Քաղաքագետ Սարո Սարոյանը 11 տարի անց տեղի ունեցած Մարտի 1-ի երթից բացի կարեւորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
«Ուղերձը ունի շատ մեծ քաղաքական նշանակություն, եւ բոլորը հասկանում են, որ, ըստ էության, պետությունը առաջին անգամ քաղաքական պատասխանատվություն է ստանձնում։ Մինչեւ հիմա քաղաքականությունը կառուցվել է անձերի շուրջ, ամեն ղեկավար իր անձով է պայմանավորել պետական կառավարման համակարգը, պետությունը։ Առաջին անգամ պետության ղեկավարը հանդես է գալիս պետության անունից, եւ դա շատ ավելի կարեւոր երեւույթ է»,- մեզ հետ զրույցում ասաց Սարո Սարոյանը։
Նկատեցինք, որ տարիներ անց էլ կան քաղաքական ուժեր, շրջանակներ, որոնք հայտարարում են, թե պետք չէ քաղաքականացնել Մարտի 1-ը, ողբերգական իրադարձությունների համար մեղադրում են նաեւ ընդդիմությանը։
«Որքա՞ն կարելի է քաղաքականացնել-չքաղաքականացնելու մասին դիսկուրսն անընդհատ շրջանառել։ Գիտեմ, թե ովքեր են այդ դիսկուրսը շրջանառում քաղաքական դաշտում։ Զարմանում եմ, որ իրական քաղաքականության մեջ ներգրավված մարդիկ այդ թեզը պարբերաբար շրջանառում են։
Անհասկանալի է, որ այդքանից հետո կարելի է խոսել Մարտի 1-ը քաղաքականացնելու կամ չքաղաքականացնելու մասին։ Երկրում համապետական նշանակության խնդիրներ են լինում, եւ դրանք քաղաքակա՞ն չեն։ Այդ մարդիկ երեւի չգիտեն, թե ինչպես ձերբազատվեն, այդ հարցն են մեջտեղ բերում։ Որքան էլ փորձեն չքաղաքականցնել, Մարտի 1-ը քաղաքական է, եւ այդ քաղաքական գնահատականներն էլ, փառք Աստծո, տրվեցին 11 տարի անց»,- նշեց Սարո Սարոյանը։