյանն է»,- նշեց Գեւորգ Մանուկյանը։
Գեւորգ Մանուկյանը չցանկացավ բացահայտել, թե հատկապես ում անունները լսելուց հետո է լռել Վահե Գրիգրոյանը։
Հիշեցնենք, որ այսօր Վահե Գրիգորյանը, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր․ «Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, կոնկրետ քաղաքական մեծամասնության մեջ եղած մարդկանցից, ես իրենց հետ խաշ-խորովածի, քյաբաբների սեղանների վրա չեմ ծանոթացել: Երբ ես իրենց հետ ծանոթացել եմ, իրենք որեւէ պետական դիրք չեն ունեցել: Ես շատ մարդկանց հետ եմ աշխատել, ես այդ մարդկանց հետ բանտերում եմ ծանոթացել: Ես եմ բանտում եղել, իրենք են զբաղվել այդ գործերով, իրենք են եղել՝ ես եմ զբաղվել այդ գործերով: Երբ մենք իրար հետ ծանոթ ենք եղել, ոչ մի նման իրավիճակի մասին նույնիսկ պատկերացում չունեինք: Իմ՝ իրենց հետ եղած շփումը եղել է բացառապես այդ հողի վրա: Հիմա շատ նորմալ բան է, երբ մարդը վստահում է իր ճանաչած մարդուն: Հակառակն է անտրամաբանական»։