Քաղաքականություն

Գյումրիում փոս փորողին դնենք փոսը

Գյումրիում փոս փորողին դնենք փոսը

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Գյումրիում, Հայաստանի ու հայ մարդու անտեր վիճակի ամենավառ արտահայտությունն է: Ազգային քաղաքական ուժեր, Երեւանում իրար ուտելու փոխարեն գնացեք Գյումրի: Այնտեղ պատրաստվում են մեր երկրի երկրորդ դարպասը բացել թշնամու առաջ: Օ՜, ոչ, ես գույները չեմ խտացնում… Գյումրիում քաղաքապետական ընտրություններ չէ, որ սրանք ուզում են անցկացնել: Այնտեղ այսօր մեծ դավադրություն է պատրաստվում: Գյումրիում հենց այս պահին փորվում է Հայաստանի գերեզմանափոսը: Գնանք՝ չթողնենք…
Ազգային քաղաքական ուժեր

Մենք ինքնասիրություն ունե՞նք, թե՞ ոչ: Մենք այս ազգի զավա՞կն ենք, թե՞ ոչ: Մենք հա՞յ ենք, թե՞ ոչ: Եթե մենք ազգային ուժեր ենք, ապա ո՞րն է մեր առաջնահերթ խնդիրը: Ուրեմն ինչո՞ւ ենք այդ խնդիրը մի կողմ դրել ու գզվռտոց գցել մեր մեջ: Յոթ տարի գզվռտեցիք՝ չհոգնեցի՞ք: Յոթ տարի շարունակ նույն հարցն եք դնում-վերցնում՝ ո՞վ բերեց Նիկոլին: Տո Նիկոլ բերողի հերն էլ անիծած: Ի՞նչ նշանակություն ունի, թե ով բերեց Նիկոլին: Փաստն այն չէ՞, որ Նիկոլն արդեն յոթ տարի Հայաստանի վարչապետ է: Դուք ավելի լավ է մտածեք, թե ինչու յոթ տարում, որ քիչ ժամանակ չէ, չկարողացաք ազատվել այս կոշմարից: Մրցավարն արդեն մինչեւ յոթը հաշվել է, ինչի՞ ենք սպասում՝ ո՞ւթ, ի՞նը, տա՞սը… Նոկդաո՞ւն: Պետք է ոտքի կանգնել: Իսկ այն, ինչ այսօր կա որպես իրողություն, դանդաղ մեռնելն է: Թե բա՝ ով բերեց Նիկոլին… Որ մեռնենք, այդ հարցի պատասխանն էլ չենք ունենալու:

Ես շատ եմ հարգում Բագրատ սրբազանին եւ նրա գլխավորած Սրբազան շարժումը: Այդ շարժումը, սակայն, կիսատ մնաց մեկ պատճառով: Միավորման կոչերի հետեւից ընկած՝ Սրբազանը չասաց ամենակարեւորը՝ որ արդեն հասել ենք սեւի եւ սպիտակի բաժանարար գծին՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք: Հանուն Եռագույնի… Ոչ, սրբազան հայր: Նախ՝ Հայաստան, նախ՝ հայրենիք, նախ՝ հայ ժողովուրդ… Եռագույնը հետո էլ կպարզեինք: Սրբազան շարժումից առաջ երկու շարժում էինք արդեն տապալել: Չհասկացա՞նք՝ ում հետ գործ ունենք: Ու դեռ գզվռտում ենք՝ ով բերեց Նիկոլին:
Ազգային քաղաքական ուժեր, Գյումրիում այսօր կա այդ հարցի պատասխանը: Գյումրիում փորվում է Հայաստանի գերեզմանափոսը: Գնացեք Գյումրի եւ տեսեք՝ ովքեր են փորում այն: Գնացեք Գյումրի եւ կտեսնեք թե՛ Նիկոլին եւ թե՛ նրան բերող լնգուլվազին: Գերեզմանափորների անունները չտամ: Հատ-հատ անունները ձեզ ոչինչ չեն ասի: Վտանգավորը գայլի բոլուկն է, ոչ թե, ասենք՝ երրորդ շարքի ձախից երկրորդ գայլը: Գյումրիում ոհմակն իրեն «Եվրադաշինք» է անվանել ու գործում է, ինչպես հատուկ է ոհմակին: Ոհմակն ազգային ուժերին աղբ է անվանում, սոված է եւ կատաղի: Ազգային քաղաքական ուժեր, ի՞նչ եք առաջարկում այս իրավիճակում: Եթե տեղեկացվածության պակաս ունեք, սիրով կլրացնեմ: Ոհմակն իրեն Նիկոլի ու ՔՊ-ի այլընտրանք է հռչակել: Սա է՞լ ձեզ ոչինչ չի ասում: Իզուր: Վաղը նույնը կատարվելու է համահայաստանյան ընտրությունների ժամանակ, եթե Գյումրիում այսօր եւեթ վերջ չտրվի այս խայտառակությանը:

Ասում ենք՝ 18 թվին ռուսները դավաճանեցին, Կարսը տվինք, հայան-բույուն… Վաղն ի՞նչ ենք ասելու, ինչպե՞ս հանձնեցինք Գյումրին: Հավանաբար, կհայտնվի մի հիմար պատմաբան ու կգրի, որ եթե 102-րդ ռազմաբազան ռուսները չհանեին, մենք Գյումրին կկարողանայինք պահել: Այն ժամանակ ո՛չ Նիկոլին կհիշեն, ո՛չ ՔՊ-ին, ո՛չ էլ մանավանդ՝ «Եվրադաշինք» կոչված աղբին, որ այսօր Գյումրիում Հայաստանի գերեզմանն է փորում: Մարդիկ ազգային քաղաքական ուժերին կհիշեն ու կտան ճակատագրական հարցը՝ իսկ դուք ինչո՞վ էիք զբաղված, երբ Գյումրին ու Հայաստանը ձեր կարիքն ունեին: Կարո՞ղ եք ասել, որ այդ օրերին դուք գզվռտոցի մեջ էիք, ուզում էիք պարզել, թե ով բերեց Նիկոլին…

Ելեք, ելեք՝ Գյումրին պահենք… Զրո ձայն «Եվրադաշինք» ոհմակին, զրո ձայն Նիկոլի խիյար թիմին, իրենց փորած փոսում իրենք պետք է թաղվեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image