Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ օգոստոսի 22-ից մեկնարկում է «Սթրիթ արտ 2025» փառատոնը։ Փառատոնի շրջանակում ՆՓԱԿ-ը, համագործակցելով ՆԼԼ (NLL) եւ Արտիստիկ Ռեզո (Artistik Rezo) կազմակերպությունների հետ, ներկայացնում է «Փարիզ-Երեւան․ սթրիթ արտ» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական հեղինակների 25 բնօրինակ աշխատանքներ՝ ստեղծված արվեստանոցում, ինչպես նաեւ՝ երեք հայ արվեստագետների կողմից տեղում արված (in situ) աշխատանքներ։
4 ամիս շարունակ ՆՓԱԿ-ում կցուցադրվեն աշխարհահռչակ արվեստագետների՝ Բենքսիի, Բոյի, Կլեի, Դրանի, Էվազե՛Սիրի, Ժակ Վիլլեգլեի, Ժոնկի եւ այլոց ստեղծագործությունները:
Փառատոնը ներառում է նաեւ մի շարք կրթական եւ հանրային միջոցառումներ, այդ թվում՝ Ապարան քաղաքում մեծածավալ որմնանկարի ստեղծումը: Միջոցառումների նպատակն է՝ խթանել համայնքային ներգրավվածությունը, խրախուսել ստեղծագործական փոխանակումը եւ առաջարկել նոր հեռանկարներ Հայաստանի քաղաքային միջավայրի վերաբերյալ։